Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ծառուկյանի և Քոչարյանի գործերը դատաիրավական համակարգի փլուզումն աղաղակող առաջին ձնծաղիկներն են

Հունիս 23,2020 16:34

Կգա այն օրը, երբ իշխանությունը կհասկանա, որ իրավաբանությունը մասնագիտություն է, որտեղ բավական չէ միայն օրենքներն անգիր իմանալ, անհրաժեշտ է մասնագիտական փորձ, որը ձեռք է բերվում տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, ուստի սա է այն դամոկլյան սուրը, որ հեղափոխականները կախել են իրենց գլխի վերևում և հակակոռուպցիոն անարդյունավետ պայքար են մղում նախկինների դեմ:

Ծանոթ չլինելով դատաիրավական համակարգի ներքին խոհանոցին՝ ներկայիս իշխանը կարծում է, որ բավական է յուրայինին նշանակել որևէ ուժային կառույցում ղեկավար և իր ցանկությունները կիրականանան կախարդական փայտիկը թափահարելու արդյունքում, մոռանալով, որ այդ փայտիկը գործածման հրահանգ ունի, որի մասին իր նշանակած կադրերը տեղեկացված չեն: Հիշեցնեմ՝ լավ կարթ ունենալը դեռ գրավական չէ, որ դու ձուկ կարող ես որսալ, անհրաժեշտ է նաև հմուտ ձկնորս: Ուստի մի զարմացեք, որ Քոչարյանը և Ծառուկյանը հայտնվեցին ազատության մեջ, իսկ մի մասն էլ լքեց Հայաստանը, դա միանգամայն օրինական էր և օրինաչափ, որքան էլ ոմանց զարհուրելի թվան այդ փաստերը:

Ներկայիս իշխանավորները նման են այն վարպետներին, ովքեր մեքենան վերանորոգումից հետո վերադարձնում են ավելի վատ վիճակում, քան ստացել էին, ասել է թե՝ ունքը սարքելու փոխարեն աչքն էլ են հանում: Բացի այդ, փոխելով նախաքննության մարմինների ղեկավարներին, ոստիկանության և ԱԱԾ-ը պետերին և ստանալով գլխավոր դատախազի հավատարմության երդումը, հեղափոխականները որոշեցին, որ այս համակարգերում ամեն բան ինքնըստինքյան կկարգավորվի և անցան առաջ, թույլ տալով ճակատագրական սխալ, և հուսամ շուտով կհասկանան, որ ծառացած խնդիրները թաքնված չեն միայն դատական համակարգում: Դրանք հետևանք են ապաշնորհ մոտեցումների և անզոր են ինչ-որ բան փոխել դատաիրավական համակարգում: Դատական օրենսգիրքը, ոստիկանական բարեփոխումները, քրեական ենթամշակույթի դեմ ընդունված օրենքը, հակակոռուպցիոն ռազմավարության նոր նախագծերը և այդպես շարունակ, որևէ արդյունք չեն տալու, քանզի մշակվել են խոհանոցից անտեղյակ երեխաների կողմից և կոչված են պայքարել ոչ թե մանկիկների, այլ փորձված և դատաիրավական համակարգից քաջատեղյակ լուրջ դեմքերի դեմ պայքարելու համար:

Ժողովրդական լեզվով ասած՝ դատավորները, ոստիկանները, քննիչները և դատախազները համակերպվել են իրավիճակին ու յոթը տիրոջ ծառա են դարձել և ոչ թե արարքին են քրեաիրավական գնահատական տալիս, այլ այս կամ այն անձի քմահաճույքով, ինչպես եղել է անկախությունից ի վեր, մարդկանց են տեղավորում քրեական օրենսգրքով նախընտրելի հոդվածի շրջանակներում, քաջ գիտակցելով, որ ամենը մի օր փլվելու է, զուտ երկարաձգելով իրենց պաշտոնավարությունը աչալուրջ հետևում են, որ փլատակների տակ չմնան:

Մի գեղեցիկ օր բոլորը կհասկանան, որ ինչպես կլասիկն էր ասում «գյոզալ քրեական գործերը», այդքան էլ գյոզալ չէին, նրանք քողարկված էին իրականության հետ թեթևակի առնչություն ունեցող շղարշի ներքո, իսկ շատ ապացույցներ, որոնք այսօր տարբեր լրատվամիջոցներ աննախադեպ են համարում, շատ հաճախ իրականության մեջ հավաքվել են կիսապրոֆեսիոնալների ձեռքով և ոչ այլ ինչ են, քան թունավոր ծառի պտուղներ: Եվ այս ամենի սխալը նրանում է, որ ոչ թե շատ դեպքերում առկա չէ հիմնավոր կասկածը, այլ բացակայում են այն իրավապահները, ովքեր գիտեն ինչ անել, քանի որ մեր երկրում ոլորտի պրոֆեսիոնալ են կոչում առաջին դեմքի քմահաճությամբ:

Իրավաբանության տեսակետից հարցն ամենևին էլ նրանում չէ, թե ինչպես է կարծում հասարակությունը՝ մեղավոր է, թե անմեղ Քոչարյանը, Ծառուկյանը և այլք, այլ նրանում կարողացել են արդյոք քրեական գործի նախաքննության և հետագա դատաքննության ընթացքում ապացուցել այս կամ այն անձի մեղավորությունը կամ անմեղությունը, թե, տվյալ գործի բուն ապացուցողական բազան անտեսելով, տեղի են ունենում քաղաքական շահերի բախումներ:

Արդարադատությունը յուրաքանչյուրը գնահատում է իր շահերի շրջանակներում, սակայն միայն մտածող մարդը, ով խռով չէ իր խղճի հետ, կարող է տեսնել իրականությունը: Իհարկե, Քոչարյանի և Ծառուկյանի կողմնակիցները հիմա զգուշավոր կերպով, հետագա հնարավոր բարդություններից խուսափելով, կգովեն դատավորներին, իսկ նրանց հակառակորդները կփնովեն նրանց և սա բնական է կաստային կառուցվածք ունեցող երկրում: Երբ հասարակությունը հիվանդ է՝ ներառյալ իր բժիշկների, և խոսքն ամենևին էլ Կովիդ-19-ի մասին չէ, քչերն են համարձակվում խոսել իրական խնդիրների մասին, որ զարգացումների բերումով ընկել է հակամարտող կողմերի ոտքի տակ և աջ ու ձախ է տշվում: Նրանցից որևէ մեկի մտքով չի անցնում ուսումնասիրել առկա փաստերը, որպեսզի հասկանա` ինչումն է խնդիրը, որ տվյալ դեպքում դատարանը կայացրեց այս կամ այն որոշումը, ամենևին էլ միտում չունենալով պաշտպանել դատավորին ես ուղակի հռետորական հարց եմ տալիս՝ անկախ նրանից մեղավոր են Քոչարյանը և Ծառուկյանը, թե ոչ, միգուցե պարտվող կողմն է մեղավոր, որոնք չեն կարողացել ներկայացնել բավարար փաստեր իրենց դիրքորոշումը դատարանին ապացուցելու համար:

Իհարկե, այս տեսակետը ձեռնտու չէ իշխանությանը, քանի որ մեղադրանքի կողմում կանգնած են իրենց նշանակած մարդկանց ենթակաները, ուստի ընդունել նրանց սխալները նշանակում է թեկուզ և հեռահար, սակայն ընդունել նաև սեփական մեղքը, որն արդեն ուղղակի մատնանշում է իշխանության գլխավոր մեղքը՝ հեղափոխության ընթացքում տված այն խոստումները, որոնք չեն կատարվել, և ես ապշում եմ, որ դուք զարմանում եք, որ ժողովուրդն այլևս ձեզ հետ երկխոսության չի գալիս՝ համաճարակի շեմին անտեսելով ձեր խնդրանքներն ու ցուցումները: Եթե դեռևս ձեզ պարզ չէ, թե ինչու, ապա պարզ տեքստով հայտնում եմ, որ մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալ յուրայիններին պաշտոններ բաժանելու գաղափարախոսությամբ ղեկավարվելը, քննադատությունը սրերով դիմավորելը, խոստացած բարեփոխումները արհեստավարժորեն անտեսելը փոխել է ժողովրդական տրամադրվածությունը և հեղափոխության իրական համախոհները քաջ գիտակցում են, որ ամենաշատ պիառված կոռուպցիայի դեմ պայքարը ձախողվել է, մնացած այլ խոստումների հետ մեկտեղ և ընկեր Ստալինի «ցույց տվեք մարդուն և մենք կգտնենք հոդվածը» այլևս չի աշխատում:

Հիասթափված քաղաքացին իհարկե դեռևս չի միացել նախկիններին և հույսով սպասում է իր ընտրած իշխանության դեմքով դեպի ժողովրդին շրջվելուն կամ նոր ուժի ծնունդին, որը կկատարի իր բաղձալի երազանքը, որի համար, հավաստիացնում եմ ձեզ, կախարդական փայտիկ հարկավոր չէ, ուղակի կամք է պետք, իսկ խելացի իշխանությունն առաջին հերթին շտկում է դատաիրավական համակարգը, որպեսզի հեռանալով համոզված լինի, որ մի գեղեցիկ օր քաղաքական օրվա իշխանության քմահաճույքներից դրդված իր նկատմամբ ևս քրեական հետապնդում չեն իրականացնի:

Ծառուկյանի և Քոչարյանի գործերն առաջին ձնծաղիկներն են, որ աղաղակում են դատաիրավական համակարգի բարեփոխումների իրական ուղուց շեղվելու մասին:

 

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930