Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար որպես սահմանադրության հեղինակներից մեկը, իրավաբան, ես պարզապես ամոթի զգացում ունեմ». Հրայր Թովմասյան

Հունիս 23,2020 13:40

«ՀՀ գործող սահմանադրությամբ, որի հեղինակներից մեկը ես եմ, այդտեղ գրվածով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության: Ես փաստ եմ արձանագրում, ՀՀ ՍԴ-ն նման փաստաթուղթ, նախագիծ չի քննարկել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի ընդունած նախագծին՝ հայտարարեց ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին ընդունեց «Իմ քայլի» հեղինակած՝ սահմանադրական փոփոխությունների օրինագիծը, ըստ որի՝ դադարեցվելու են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները, իսկ օրինագծի՝ ուժի մեջ մտնելուն պես դադարեցվելու են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները:

Հարցին՝ ապօրինի՞ են Ձեզ պաշտոնազրկում, նախագիծն առերևույթ հակասահմանադրակա՞ն է, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ես ոչ առերևույթ, ոչ ըստ էության, ոչ խորությամբ այդ հարցին պատասխան չեմ տալիս: Ես ընդամենը փաստում եմ այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ, և դրանով այդ է ենթադրվում»:

Փաստմանը՝ ՍԴ-ի օրինագիծը վերաբերում է հենց իր անձին, ինքը շարունակելո՞ւ է գալ աշխատանքի, նա պատասխանեց. «Կա իրավունքի սկզբունք. առոչինչ իրավական ակտերին ոչ թե անձի իրավունքն է ենթարկվել կամ չենթարկվել, այլ ինքն իրավունք չունի դրանց ենթարկվելու»:

Հրայր Թովմասյանն ասաց, թե ծանոթ չէ այդ նախագծին: Խորհրդարանում կատարվածին տալով գնահատական, նա ասաց. «Մեծ քաղաքական զսպվածություն ցուցաբերելով՝ պիտի ասեմ որպես իրավաբան: Երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար որպես սահմանադրության հեղինակներից մեկը, իրավաբան, ես պարզապես ամոթի զգացում ունեմ»:

Հարցին՝ այդ օրինագծի ընդունումը բողոքարկելո՞ւ եք, նա պատասխանեց. «Այդ իրավիճակից կտրված ասեմ: ՀՀ-ում այս դեպքում նմանատիպ իրավիճակներում անձը չունի ներպետական համակարգում դատական պաշտպանվածության իրավունք»:

ԲՀԿ-ի և ԼՀԿ- գործողություններին Հրայր Թովմասյանը չցանկացավ անդրադառնալ՝ պատճառաբանելով, որ իրենց խորհրդատուն չէ:

Լրագրողները ևս մեկ անգամ փաստեցին՝ ԱԺ-ի ընդունած նախագիծը ենթադրում է, որ Դուք պետք է զրկվեք Ձեր պաշտոնից և շարունակելու եք պաշտոնավարել որպես դատավոր, Հրայր Թովմասյանը միայն ասաց՝ այդ նախագիծը ես չեմ տեսել, Ձեր ասածին էլ չեմ հավատում:

Վենետիկի հանձնաժողովի գնահատականի վերաբերյալ Հրայր Թովմասյանն ասաց, որ իր կյանքի մի փուլում կանդրադառնա դրան:

Հարցին՝ տհաճ չէ՞ աշխատել մի մթնոլորտում, երբ իշխանությունները անընդհատ հայտարարում են, որ Հրայր Թովմասյանը կախված է նախկին իշխանություններից, նրանց վերջին փրկօղակն է, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Նախկին, նոր, հին իշխանության ասածներն ինձ համար հարյուրերորդական են: Ես իմ գլուխը կախ գալիս եմ աշխատանքի, գնում»:

Հրայր Թովմասյանն ասաց, որ ականջի պոչով լսել է՝ պատգամավորներից մեկը հայտարարել է, որ այս գործընթացը երջանիկ ապրելու համար է, որ այստեղ որևէ քաղաքական բան չկա ու դիմելով լրագրողներին, ասաց. «Այնպես որ, դուք հավատացեք, որ վաղվանից երջանիկ եք ապրելու: Ես ուզում եմ հավատալ մեր պատգամավորներին, որ այս փոփոխություններից հետո դու երջանիկ եք ապրելու»:

Հրայր Թովմասյանն ասաց, որ իր պաշտոնավորումն ինքնանպատակ չէ ու շարունակեց. «Մի քանի անգամ ասել եմ. որևէ պաշտոն ինքնանպատակ չէ, հավերժ չէ: Եվ այստեղ ինձ կվերաբերվի, եթե կվերաբերվի հատուկ մեկ հոգու, այդ դեպքում մեր օրենքներով նշված է, թե չի մասնակցի այդ անձն այդ գործի քննությանը: Ինչո՞ւ եք այդ կանխավարկածով շարժվում, որ ՍԴ-ն կարող է կողմնակալ լինել: Այդ դեպքում ուրեմն մենք ընդհանրապես չենք ունենա սահմանադրական արդարադատություն՝ ասելով, եթե նախագիծը ուղարկենք ՍԴ, իրենք կողմնակալ կլինեն: Դե, եկեք նախագիծ ընդունենք, որ վաղը գնդակահարում ենք ՍԴ բոլոր անդամներին և նախագիծը չուղարկենք ՍԴ՝ ասելով, թե կողմնակալ կլինեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930