Եռօրյա քննարկումների արդյունքում «Ալյանս» կուսակցության վարչությունը ընդունել է հետևյալ հայտարարությունը.
«Երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում: Տասը, տասներեք, տասնութ, այս թվերով է արձանագրվել վերջին երեք օրերի մահերի վիճակագրությունը:
Ակնհայտ է, որ նույնիսկ եթե Աստծո բարեհաճությամբ համավարակի հարվածը մեր երկրին էլ ավելի չուժգնանա, ապա առնվազն մի քանի ամսից կանգնելու ենք տնտեսական ճգնաժամի ու սոցիալական աղետի առաջ, և այս ամենին գումարած երկիրը մտնում է քաղաքական ճգնաժամի մեջ: Այսօր արձանագրվեց քաղաքական ճգնաժամի առաջին դրսևորումը՝ խորհրդարանի դահլիճում չկար ընդդիմություն, բացառությամբ մեկ ընդդիմադիր անկախ պատգամավորի` խորհրդարանի դահլիճում իշխանությունը միանձնյա քննարկեց և ընդունեց իր իսկ բերած օրինագիծը: Հետագա գործընթացներն ու իրադարձությունների հավանական զարգացումը չափազանց մտահոգիչ են:
Կիսապատերազմական վիճակի, կորոնավիրուսային համավարակի, սոցիալ-տնտեսական լարվածության և քաղաքական ճգնաժամի պայմաններում «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը կո՛չ է անում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերին վերանայել իրենց գործունեության ձևաչափը, փակել անցյալի բոլոր էջերը և միասնաբար նստել աշխատանքային սեղանի շուրջ:
Կարդացեք նաև
Կա՛մ դուք գործելու եք արդյունավետ և արագ, կա՛մ շատ շուտով ապրելու եք բացարձակապես այլ իրականության մեջ, որը չեք պատկերացրել նույնիսկ վատ երազներում:
«Ալյանս» կուսակցությունն իր հերթին՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ իր ողջ ռեսուրսով ու կադրային ներուժով պատրաստակամություն է հայտնում միջանձնյա ու միջկուսակցական հարցերից դուրս նպաստել արտակարգ տեմպերով վրա հասնող ճգնաժամի դիմադրության միասնական օրակարգի ձևավորմանը»: