Մոռացված պատերազմը նոր թափ է ստանում Կովկասում, քանի որ հակառակորդները զինվում են կատարելագործված անօդաչու թռչող սարքերով, որոնք նախատեսված են լրտեսության և հարձակման համար, Forbes հեղինակավոր պարբերականում գրում է Ֆևիդ Համբլինգը:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագել է հակամարտություն՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ և հավելում, որ 2016թ. երկու երկրների միջև հակամարտությունը վերածվեց բաց պատերազմի, ինչի հետևանքով երկու կողմերում էլ զոհեր եղան: Բռնությունները ընդհատումներով շարունակվում են մինչ օրս, իսկ 2016թ. էսկալացիան հատկանշական էր նոր զինատեսակով, խոսքը «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերի մասին (Harop), որոնք Իսրայելը մատակարարել է Ադրբեջանին, ասվում է հոդվածում:
Հեղինակը նշում է, որ Harop անօդաչու թռչող սարքերը մատակարարել է IAI ընկերությունը, որից հետո իսրայելական Aeronautics ընկերությունն Ադրբեջանի հետ կնքել է Orbiter 1K թռչող սարքերի մատակարարման համաձայնագիրը: 2017թ. իսրայելական ընկերության ներկայացուցիչները եղել են Ադրբեջանում, որտեղ նրանց «առաջարկել են հարձակվել հակառակորդի դիրքերի վրա: Ըստ ամենայնի, երբ ընկերության օպերատորները հրաժարվել են, բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք են ստանձնել վերահսկողությունը, բայց չեն հասել իրենց նպատակին», գրում է հոդվածագիրը և հիշեցնում, որ Իսրայելի իշխանություններն այս հնարքից հետո երկու տարով արգելել էին Aeronautics ընկերությանը զենքի մատակարարումներ իրականացնել Բաքվին, իսկ ժամկետի ավարտից հետո՝ 2019թ., ընկերությունը 13 միլիոն դոլարի հարվածային թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ նոր համաձայնագիր են կնքել Ադրբեջանի հետ:
Հայաստանը անօդաչու թռչող սարքեր արտադրում է դեռևս 2011թ., խոսքը «Կռունկ» հետախուզական անօդաչու թռչող սարքի մասին է: Բացի այդ 2018թ., Հայաստանը հայտարարել է, որ սկսել է անօդաչու ռազմական թռչող սարքեր գնել Արցախից: Ադրբեջանը ևս սկսել է զարգացնել նմանատիպ սարքերի սեփական արտադրությունը, ասվում է հոդվածում:
Կարդացեք նաև
«Անօդաչու թռչող սարքերը անթերի են այս տեսակի հակամարտության համար: Դրանք մատչելի են, ճշգրիտ և կարող են օգտագործվել առանց օդաչուին վտանգելու»,-գրում է հոդվածագիրը և հիշեցնում, որ 16թ. ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի ուժերը խոցել են ադրբեջանական Orbiter Drone սարքը:
Վաշինգտոնում տեղակայված անվտանգության հարցերով ամերիկյան կենտրոնի աշխատակի, վերլուծաբան Սամուել Բենդետն իր հերթին նշում է, որ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը հակամարտություններում գնալով ավելի է շատանում: Նրա խոսքով՝ սեփական անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին հայտարարել է Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Էստոնիան, Բելառուսը և մի շարք այլ երկրներ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ