Կայացած ինստիտուտներ ունեցող երկրները արյունահեղ պատմական փուլերով են անցել: Պատահական չէ, որ երկրների կայացման գործում մեծ դեր ունեն ավանդույթները, որոնք ձեռք են բերվել ծանր պայքարի միջոցով:
Եվ որքան էլ տարօրինակ չհնչի, այդ գործում մեծ դերակատարում են ունեցել խելահեղ կառավարիչները:
Նրանց կատարած անօրինականությունների հետևանքով են ընդունվել օրենքներ, որոնք սկսել են սահմանափակել կառավարիչների ամենաթողության հնարավորությունները և կայացրել դատական, օրենսդիր ու գործադիր իշխանությունների փոխզսպման մեխանիզմները:
Նկ. Կարլոս I-ի գլխատումը
Հայաստանը նման պատմական փուլում է հայտնվել, երբ խելահեղ վարչապետը ցանկանում է իրեն ենթարկեցնել իշխանության բոլոր ճյուղերը, սակայն այդ ճանապարհին սկսել են դիմադրության օջախներ ձևավորվել: Մինչև վերադառնանք մեր խելահեղին, քննարկենք պատմությունից հայտնի իր «կոլեգաներին» և նրանց ունեցած մեծ դերակատարմանը՝ իրավական պետական ինստիտուտների կայացման և օրինականության հաստատման գործում:
Կարդացեք նաև
Ջոն Անհողը. Ազատությունների մեծ խարտիա
Անգլիայի՝ որպես իրավական պետություն կայացման ճանապարհին ամենանշանակալի փաստաթղթերից է համարվում «Մագնա Կարտան» կամ «Ազատությունների մեծ խարտիան», որն ընդունվել է Անգլիայի ամենաանհաջողակ թագավորներից մեկի՝ Ջոն Անհողի (1167-1216թթ․) անօրինականությունները սահմանափակելու համար։ Համարվում է, որ այն Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկն է, որը խթանել է առհասարակ արևմտյան երկրների իրավական համակարգի կայացումը։ Դա թագավորի դեմ ապստամբած խոշոր ֆեոդալների, հոգևորական բարձր դասի և քաղաքային բնակչության վերնախավի հաղթանակի արդյունքն էր։
Ջոնի կառավարման տարիները համարվում են Անգլիայի պատմության ամենախայտառակ էջերից մեկը։ Նա կամակոր, ինքնասածի, բավականին հիմար և անպատասխանատու անձնավորություն է եղել։ Ջոնից հետո Անգլիայի ոչ մի թագաժառանգ այդ անունն այլևս չի կրել։ Սակայն պետք է նշել, որ Անգլիան նրա խելահեղություններին է պարտական «Ազատությունների մեծ խարտիա» կոչվող փաստաթղթի ստեղծման համար։
Կարլոս I, Բիլլ՝ իրավունքների մասին
Անգլիան Կարլոս I-ին (1600-1649թթ․) է պարտական ևս մեկ կարևորագույն փաստաթղթի (Բիլլ՝ իրավունքների մասին-16892.) համար։ Կարլոս I-ը նույնպես համարվում է ամենաանհաջողակ թագավորներից մեկը, որը նույնպես ցանկանում էր ունենալ անսահմանափակ իշխանություն, սակայն ի տարբերություն Ջոնի՝ իր օրերն ավարտեցին կառափնարանի վրա։ Կարլոսը մի քանի անգամ ցրում է պառլամենտը, ինքնակամ հարկեր է սահմանում, որի արդյունքում Անգլիայում ապստամբություն է սկսվում և Օլիվեր Կրոմվելը դառնում է Անգլիայի բռնակալը՝ Լորդ-Պրոտեկտորը։ Կրոմվելից հետո, հիշելով այդ ամենի սկզբնապատճառը՝ Կարլոսի խելահեղ կառավարման տարիները, 1689-ին ընդունվում է Իրավունքների մասին Բիլլը, որով սահմանափակվում են թագավորի արտոնությունները (օրենքների իրագործմանը խոչընդոտելը, թագավորի օգտին գանձումները, մշտական բանակի հավաքագրումը խաղաղ ժամանակ և այլն), և հիմք է դրվում սահմանադրական միապետության։ Բիլը նաև Իրավունք էր տալիս հպատակներին թագավորին դիմել խնդրագրերով, որի համար ոչ ոք պատասխանատվության չէր ենթարկվելու։ Բիլլն արգելել է չափից շատ հարկեր սահմանել և կանոնակարգել է դատական պրոցեդուրաները:
Նիկոլ Փաշինյան. Դատական իշխանության կայացումը
Պետության խելահեղ ղեկավարների օրինակներ կարելի է շատ բերել, սակայն մեր նպատակը չէ ծանրաբեռնել ձեր ուշադրությունը: Խելահեղ ղեկավարներն ոչ միայն փորձություն են պետությունների համար, այլև հնարավորություն օրենսդրության զարգացման ու պետական ինստիտուտների կայացման համար, որպեսզի ապագայում նման դեպքերը բացառվեն:
Այսօր Հայաստանում, ըստ էության, նույն գործընթացն է կայանում: Նիկոլ Փաշինյանն ունենալով բացառիկ իշխանություն խորհրդարանում՝ ցանկանում է իրեն ենթարկել դատական իշխանությունն՝ ի դեմս դատարանների ու սահմանադրական դատարանի, և դրա համար գնում է հակասահմանադրական քայլերի: Սակայն ի դեմս որոշ դատավորների ու Սահմանադրական դատարանի, մենք այսօր ունենք դիմադրության օջախներ: Սա պետական ինստիտուտների կայացման բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար: Եթե դատական իշխանությունը կարողանա դիմակայել այս հակասահմանադրական գործընթացներին, դա մեծ առաջընթաց կլինի դատական իշխանության անկախության հաստատման համար, և ակնհայտ է, որ հաջորդ կառավարությունների օրոք մենք կունենանք նույնպես անկախ և ինքնաբավ դատարաններ (պայքարով ձեռք բերված ինքնավարությունից հեշտությամբ չեն հրաժարվում), որոնք իշխանության մյուս ճյուղերի անկախության գրավականն են կարող դառնալ:
Ստեփան Դանիելյան