Եվրոպական խորհրդարան վերահաստատում է իր աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց 2009 թ. հիմնական սկզբունքներին՝ նպատակ ունենալով հասնել լուծման՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնադրության և ԵԱՀԿ 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, խրախուսում է բոլոր կողմերին գնալ երկխոսության և ձեռնպահ մնալ լարվածություն առաջացնող հռետորաբանությունից, ինչը հետագայում կվտանգի կարգավորման ցանկացած հեռանկար (ամբողջական զեկույցը):
Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին, Եվրախորհրդարանը հաստատեց իր առաջարկները՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ, որը նախատեսված է անցկացնել 2021 թ.։ Սա առիթ է Խորհրդարանի համար հաստատելու իր դիրքորոշումը Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ: Այն նաև հնարավորություն է, որ Խորհրդարանը, ընդհանուր առմամբ, արտահայտի իր տեսակետը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հիշատակումը և զեկույցը կարող են մի շարք ապատեղեկատվական արշավների և տեքստի իրական բովանդակության սխալ ներկայացման հիմք հանդիսանալ։
Վերևում ներկայացված է զեկույցից մի հատված, որը հստակեցնում է Եվրախորհրդարանի դիրքորոշումը:
Կարդացեք նաև
Այն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու ջանքերին և նրանց 2009 թվականի հիմնական սկզբունքներին, ինչը ենթադրում է փոխզիջում՝ հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա:
Հայաստանի եվրոպացի բարեկամները (EuFoA), որը հետևողական է Բրյուսելից ստացվող զեկույցներին, հաստատում է, որ սա հենց այն դրույթն է, որը պետք է հաշվի առնել, երբ փորձում ենք վերլուծել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Եվրախորհրդարանի դիրքորոշումը: Ոմանք կփորձեն պնդել, որ ԱլԳ գործընկերների՝ տարածքային ամբողջականությանը աջակցող այլ, ավելի ընդհանրացված հղումներ ուրիշ բան են հուշում: EuFoA- ն նշում է, որ հարկ է նկատել՝ այդ հիշատակումներն, այնուամենայնիվ, օգտագործվում են այն ժամանակ, երբ ուշադրությունը հրավիրվում է Ուկրաինայում առկա հակամարտության և Վրաստանում Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի օկուպացման հարցերին։ Իրականում, երկու դեպքում էլ արվում են ուղիղ հղումներ Ռուսաստանի գործողություններին, որոնք միտված են պարզաբանելու տիրող իրավիճակը։
Հատկանշական է նաև, որ 2009 թվականի հիմնական սկզբունքներին սատարող տեքստը հիմնված է գնահատականների վրա, որոնք առաջարկվել են Խորհրդարանում գործող մի շարք քաղաքական խմբերի կողմից, ինչն ընդգծում է Եվրախորհրդարանում վերը նշված դիրքորոշման նկատմամբ մեծ աջակցությունը։
«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»