Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։
«Ժամանակ»-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ անհայտ է այն դիմորդների ճակատագիրը, որոնք, օրինակ, հենց այդ օրերին կվարակվեն կորոնավիրուսով, կգտնվեն 14-օրյա կարանտինի մեջ կամ հենց քննության ժամանակ ջերմաչափում կիրականացվի ու կպարզվի, որ դիմորդը տաքություն ունի: «Իհարկե, մեկ փուլով քննություններն անցկացնելը որոշակի ռիսկեր ունի ու ոմանց համար կարող է խնդիր առաջացնել: Նախկինում կար այսպիսի տարբերակ: Եթե դիմորդը քննության օրը հիվանդ էր լինում կամ բժշկի տեղեկանք էր բերում, իրենց համար անցկացվում էր լրացուցիչ փուլ: Հիմա, ինչքան հասկացա, դա չի լինելու»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:
Կրթության փորձագետի խոսքերով՝ մեկ քննությունով բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելը խնդրահարույց է նաև մեծ պահանջարկ ու մրցակցություն ունեցող ֆակուլտետների համար: «Որոշ ֆակուլտետներում դիմորդների թիվը մեծ է: Օրինակ՝ Իրավագիտություն, IT, Միջազգային հարաբերություններ: Բավական մեծ մրցակցություն կա, օրինակ, Իրավագիտության ֆակուլտետում: Մոտ 500-ից ավելի դիմորդ կա 140 տեղի համար: Քանի որ մեկ քննություն է լինելու, այստեղ խնդիր կարող է առաջանալ, որ պետպատվերի տեղերի համար մեծ մրցակցություն է լինելու, ու մարդիկ 19-20 միավորով ուղղակի չեն կարողանալու պետպատվերի տեղերին հավակնել»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Ըստ կրթության փորձագետի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ կրթության ոլորտում ստեղծված այս իրավիճակը բուհերը պետք է օգտագործեն հեռավար կրթությունն ավելի զարգացնելու ուղղությամբ: «Հիմա շատ հարմար պահ է, որպեսզի բուհերն ուժեղացնեն իրենց կարողությունները հեռավար աշխատելու ուղղությամբ: Այդ իմաստով շատ հարմար պահ է: Դրա արդյունքում, երբ ճգնաժամը հաղթահարվի, բուհերը կկարողանան ուսուցման մեջ ուժեղացնել հեռավար կրթության բաղադրիչը, որն իրենց համար կարող է ունենալ և՛ ֆինանսական օգուտներ, և՛ ավելի շատ ուսանողներ ունենալու հնարավորություն: Դպրոցների պարագայում չէի ասի, բայց բուհերի պարագայում ակնհայտ է, որ կարող են գործունեության շատ տեսակներ անել հեռավար: Դրանով կխնայեն և՛ ժամանակ, և՛ գումար: Մենք կարող ենք նաև ներդնել բացառապես հեռավար դասընթացներ՝ ներգրավելով արտասահմանցի ուսանողներին: Պետք է այս պահն օգտագործել ու ուժեղացնել թվային գրագիտությունը, հեռավար ուսուցման տակտիկաները: Ավանդականի հետ համադրել հեռավար կրթությունը: Բուհերի պարագայում շատ բաներ հնարավոր է անել հեռավար ու ուսանողներին իզուր չբերել հասցնել բուհ: Եթե դասախոսը լսարանում չունի նորմալ տեխնիկական պայմաններ, ապա հեռավարի դեպքում այս խնդիրը լուծվում է: Այսինքն՝ տանը նստած դու կարող ես քո համակարգչով և՛ տեսանյութ ցույց տալ, և՛ պրեզենտացիա անել, որը բուհի լսարանում հաճախ չես կարող անել»,- մանրամասնեց կրթության մասնագետը:
Կարդացեք նաև
Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ համալսարաններում, օրինակ, հեռակա կրթությունը կարելի է փոխարինել ավելի երկարատև հեռավար կրթությամբ:
Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: