Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին կոալիցիոն ուժերը, գիտակցելով հանդերձ իրենց մերժված լինելը հասարակության կողմից, այնուամենայնիվ, չեն դադարում տարբեր ճանապարհներ որոնել վերադառնալու Հայաստանի իշխանության գլուխ

Հունիս 23,2020 14:30

Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այն մասին, որ չնայած 2018 թվականի ժողովրդական հեղափոխությանը նախկին կոալիցիոն ուժերը, գիտակցելով հանդերձ իրենց մերժված լինելը հասարակության կողմից, այնուամենայնիվ, չեն դադարում տարբեր ճանապարհներ որոնել վերադառնալու Հայաստանի իշխանության գլուխ։ Դրա վառ ապացույցն է ամիսներ շարունակ հայաստանյան եւ ռուսական որոշ լրատվամիջոցներում մեկնարկած հիբրիդային պատերազմը ընդդեմ Հայաստանի իշխանությունների։ Հարցն այն է, որ Հայաստանի նախկին իշխանությունների կողմից տարիների ընթացքում լրատվամիջոցների մի ամբողջ բուրգ էր ձեւավորվել, ինչպես հեռուստաընկերություններից այնպես էլ ինտերնետային կայքերից բաղկացած, որոնք այսօր լրիվությամբ օգտագործվում են երկրում քաղաքական բարդ պատկեր նկարելու գործին։ Տվյալ լրատվամիջոցների մշտական հյուրերն են նախկին իշխանությունների մաս կազմող քաղաքական գործիչներ եւ քաղաքագետներ, որոնք ամեն կերպ քննադատում են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ փորձելով կաթիլ-կաթիլ մաշել նրա վարկանիշը ժողովրդի աչքերում։

Սակայն, եթե այս լրատվամիջոցների գործողությունները եւ նպատակը հիմնականում պարզ է հասարակության համար, բոլորովին պարզ չէ Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Միքայել Մինասյանի, Արթուր Վանեցյանի եւ բոլոր նախկին կոռումպացված կոալիցիոն ուժերի հետագա ծրագիրը ընդդեմ ներկայիս իշխանությունների։ Գագիկ Ծառուկյանի կողմից հունիսի սկզբին արված հայտարարությունը այն մասին, որ ՀՀ կառավարությունը պետք է հարյուր տոկոսով փոփոխության ենթարկվի վկայում է այն մասին, որ ԲՀԿ առաջնորդը ինչ-որ տեղից ազդակ է ստացել միանալու իր նախկին կոալիցիոն գործընկերներին քաղաքական պայքարում։ Ի դեպ, այդ ազդակները կարող էին գալ ինչպես արտերկրից այնպես էլ իրենց ներքին գործընկեր ուժերից ու այս առումով հետագայում նրա դեմ բացված քրեական գործը իրոք կարելի է մասամբ համարել քաղաքական, քանզի մինչ օրս 2017թ․ ԲՀԿ-ի ընտրակեղծիքների մասին տեղեկություններին ընթացք չեր տրվել, չնայած, որ դրանց դեռ այս տարվա փետրվար ամսից տիրապետել է դատախազությունը։ Այսինքն, հանցագործության վերաբերյալ տեղեկությունները դեռ ամիսներ առաջ գոյություն ունեցել են, սակայն քաղաքական համաձայնություն չի եղել ձերբակալելու ԲՀԿ առաջնորդին, որպեսզի երկրում ավելորդ լարվածություն չստեղծվի։

Կատարվածը հետաքրքիր ձեւով համընկավ Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի հունիս 18-ի որոշման հետ, որով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց 2 մլրդ դրամ գրավի դիմաց: Հունիսի 21-ին դատարանը մերժեց կալանավորել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, իսկ այսօր արդեն հունիսի 22-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական փոփոխությունների» մասին օրենքի նախագիծը, որով ՍԴ դատավորը ընտրվում է 12 տարի ժամկետով, եւ նույն անձը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն 1 անգամ։ Այսինքն ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք արդեն պաշտոնավարել են 12 տարի ազատվում են աշխատանքից։

Սրանով Հայաստանի իշխանությունները փորձ են անում լուծել երկրում հեղափոխությունից հետո առաջացած դատական համակարգի ճգնաժամը, որի պատճառով չեր հաջողվում արդարադատությունն իրականացնել նախկին համակարգի քաղաքականաօլիգարխիկ գործիչների նկատմամբ, որոնք չնայած իրենց բարձր դիրքերի ու պաշտոնների, այնուամենայնիվ մեղադրվում են ոչ թե իրենց քաղաքական համոզմունքների այլ օրենքի խախտման մեջ։

Այս իրողությունների ամբողջական պատկերը վերլուծելիս կարելի է հանգել այն եզրակացության, որ ժամանակը մինչ այս պահը աշխատել է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության, սակայն այս պահից սկսած, երբ փոխվեց ԱԱԾ տնօրենը եւ ոստիկանապետը, ինչպես նաեւ իր հանգուցալուծումն է ստանում ՍԴ դատավորների պաշտոնավարման հարցը, այն հնարավոր է սկսի աշխատել ի օգուտ Նիկոլ Փաշինյանի, եթե իհարկե արագացվի մնացած կոռուպցիոն գործերի բացահայտման ընթացքը, որոնց այդքան երկար սպասում է Հայաստանի հասարակությունը։ Հավանաբար դա հասկանում են նաեւ նախկին կոալիցիոն գործընկեր ուժերը եւ այդ իսկ պատճառով փորձում են իրենց դրսի դաշնակից ուժերի օգնությամբ ճնշում գործադրել ներկայիս իշխանությունների վրա, քանզի իրենք էլ գիտեն, որ ժողովրդի միջոցով դա անելը անհույս գործ է, իսկ այս քաղաքական պահը օգտագործել անշուշտ կուզենային։ Այդ իսկ պատճառով չի բացառվում, որ տվյալ ուժերը իրենց նախկին լծակների ու օտարի օգնության վրա հենվելով կարող են դիմել ծայրահեղ ու վտանգավոր սադրանքի, որի նախադեպը արդեն եղել է Հայաստանի պատմության մեջ, որպեսզի փորձեն հետ բերել իրենց կորցրած իշխանությունը ու շարունակեն անխոչընդոտ թալանել երկիրը ու ժողովրդին։

Սակայն այս ամենը հավանաբար գիտակցում է նաեւ ՀՀ նոր իշխանությունը, որը կարծես դրան նախապատրաստվելով հունիսի 9-ին փոխել էր ԱԱԾ տնօրենին եւ ոստիկանապետին։

Ամեն դեպքում նույն կերպ այլեւս շարունակվել չի կարող ու սա շատ լավ հասկանում են ինչպես նախկինները, այնպես էլ ներկաները եւ այս պատճառով ՀՀ իշխանությունների կողմից տեղի կունենան համարձակ ու շատ սպասված գործողություններ, որի արդյունքում Հայաստանի ընդդիմադիր դաշտում տեղ կբացվի նախկին համակարգին մաս չկազմող ավելի առողջ ու անկախ քաղաքական ուժերի համար։

Էդուարդ Այվազյան

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930