Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը ոչ միայն փորձում է տոտալ վերահսկողության տակ պահել իշխանության բոլոր ճյուղերը, այլև ընդդիմադիր դաշտը. «Փաստ»

Հունիս 23,2020 11:56

Հայաստանում ներքաղաքական ակտիվ գործընթացներ են տեղի ունենում: Պետք է նկատի ունենալ, որ ներքաղաքական պայքարի թեժացման համար բարենպաստ պայմաններ է ստեղծում այն հանգամանքը, որ համավարակի դեմ պայքարի և արդյունավետ տնտեսական քաղաքականության իրականացման համատեքստում իշխանություններն ակնհայտ թերացումներ ունեն և, ընդհանրապես, հաջողացրել են ձախողել հնարավոր ու անհնար գրեթե ամեն ինչ։

Այս հանգամանքով պայմանավորված՝ ակտիվանում է իշխանությունների նկատմամբ քննադատությունը, իսկ որոշ ուժեր անգամ պահանջում են կառավարության հրաժարականը, քանի որ ներկայիս կազմով գործադիր իշխանությունը չի կարողանում արդյունավետ ճգնաժամային կառավարում իրականացնել։

Իսկ այս ամենին ի պատասխան՝ իշխանությունները փորձում են ընդդիմադիր քաղաքական ուժերին մեղադրել նախկինում կատարված չարաշահումների, թերացումների մեջ, ու հատկանշական է, որ իշխանությանը քննադատողները, որպես կանոն, կապվում են նախկին իշխանությունների հետ։

Ներկայումս հայաստանյան ներքաղաքական դաշտը կայացած չէ, իսկ դրա համար հիմքեր են ստեղծում ներկայիս թշնամանքի մթնոլորտը և քաղաքական անտագոնիզմը։

Եվ չենք կարող պատահական համարել, որ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից 2019 թվականին վերաբերող զեկույցում նշվում է, որ Հայաստանը գտնվում է «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմների» շարքում: Եվ արձանագրվում է, որ իշխող ուժի առաջնահերթությունն է մնում պետական բոլոր ճյուղերում հիմնավորվելը:

Ուստի այս տրամաբանության մեջ է տեղավորվում այն, որ իշխանությունները ակտիվորեն ճնշում են գործադրում ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Իշխանությունների կողմից առաջ է մղվում այն տեսակետը, թե իրենք պետք է որոշեն, թե որ ուժը կարող է լինել ընդդիմություն, որ ուժը՝ ոչ։

Այլ կերպ ասած՝ նրանք նպատակ ունեն իրենց քիմքին ոչ հաճելի ընդդիմադիր ուժերին ճնշումների միջոցով դուրս մղել քաղաքական դաշտից։ Ստացվում է, որ իշխանությունը ոչ միայն փորձում է իր տոտալ վերահսկողության տակ պահել իշխանության բոլոր ճյուղերը, այդ թվում՝ դատական իշխանությունը, այլև ընդդիմադիր դաշտը՝ պայմաններ ստեղծելով խամաճիկային ընդդիմադիր կուսակցությունների ի հայտ գալու համար։

Բայց քրեական հետապնդումները ընդդիմության նկատմամբ լուրջ արձագանք գտան ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում։

Ամենատարբեր հայտարարություններ հնչեցին, ու, ամենայն հավանականությամբ, դեռ կհնչեն: Իսկ այս հայտարարությունները լուրջ խնդիր են դառնալու մեր իշխանությունների համար, քանի որ վերջիններս առանց այդ էլ արտաքին լեգիտիմության խնդիր ունեն, նրանց դրսում այնքան էլ լուրջ չեն ընկալում։

Եվ սրանից հետո կարելի է պատկերացնել, թե ինչ վերաբերմունքի կարժանանան ՀՀ իշխանությունները, եթե նույն կերպ շարունակեն ճնշել ընդդիմությանը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930