Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չընդգրկեինք նիստի օրակարգում, հարցնելու էին ՝ ինչո՞ւ չեք ընդգրկել». Հրայր Թովմասյանը ՝Քոչարյանի փաստաբանների դիմումի քննությունը վերսկսելու հարցը ՍԴ նիստի օրակարգում ներառելու մասին

Հունիս 23,2020 15:57

«ՍԴ-ում մենք չենք ասում՝ սրա-նրա դիմումն է: Մենք ասում ենք քննություն այսինչ հոդվածին վերաբերող»,- լրագրողները հետաքրքրվեցին՝ հունիսի 22-ին ՍԴ-ում անցկացված աշխատակարգային նիստի օրակարգում վերջին պահին ինչո՞ւ է ավելացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննությունը վերսկսելու հարցը, այսպես պատասխանեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Նա պարզաբանեց, որ այդ հարցն ընդգրկվել է ՍԴ ն նիստի օրակարգում, քանի որ չընդգրկել չէին կարող ու պարզաբանեց. «ՍԴ մասին օրենքի հիսունվեցերորդ հոդվածն ասում է, որ գործը կասեցումից եթե հանվում է, վերսկսում է գործի քննությունը: Կասեցման երկու հիմք կար, որոնք հանվել են: Մեկը հրապարակվել է ՄԻԵԴ-ի կողմից՝ մայիսի 28-ին, մյուսը Վենետիկի հանձնաժողովի կողմից՝ հունիսի 18-ին: Կորոնավիրուսի հետ կապված քանի որ հեռավար ենք աշխատում, դրա հրապարակման մասին տեղեկացել եմ ուրբաթ երեկոյան, հետևաբար ես ի՞նչ պիտի անեի, այդ հարցը պիտի ընդգրկեի օրակարգ առաջիկա նիստի օրը՝ այսինքն՝ երկուշաբթի»:

Հրայր Թովմասյանը հավաստիացրեց՝ եթե հարցը օրակարգում չընդգրկեին, իրենց հարցնելու են, թե ինչու չեն ընդգրկել:

Հարցին՝ գործի քննությունը որքա՞ն ժամանակ կարող է տևել, նա պատասխանեց. «Այդ գործը եղել է մեր վարույթում անցյալ տարվա մայիս-հունիսից: Այդ ընթացքում էլ ենք տարբեր քննարկումներ ունեցել: Սա առաջին գործն է, որի քննությունը տևել է մեկ տարուց ավելի: Թեև կասեցվել է: Գործի քննությունը նշանակված է հուլիսի յոթին: Դա մեր հերթական նիստի օրն է: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ հրատապություն է ենթադրել, ունեցել ենք վարչապետի խնդրանք, երբ երեք- չորս օրվա ընթացքում ենք գործ քննել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930