Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը համոզված է, որ ատելության խոսքի դեմ պայքարը պետք է սկսել հասարակական-քաղաքական բանավեճերից, որովհետեւ այդ հարթակից է ատելության խոսքը տեղափոխվում սոցցանցեր եւ լրատվամիջոցներ: «Եթե քաղաքական գործիչները եւ այն մարդիկ, ովքեր ինչ-որ տեղ թելադրում են հանրային վարքագծի կանոններ, հնարավորինս քիչ դիմեն ատելության խոսքի եւ հնարավորինս քիչ ագրեսիա դրսեւորեն, դա կանդրադառնա ամբողջ հասարակության վրա: Դրա համար առաջնահերթ պետք է աշխատեցնել աշխարհին հայտնի միջոցները»,-«Հոդված 3» մամուլի ակումբի կազմակերպած՝ «Ատելության խոսքը մեդիայում. հայաստանյան իրողություններ» խորագրով քննարկման ժամանակ այսօր ասաց Բորիս Նավասարդյանը:
«Երբ, օրինակ, խոսում ենք խորհրդարանում ատելության խոսքի մասին, ապա հիմնական գործիքը պետք է լինի խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը, որը պետք է բացառի խորհրդարանի անդամների կողմից նման վարքագիծը: Եթե խոսում ենք քաղաքական ուժերի միջեւ բանավեճից, ապա կարելի է փորձել կազմակերպել առավել ակտիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպում եւ սահմանել խաղի որոշակի կանոններ»,-նշեց Երեւանի մամուլի ակումբի նախագահը:
Նավասարդյանը կարծում է՝ օրենսդրական կարգավորումները վերջին կետն են, որոնցով կարելի է սահմանափակել ատելության խոսքի դրսեւորումները, մանավանդ, որ ցանկացած պարագայում դա կլինի խոսքի ազատության սահմանափակում. «Ատելության խոսքը բարդ է կարգավորել: Եթե վիրավորանքին եւ զրպարտությանը վերաբերող գործող կարգավորումներով հնարավոր է սահմանափակել նաեւ այն, ինչ հասկանում ենք ատելության խոսքի ներքո, ավելի կառուցողական մոտեցում կլինի: Ամեն դեպքում, շտապողականությունն այստեղ տեղին չէ, որովհետեւ միայն օրենքով չենք կարող հաղթահարել ընդհանուր ագրեսիան, որը գոյություն ունի հանրային կյանքում»:
Հարցին՝ լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտումը կարո՞ղ է որոշակիորեն լուծել ատելության խոսքի խնդիրը, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Սեփականատերերի եւ ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը կարեւոր հիմք են բազմաթիվ ուղղություններով ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորելու համար: Անկախ նրանից՝ ատելության խոսքի մասին ենք խոսում, թե այլ խախտումների, դա լսարանին հնարավորություն է տալիս հասկանալու արմատը, գտնել պատասխանատուին: Այսինքն, դա մեդիակարգավորումը քաղաքակիրթ դարձնելու հիմք է»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի արտահայտություններին՝ «փռել ասֆալտին», «տալ պատերին», Բորիս Նավասարդյանը նկատեց. «Վարչապետի որոշ ասածներում կտարբերակեի այն զգացմունքային ձեւակերպումները, որոնք կարելի է դիտարկել որպես կառավարողի հրահանգ իր ենթականերին: Շատ հստակ օրինակների վրա է պետք ուսումնասիրել: Երբ նա ասում է «փռել ասֆալտին եւ ծեփել պատերին», դա էմոցիոնալ ձեւակերպում է, որը վերաբերում է իրավապահ մարմինների կողմից օպերատիվ գործողություններին: Եթե որեւէ մեկը, օրինակ՝ վարորդը, չի ենթարկվում իրավապահներին, ապա նրան պետք է դուրս հանել մեքենայից, փռել ասֆալտին եւ ստուգել, թե մեքենայում ինչ կա: Մեծ հավանականությամբ, այնտեղ նաեւ զենք կա: Բայց այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են «շնաբարո դուրսպրծուկներ»-ը, նման կարգի բառապաշարը պետք է բացառել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ