Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկի շուրջ չէ համագործակցությունը, այլ՝ օրակարգի». հուշագիր չստորագրեցին, բայց համագործակցությունը շարունակվում է. «Հրապարակ»

Հունիս 23,2020 12:15

Ներքաղաքական գործընթացներն ու Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող պրոցեսներն անցած շաբաթ համախմբեցին ընդդիմադիր ուժերին, ստեղծվեց ընդդիմադիր ճակատ, որտեղ հայտնվեցին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Արթուր Վանեցյանի նորաստեղծ «Հայրենիքը», Ավետիք Չալաբյանի «Ազգային օրակարգ» եւ Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցությունները։

Եղան համատեղ հայտարարություններ երկրում ստեղծված իրավիճակի եւ, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանության քաղաքական «հետապնդումների» մասին։ Սպասվում էր, որ հաջորդ քայլը լինելու է հուշագրի ստորագրումը, ինչը չէին թաքցնում նաեւ բանակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք մոտ մեկ շաբաթ ակտիվ աշխատում էին հուշագրի տեքստի վրա, նույնիսկ ժամկետներ էին նախանշել, եւ անցած ուրբաթ օրը պետք է հրապարակվեր հուշագիրը, բայց քաղաքական ուժերը լեզու չգտան, եւ հուշագիրը, գոնե առայժմ, չի ստորագրվի։ Սակայն դա չի նշանակում, թե այս ուժերի համագործակցությունը դադարեցված է։ Կհամագործակցեն, բայց առանց փաստաթղթի եւ, ըստ իրավիճակի, համատեղ քայլեր կանեն։

Զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այդպես էլ չխոստովանեց, որ տապալվել է պրոցեսը, հարցին՝ շարունակվելո՞ւ է համագործակցությունը, եւ հնարավո՞ր է ընդհանրապես հուշագիր չստորագրվի, պատասխանեց․ «Քաղաքական ուժերը շարունակում են միմյանց հետ ջերմ, կառուցողական շփումները։ Տեսեք այդ հուշագիրը․․․ ուզում եք անունը հուշագիր դրեք, հռչակագիր դրեք․․․ կան ակտիվ քննարկումներ։ Եթե ուզենք փաստաթուղթ ստորագրել՝ փաստաթուղթ կստորագրենք, եթե չենք որոշի՝ առանց փաստաթղթի կշարունակենք։ Մեր շփումները շարունակվում են»։

Ճշտող հարցին՝ իսկ եղե՞լ է փաստաթուղթ, որի շուրջ համաձայնություն չի կայացել, ասաց․ «Տեսեք, երբ խոսվում է, որ բանակցություններ, քննարկումներ են տեղի ունենում, շատ բնական է, որ թուղթուգրիչով կարող են եղած լինել խոսակցությունները, բայց որ հետագայում կարող են հուշագիր չստորագրել, կամ հետաձգվեր․․․ Այո, որ խոսել ենք, խոսելու ընթացքում թուղթ ու գրիչով ենք խոսել»։ Իսկ ինչո՞ւ այդ գրիչով խոսացածը մեկ ընդհանուր փաստաթուղթ չդարձավ․ հարցին Սաղաթելյանն ասաց, որ հուշագրի ստորագրման ժամկետներն իրականում լրատվամիջոցներն էին սահմանել, հիմա էլ շրջանառում են, թե չի ստորագրվել․ «Ես մի քանի հարցազրույց եմ տվել եւ ասել եմ, որ հուշագիր կարող է լինել վաղը, կարող է լինել 6 ամիս հետո, դա պրոցես է, դրա մեջ ոչինչ մի փնտրեք»։ Սաղաթելյանը չմանրամասնեց, թե համագործակցության ինչպիսի ֆորմատ են պատկերացնում, որը կամրագրվի նաեւ փաստաթղթով, ասաց՝ երբ հստակ բան լինի, այն ժամանակ էլ կխոսի այդ մասին։

Հարցրինք՝ տեքստի՞ շուրջ չեն եկել համաձայնության, գուցե ԲՀԿ-ն ակնկալել է, որ իր շո՞ւրջ պետք է միավորվեն։ «Ի սկզբանե բոլորին է պարզ եղել, որ որեւէ մեկի շուրջ չէ համագործակցությունը, այլ՝ օրակարգի, հետեւաբար, Ձեր տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»։ Հետաքրքրվեցինք՝ առաջարկ եղե՞լ է՝ այլ ուժերի էլ ներգրավել ընդդիմադիր ճակատում։ «Այդ մասին խնդրում եմ ինձ այլեւս հարցեր մի տվեք, քաղաքական ուժերի միջեւ կան շատ ջերմ, կառուցողական հարաբերություններ, կան քննարկումներ, որոնք շարունակվում են, ու եթե Դուք ինձնից ակնկալում եք, որ պիտի ասեմ՝ որ օրն ինչ ենք խոսել, մի ակնկալեք»։ Սաղաթելյանի փոխանցմամբ, իրենց հետագա քննարկումներն էլ են լինելու երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քաղաքական ընդհանուր օրակարգ ձեւավորելու շուրջ։ Ասաց նաեւ, որ չեն պայմանավորվել, թե ինչ պարբերականությամբ պետք է հանդիպեն՝ «ըստ անհրաժեշտության»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930