Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սահմանադրական կարգի տապալման գործի քննությունն էր: Հիշեցնենք, որ գործով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գեւորգյանը:
Մինչ նիստը սկսելը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ ՍԴ-ն հուլիսի 7-ին Քոչարյանի գործով նիստ է նշանակել, ԱԺ-ն էլ երեկ ՍԴ կազմի հետ կապված օրենսդրական նախագիծ ընդունեց, ի՞նչ ազդեցություն կունենա դա դատական գործընթացի վրա՝ պատասխանեց. «ՍԴ-ի որոշումը միանշանակորեն կարող է ազդեցություն ունենալ այս դատական գործընթացի վրա: Ինչ վերաբերում է այս իրավիճակին, ապա իմ խորին համոզմամբ այս ամբողջը ձեռնարկվել է զուտ մի նպատակով, որպեսզի թույլ չտալ, որ ՍԴ-ն այդ հայտնի գործով կայացնի իր որոշումը»: Ճշտեցին՝ այսինքն, Քոչարյանի համա՞ր է այս ամբողջն արվում, Ալումյանը պատասխանեց. «Այդ գործով, գիտեք, ՍԴ-ն քննում է ե՛ւ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը, ե՛ւ պարոն Քոչարյանի դիմումը՝ կապված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ: Հիմա ամեն ինչ արվում է ու նոր չի դա սկսվել, որպեսզի մինչեւ այդ գործով վերջնական որոշում կայացվելը ՍԴ-ն որպես այդպիսին գոյություն չունենա»:
Հարցին՝ դուք գտնում եք, որ ՍԴ-ն արդեն հուլիսի 7-ին կլինի այն կարգավիճակում, որ չի՞ հասցնի որոշել՝ Ալումյանը պատասխանեց, որ ամեն ինչ արվում է, որ դա լինի այդպես. «Կստացվի թե չի ստացվի՝ մեկ այլ հարց է: Այնտեղ կան խնդիրներ, թե ՍԴ քանի անդամ պետք է զրկվի իր պաշտոնից: Նաեւ դա է վիճելի հարց՝ 3, թե՞ այլ: Ու պարզ չի, թե ՍԴ մյուս անդամները հետո իրենց ոնց կպահեն: Մի բան կա, որ ոչ մեկի համար գաղտնիք չի, բոլորի համար այդ ամեն ինչը տեսանելի է, մի քրեական գործով մի հոգու ամեն գնով պատասխանատվության ենթարկելու նպատակով պետական ինստիտուտների նկատմամբ այսպիսի ոտնձգություններ են տեղի ունենում»:
Aravot.am-ը հարցրեց՝ իշխանական պատգամավորները անընդհատ քննադատում են, որ դուք արհեստականորեն ձգձգում եք դատական նիստերը, որ այն չմտնի ապացույցների հետազոտման փուլ, կա՞ նման խնդիր՝ Ալումյանը պատասխանեց. «Մե՞ր կողմից: Այս գործի բոլոր նյութերն ազատ շրջանառվում են եւ այնպիսի մի բան չկա, որ մենք ցանկություն ունենանք թաքցնել: Հետաքրքրված ցանկացած մարդ քրեական գործի ցանկացած նյութ կարող է գտնել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ