Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես անձամբ կդիմեմ վարչական դատարան, Եվրոպական դատարան, կարծում եմ` Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը նույնպես չեն լռի». Ալվինա Գյուլումյան

Հունիս 23,2020 12:45

«Այդ փոփոխությունն ինձ վերաբերվել չի կարող, քանի որ ես պաշտոնավարում եմ 2014-ի օգոստոսից, ավելի հստակ՝ հոկտեմբերի 1-ից եմ անցել պարտականությունների կատարմանը»,- լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀ ԱԺ-ի ընդունած՝ Սահմանադրական փոփոխությունների օրենքի մասին ՝ հայտարարեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին ընդունեց «Իմ քայլի» հեղինակած՝ սահմանադրական փոփոխությունների օրինագիծը, ըստ որի՝ դադարեցվելու են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները, իսկ օրինագծի՝ ուժի մեջ մտնելուն պես դադարեցվելու են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները:

Նա վստահեցրեց, որ շարունակելու է պաշտոնավարել և հայտարարեց՝ իշխանության ընդունած օրենքի համապատասխան այդ նորմն իր վրա չի տարածվում:

Նախագծի սահմանադրականության առումով գնահատական տալ չցանկացավ՝ չբացառելով, որ որևէ մեկը կդիմի ՍԴ այդ օրենքի սահմանադրականությունը պարզելու հարցով:

Հիշեցմանը՝ որոշում կայացվեց, որ օրենքը չուղարկվի ՍԴ, նա արձագանքեց. «Ամբողջ աշխարհում ընդունված է. ՍԴ-ն քննության է առնում ցանկացած հարց, նախկինում էլ ՍԴ-ն քննության է առել ՍԴ մասին օրենքի սահմանադրականության հարցը»:

Եվս մեկ անգամ Ալվինա Գյուլումյանը նշեց. «Համոզված եմ, որ այս նախագիծն ինձ վրա չի ազդում: Ով շարունակական 12 տարի պաշտոնավարել է, միգուցե նրանց վրա ազդի»: Նա չբացառեց, որ կարող են դիմել վարչական դատարան, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Ես անձամբ դա կանեմ, քանի որ իմ պարագայում ավելի քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ: Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, կարծում եմ, նույնպես չեն լռի»:

Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի մասին ասաց. «Տեսել եք, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքում էլ կան կետեր, որոնց իշխող քաղաքական ուժը չի հետևել: Դրանք, իհարկե, խորհրդատվական եզրակացություններ են և ամեն կոնկրետ դեպքում պետք է քննարկվեն: Հնարավոր գործի քննության դեպքում կարող է այդ հարցը քննարկվել նաև ՍԴ կողմից, դրա համար ես այս առումով ևս ձեռնպահ կմնամ իմ կարծիքը հայտնելուց»:

Ալվինա Գյուլումյանը հիշեցրեց՝ ժամկետը լրանալուց մեկ տարի շուտ ինքը թողել է ՄԻԵԴ-ում իր աշխատանքը և վերադարձել Հայաստան, որպեսզի նպաստի մեր երկրում իրավունքի զարգացմանը: Նա պատմեց, թե նախկին ու ներկայիս իշխանության ներկայացուցիչներից շատերն էին իրեն զարմացած հարցրել, թե ինչու է Եվրոպան թողել և եկել, մանավանդ այն պարագայում, երբ ինքն այնտեղ մեկ տարում ավելի շատ գումար էր վաստակում, քան այստեղ մինչև 70 տարեկան պաշտոնավարելով:

Դիտարկմանը՝ իրենց մեղադրում են, որ կախվածության մեջ են նախկին իշխանություններից, որ նրանց վերջին փրկօղակն են, Ալվինա Գյուլումյանն այսպես արձագանքեց. «Կցանկայի տեսնել որևէ մեկին, որը կարող է և ընդունել է այնպիսի համարձակ որոշումներ, ինչպես ես: Այն դատավորն եմ եղել, որ ԽՍՀՄ տարիներին ԳԽ նախագահին պարտավորեցրել եմ պատասխանել քաղաքացու նամակին: Առաջին նախագահի օրոք այն դատավորն եմ եղել, որ կարողացել է ՀՅԴ գործը երկրորդ անգամ չկասեցնել՝ թողնելով առանց քննության: Ես այն դատավորն եմ, որ 1995 թ. ընտրությունների արդյունքներով գործ քննելիս հայտարարել եմ, որ դատարանը ձեզ համար ստալինյան տրոյկա չէ: Ես այն դատավորն եմ, որ ՄԻԵԴ-ում կայացրել եմ որոշումներ, քվեարկել եմ այն որոշումների օգտին, որոնցով խախտումներ են արձանագրվել երկրորդ, երրորդ նախագահների իշխանության օրոք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930