Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի եւ ՍԴ 3 դատավորի լիազորությունները կդադարեցվեն. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

Հունիս 22,2020 20:12

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլի» հեղինակած՝ սահմանադրական փոփոխությունների օրինագիծը, ըստ որի՝ դադարեցվելու են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները, իսկ օրինագծի՝ ուժի մեջ մտնելուն պես դադարեցվելու են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները: ԵԽ Վենետիկի հանձնաժողովն այս օրինագծի վերաբերյալ այսօր է կարծիք հրապարակել:

«Հստակեցնեմ. փոփոխության իրացման վերաբերյալ արձանագրենք, որ ՍԴ անդամներից երեքի վրա է սա տարածվելու: Նրանց պաշտոնավարումը դադարեցվելու է: Իսկ մյուս չորս անդամները պաշտոնավարելու են, գործող նախագահն էլ դադարեցնելու է պաշտոնավարումը եւ շարունակելու է պաշտոնավարել որպես ՍԴ անդամ:  Պաշտոնավարման 12 տարին չլրացած դատավորները պաշտոնավարելու են մինչեւ 12 տարին լրանալը»,-հայտարարեց օրինագծի զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Նա վստահեցրեց, որ այս փոփոխությունն ուղղված է լեգիտիմ ՍԴ ունենալու տեսլականին:

Այս օրինագծի առնչությամբ ՍԴ-ին դիմելու ԱԺ որոշման նախագծի քվեարկության ժամանակ «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց՝ քանի որ ՍԴ-ն կողմ է հանդիսանում, իրենք «դեմ» են քվեարկելու: «Դեմ» քվեարկեց 88 պատգամավոր, այսինքն՝ օրինագիծը չի ուղարկվի ՍԴ: Ապա սահմանադրական փոփոխությունների օրինագծի երկրորդ եւ ամբողջական ընդունմանը «կողմ» քվեարկեց 89 պատգամավոր, որոշումն ընդունված է:

Հիշեցնենք, որ օրինագծի առաջին ընթերցման քվեարկությանը մասնակցել էր միայն «Իմ քայլը» խմբակցությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930