«Գաջ քսողից՝ մենեջեր, կա պրոֆեսիոնալիզմի պակաս: Իսկ ինչի՞ պակաս կա կառավարությունում, եթե «կրթական համակարգն ավերակ է» թեմայով «Մեդիա» կենտրոնի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանը նշեց, որ կրթության ոլորտում իրականացվող ռեֆորմներն ուշացած են, եւ պարզ չէ, թե ինչքան արագ պետք է աշխատեն, որպեսզի, Նիկոլ Փաշինյանի բնորոշած «ավերակը» կարողանան վերակառուցել եւ նոր հիմքերի վրա դնել: Նրա ձեւակերպմամբ, այդքան էլ հասկանալի չէ, թե ինչ ուղղությամբ են գնալու բարեփոխումները, բացի դրանից՝ կա նաեւ տեղեկատվության պակաս:
«Մեր կրթությունը շատ վատ վիճակում է, այդ մասին խոսում են ոչ միայն թվերը, այնպես որ պրոֆեսիոնալիզմի պակասը առկա է նաեւ կառավարությունում, եւ խնդիրը միայն գաջ քսողների մեջ չէ»,-նկատեց Լուսինե Խառատյանը:
Նրա խոսքերով, երկու տարի շարունակ, այսպես կոչված «ներքեւից»՝ քաղաքացիների կողմից փորձեր արվում են ազդելու գործընթացների վրա, սակայն դրանք բախվում են որոշումներ կայացնողների ոչ համարժեք ուշադրությանը, ու ստացվում է. « Քանի դեռ քաղաքացիները հանրայնորեն չեն աղմկում, մնում են չլսված, քանի դեռ կոմունիկացիոն մեխանիզմները, ձեւերը, մեթոդները չեն աշխատում, ցանկացած ռեֆորմ չի աշխատելու»:
Լուսինե Խառատյանը փաստում է, որ 2018-ից սկսած՝ բազմաթիվ ուղերձներ ենք լսում փոփոխությունների մասին, օրինակ` ուսուցիչների աշխատավարձերի խնդիրը ատեստավորմամբ են փորձում փոխել, բայց անձամբ ինքը շատ զգուշությամբ է մոտենում ցանկացած հայտարարության, որը գալիս է ԿԳՄՍ նախարարից կամ նախարարությունից, որովհետեւ մինչ այժմ արվել են շատ հայտարարություններ, որոնց տրամաբանական ընթացքը դեռ չենք տեսել:
Կարդացեք նաև
«Մենք ռեֆորմի ալգորիթմը ճիշտ չենք աշխատեցնում: Ես ակնկալում էի, որ հեղափոխությունից հետո կիրականացվի նախորդ տարիների կրթական ռեֆորմների վերլուծություն, գնահատական կտրվի, որի արդյունքում պետք է ամրագրվեր, թե ինչ պետք է արվի, ինչը չի կարելի անել, ինչն ենք շարունակում, ինչը նոր որակով պետք է արվի…Պետք է անցյալը համակարգված ձեւով վերլուծվեր, ինչպես ընդունված է ասել՝ գիծ քաշել եւ անցնել առաջ, սակայն դա չի եղել»,-փաստում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ու ասում, որ բավարար չէ, միայն համակարգի կուսակցականացումը վերացնելուց խոսելը:
Նրա կարծիքով, մյուս խնդիրն էլ այն է, որ հասկանալի չէ, թե ով պետք է իրականացնի բարեփոխումը, հատկապես որ դրա համար ինստիտուտներ են անհրաժեշտ, եւ միայն նախարարությունը չի կարող իրականացնել. «Անհրաժեշտ են ուղեղային կենտրոններ, ոչ թե երեք-չորս ամսով հավաքվող խմբեր, որոնք միջազգային որեւէ կազմակերպությունից գումար են ստանում, հետո երբ ծրագիրն ավարտվում է՝ տուն են գնում»:
Սերոբ Խաչատրյանի պատկերավոր համեմատությամբ, մեր բարեփոխումները շարունակում են տերեւի նման քամու տակ այս ու այն կողմ գնալ, քանի որ դրանց տակ չկա ռազմավարական հիմք: Ինչ վերաբերվում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ սեպտեմբերից ատեստավորման նոր կարգ է ներդրվում, որից հետո ատեստավորված ուսուցիչը կարող է ի տարբերություն իր մյուս գործընկերների, բարձր աշխատավարձ ստանալ, Սերոբ Խաչատրյանը այս բարեփոխմանը տարակուսանքով է նայում. «Արդյոք մենք ուսումնասիրե՞լ ենք միջազգային փորձը…Գուցե բարձր աշխատավարձ ստացող ուսուցչի համար դա լավ է, սակայն մյուս ուսուցիչները կարող են նույն համակարգում մեծ վնաս տալ, որովհետեւ ռեալ չի ասելը՝ թող մյուսներն էլ ձգտեն հասնել բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչներին, 37 000 ուսուցչի մեր պետությունն ի վիճակի չէ 300000 աշխատավարձ տալ»:
Սերոբ Խաչատրյանի խոսքերով, ցավոք, Հայաստանի վրա վաճառվում են ժամկետանց բարեփոխումներ, իսկ այն փորձագետները, որոնք աշխատում են մեզ համար, արեւմուտքում առաջավոր խմբերի մեջ չեն, բացի այդ, մասնակցայնություն չկա կրթական գործընթացներում, չկա տեսլական, պարզ չէ, թե ուր է գնում կրթական համակարգը:
«Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ» Վահրամ Սողոմոնյանի կարծիքով եւս բավարար ուշադրություն չի դարձվում կրթական համակարգին եւ դրա նշանակությանը, Հայաստանում ընդունված է պայքարել ընդամենը հետեւանքների դեմ: Վահրամ Սողոմոնյանի խոսքով, այո, դպրոցներում կուսակցականացում չկա, բայց ուղերձները կառավարման խորհուրդներին հստակ չեն, նորարար գաղափարներ ներդնել ցանկացողները հայտնվում են այլմոլորակայինի դերում, քանի որ նախկինում եղած արատավոր մշակույթը դպրոցներում մեծ մասամբ պահպանվում է: Նրա համոզմամբ, եթե խորամուխ չենք լինում եղած խնդիրներին, հովանավորչական երեւույթներին, որ գործում են կրթական համակարգում, շարունակում ենք սնել այդ համակարգի արմատը:
«Ըստ էության, վերջին երկու տարում տեղի չեն ունեցել ուսուցիչների վերապատրաստումներ, մինչդեռ սա այն պահն էր, որ պետք էր հստակ ուղերձներ հղել ուսուցիչներին, թե ինչ ուղղությամբ է գնում կրթական համակարգը, եւ ստեղծագործ ուսուցիչներին հնարավորություն տրվեր ինքնադրսեւորվելու: Մեծ թվով երիտասարդ ուսուցիչներ հավաստագիր են ստանում, դիմում են տնօրենի մրցույթի համար, բայց պարզվում է, այդ տեղերն արդեն բաշխված են՝ մեկը մարզպետարանի ձայներն ունի, մյուսը՝ համայնքի, ծնողների ձայներն էլ գործող կամ նախկին տնօրեններին են պատկանում, ու մարդիկ բախվում են այն իրականությանը, որտեղ ոչ մի զարգացման ծրագիր դեր չի խաղում, մինչդեռ իրենք ինչ -որ բան փոխելու մտայնությամբ էին եկել: Մենք նախ կարիք ունենք նստելու-տեսնելու, թե ինչ կարող ուժեր ունենք, որպեսզի ունենանք հայեցակարգային մոտեցումներ, ոչ թե առանձին օրենքների փոփոխություններ»,- ընդգծեց «Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ