Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան․ Երեկ երեկոյից մենք տանը հոսպիտալացման սպասող քաղաքացի չունենք

Հունիս 22,2020 19:44

«Մենք, կարծես, թե ամեն օր արձանագրվող դեպքերի բացարձակ թվի առումով բավական կայուն վիճակում ենք»,- երկուշաբթի՝ պարետատան նիստից հետո, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա հավելեց, որ իրավիճակի ավելի բարդացումը դեռ տեղի չի ունեցել․ «Կարծում եմ մեր վերջին շրջանի հակահամաճարակային միջոցառումների արդյունք է նաև, երբ որ մեր քաղաքացիները անսալով մեր կոչին ավելի ակտիվ սկսեցին կրել դիմակներ ավելի շատ տեղերում, ավելի շատ իրավիճակներում, ավելի հաճախ սկսեցին լվանալ իրենց ձեռքերը և ավելի շատ իրավիճակներում սկսեցին պահել սոցիալական հեռավորություն։ Եվ միայն դրանում է փաստացի, և նաև մենք ենք զգում, իրավիճակի շտկման բանալին։ Այսինքն՝ նույնիսկ այս կայուն վիճակի լավ իմաստով մեղավորը մեր կանոնները պահպանելն է։ Հետևաբար՝ մենք պետք է շարունակենք կանոնների պահպանումը, որպեսզի ունենանք ավելի ցածր թվեր»։

Արսեն Թորոսյանը անդրադարձավ Չինաստանից ժամանած 500 թթվածային խտացուցիչներին։ Ըստ նրա, արդյունքը զգացվեց հենց կիրակի երեկոյան․ «Ամեն օր, երբ հայտնում ենք, թե քանի հոսպիտալացման կարիք ունեցող քանի քաղաքացի ունենք, այդ թիվը հիմնականում, վերջին մի շաբաթվա ընթացքում, տատանվում էր 150-200-ի շրջանակներում, որոնց մի մասը գտնվում էին տանը, այսինքն՝ տանն էին սպասում հոսպիտալացման, և մյուս մասը գտնվում էին այլ բժշկական կենտրոններում։ Երեկ երեկոյից մենք փաստացի տանը սպասող քաղաքացի որպես այդպիսին չունենք։ Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնց մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն, և նրանք կարիք ունեն հոսպիտալիզացիայի, նրանք հրատապ հոսպիտալացվում են։ Եվ այս առումով, կարող ենք ասել, որ խնդիրը լուծված է»։

Իսկ որոշ բուժհաստատություններից դեպի կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցների տեղափոխումը, ըստ նրա, մոտ օրերս կլուծվի․ «Այդ առումով մենք հիմա բավական բարվոք վիճակում ենք, և պետք է ամեն ինչ անենք այդ իրավիճակը պահելու համար»։

Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ երեքշաբթի և չորեքշաբթի մի քանի բուժհաստատություններ ևս կմիանան իրենց մահճակալներով և ռեանիմացիոն մահճակալներով կորոնավիրուսի դեմ պայքարի նորաստեղծ համակարգին․ «Մեծ ծավալ կավելանա Դիլիջանի բժշկական կենտրոնում, որտեղ մի մասն էր շահագործված, և «Արմենիա» բժշկական կենտրոնը կմիանա վաղը չէ մյուս օրը համակարգին՝ 50 մահճակալով և 8 վերակենդանացման մահճակալով։ Գործընթացները դանդաղում էին հիմնականում այս թթվածնային համակարգերի մատակարարումների հետ կապված։ Միանալու փուլի մեջ է նաև Սպիտակի բժշկական կենտրոնը ամբողջությամբ և Մարտունու բժշկական կենտրոնի մոտ 50 մահճակալները։ Միացել է արդեն Վեդու բժշկական կենտրոնը։ Այսինքն՝ ըստ էության, սա մի աննախադեպ առողջապահական ռեսուրսների մոբիլիզացիա է՝ թե՛ մարդկային, թե՛ շենքային, թե՛ սարքավորումների, թե՛ ֆինանսական ուղղված բոլոր կարիք ունեցող քաղաքացիների բուժմանը, որը սակայն, երբեք չպետք է փոխարինի հակահամաճարակային միջոցառումներին»։

Վերջում նա ներկայացրեց ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը․ «Այս պահին ունենք ծանր վիճակում 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում 123 քաղաքացի և թոքերի արհեստական օդափոխությանը միացված 44 քաղաքացի։ Այսինքն՝ գումարային 627 քաղաքացի գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, ինչը շատ մտահոգիչ է»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/259075122184010

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930