Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե տեսնում եք գովազդի թույլտվության համարը, ուրեմն սերտիֆիկացված գործունեություն է. ինչպե՞ս է վերահսկվում բժշկական ծառայությունների որակը. «Հայկական ժամանակ»

Հունիս 23,2020 13:03

Հայտարարությունների համացանցային հարթակներում բժշկական ծառայությունների ամենատարբեր առաջարկներ կան՝ բուժում են հիվանդություններ, մատուցում կոսմետոլոգիական ծառայություններ, բուժական-վերականգնողական մերսումներ են անում՝ երաշխավորելով անվրեպ արդյունքներ, առաջարկում են դառնալ փոխնակ մայր՝ «մատչելի գներով»: Ինչպե՞ս է վերահսկվում նման բժշկական ծառայությունների՝ անհատ բժիշկ-կոսմետոլոգների աշխատանքի որակը, ո՞վ է հետեւում, որ քաղաքացիները ոչ միայն խաբեության զոհ չդառնան, այլեւ լրջորեն չվտանգեն իրենց առողջությունը ոչ մասնագիտական մոտեցումների արդյունքում:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական սպասարկման վերահսկողության վարչության պետ Մարինե Սամսոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեսչական մարմինը բժշկական օգնության եւ սպասարկման, բուժական մեթոդների եւ բուժտեխնիկայի գովազդի վերահսկողությունն է իրականացնում:

Սամսոնյանն ընդգծեց, որ բուժական մեթոդի գովազդ թույլատրվում է, եթե դրա համար մարդն ունի լիցենզիա: Ճշտող հարցին՝ այսինքն նա պետք է ունենա ե՛ւ բժշկական գործունեություն ծավալելու լիցենզիա՞, ե՛ւ բուժական մեթոդի գովազդ իրականացնելու թույլտվությո՞ւն, պատասխանեց. «Այո՛, եւ գովազդի հայտարարության մեջ դա պիտի նշվի. եթե տեսնում եք առողջապահության նախարարության կողմից տրված գովազդի թույլտվության համարը եւ ամիս-ամսաթիվը, ուրեմն սերտիֆիկացված գործունեություն է: Գովազդի թույլտվության համարը պետք է անպայման լինի գովազդի վահանակի կամ այդ գրության վրա մի տեղ: Եթե դա տեսնում եք, ուրեմն խնդիր չկա՝ գործունեությունն օրինական է, եթե չեք տեսնում, դա արդեն պիտի կասկած առաջացնի, որ հնարավոր է՝ անօրինական է»:

Հաճախադեպ են նաեւ փոխնակ մայրության առաջարկ-հայտարարությունները, սակայն, Սամսոնյանի խոսքով, Վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին օրենքով սահմանված կարգով տեսչությունը փոխնակ մոր հետ կապված որեւէ կետի վերահսկողություն չի իրականացնում:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930