Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի պետական պաշտոն չեմ զբաղեցրել, սաղ կյանքս եղել եմ սոված գիտնական». Ֆելիքս Թոխյանն իրավական ճանապարհով կբողոքարկի ԱԺ-ի օրինագիծը

Հունիս 23,2020 15:02

«Որևէ մեկը կասկած ունի՞, որ բոլոր իրավական միջոցներով մենք պայքարելու ենք խախտման դեմ: Ես կյանքումս դեռ այս վիճակի մեջ չեմ ընկել, որ պետության դեմ իրավական ձևով պիտի պայքարեմ: Կա դատական ուղի, Եվրոպական դատարան»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին ընդունեց «Իմ քայլի» հեղինակած՝ սահմանադրական փոփոխությունների օրինագիծը, ըստ որի՝ դադարեցվելու են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները, իսկ օրինագծի՝ ուժի մեջ մտնելուն պես դադարեցվելու են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները:

Անդրադառնալով այն փաստին, որ օրինագիծը չի ուղարկվի ՍԴ՝ դատավորն ասաց. «Նախ պետք է նայես ընթացակարգայինը, հետո նոր բովանդակայինի գաս, էս էլ ձեզ շահերի բախման իբր հարցի պատասխանը»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ շարունակելո՞ւ է աշխատել, դատավորն արձագանքեց. «Ես եղել եմ այն դատավորներից, որի նկարներով այստեղ ցույց էին անում պարտադիր կուտակային կենսաթոշակների ժամանակ: Ես 25 տարի ծառայել եմ իմ ժողովրդին. ոչ մի իշխանության չեմ ծառայել: Ժողովուրդն է ասել կարաս գնա, ժողովուրդն էլ կարող է ասել՝ Թոխյան ջան, քեզնից հոգնել ենք, գնա տուն: Վենետիկի հանձնաժողովի կարծիքում հենց դա էլ գրված է, որ նոր եկած իշխանությունները չպետք է խախտեն դատավորների անփոփոխունականության սկզբունքը: Ես կգնամ էլի, ոչ մի խնդիր չունեմ, բայց մեզնից հետո ստեղ պիտի գան, իշխանությունը փոխվելուց հետո այդ իշխանությունը ի՞նչ է անելու՝ ասելու է մերոնք չեն, եկեք հանենք: Թե այս անգամ երեք հոգի են հանում, հետո կարող են 13-ին հանել»:

Ֆելիքս Թոխյանը դեմագոգիա համարեց այն կարծիքները, թե ՍԴ-ում դավաճաններ են նստած, դավադրություն են ուզում անել:

Այն հարցին՝ արդյոք ԱԺ խմբակցությունները կարո՞ղ են դիմել ՍԴ օրինագծի սահմանադրականությունը պարզելու համար, ՍԴ դատավորը մինչ բուն պատասխանն ասաց. «Մեր շատ թերություններ գալիս են հենց այս սահմանադրությունից: 2015-ին դեմ եմ եղել մի քանի կետերին, դեմ եմ եղել պառլամենտական համակարգին»:

Պարզաբանելով խորհրդարանական խմբակցությունների՝ ՍԴ դիմելու հարցը՝ նա ասաց. «Ոչ մի խմբակցություն առանձին չունի այդ իրավունքը: Կգան, թե ոչ, այդ իրավունքը միասին վերցրած ունեն. առնվազն 27 պատգամավոր: Միայն մեկ խմբակցություն չունի այդ իրավունքը»:

Ֆելիքս Թոխյանը ևս մեկ անգամ վստահեցրեց՝ բոլոր հնարավոր միջոցներով դիմելու են. անհատական իրավունքների խախտում է և շարունակեց. «Բոլորս պարտավորություններ ունենք. վարկեր ունեմ, ո՞վ է դրանք փակելու, պիտի ասենք շնորհակալություն, որ հարց բարձրացրիք՝ թոշակը տալու եք, թե ոչ, մնացել է թոշակն էլ մեզ չտաք: Ես կյանքումս ոչ մի բանից չեմ վախենում, բացի նրանից, երբ իմ հինգ թոռնիկներից մեկը հիվանդանում է: Ամեն ինչ տեսել եմ, ոչ մեկը կառչած չէ աթոռից, երեք բուհից ունեմ առաջարկություններ, չենք կորչելու: Խնդիրն այն է, որ ամեն բան անենք սահմանադրական ուղիով, երկխոսությամբ: Վենետիկցիներն ասել են՝ 12 տարի ես ուզում, անցումային շրջան տուր. այն մասը, որն իրենց ձեռք չի տալիս, չեն ընդունում»:

Ֆելիքս Թոխյանը լրագրողներին հորդորեց չդրդել իրեն զբաղվել քաղաքականությամբ ու ասաց. «Եկեք ինձ մի դրդեք քաղաքականությամբ զբաղվել: Ես սաղ կյանքում ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: Ինձ 1997 թվականին խաբեցին, ամբիոնի վարչությունից բերեցին ՍԴ: Ոչ մի պետական պաշտոն չեմ զբաղեցրել, սաղ կյանքս եղել եմ սոված գիտնական: Ինչ անում են, թող անեն Սահմանադրությամբ: Հարցի լուծումն այդքան հրատապ չէր, որ ինձ համար հասկանալի լիներ: Այսօր այս կորոնավիրուսի վիճակում ինձ համար բարդ է հասկանալ արագացված այս մոտիվացիան: Պառլամենտում եղան բացարձակ հերյուրանքներ, ելույթներ, թե ափալ-թափալ նիստ ենք արել Ռոբերտ Քոչարյանի գործի մասով: Ամոթ է. դա բնական մեր ընթացքն է: Վենետիկի հանձնաժողովի որոշումը ստացել ենք ուրբաթ, հետո օրակարգային տասը հարցերի մեջ ավելացրել ենք այդ հարցը. պետք է վերսկսենք քննությունը, քանի որ հիմքը, որով կասեցրել ենք, վերացել է: Դեռ կարող էինք շատ ավելի շուտ նշանակել նիստը, եթե նման միտք ունենայինք, ինչպես մեր հասցեին հերյուրանքներ են հնչեցնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930