Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետ. «Հիվանդն եկել է, բուժսպասարկում ստացել, հետո թեստը բացասական է եղել, ստացիոնարում բուժման ժամանակ ախտանիշեր են ի հայտ եկել, հետո թեստը դրական է եկել»

Հունիս 22,2020 17:29

«Գյումրի» բժշկական կենտրոնը թեեւ մասնագիտացված չէ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար, բայց ընդունում է Covid-ով հիվանդներին: Քանի որ մինչ այդ նմուշառում արված չի լինում կամ թեստի պատասխան էլ առկա չի լինում, ուստի ԲԿ-ն պարտավոր է գանգատներով քաղաքացիներին ընդունել: Սակայն, այսպես աշխատելու հետեւանքով, ինչպես ահազանգել է ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը, 17 աշխատակցի մոտ կորոնավիրուս է, ավելի քան 30 աշխատակից մեկուսացված է: «Ընդունում ենք, նմուշառում ենք կատարում, մինչ թեստավորման պատասխան ստանալը մնում է մեզ մոտ: Մեր բժիշկների գործառույթը չէր, բայց փաստացի հիմա կորոնավիրուսով հիվանդներին ընդունում ենք, բուժում, մինչև այդ հիվանդը տեղափոխվում է»,-ասել է տնօրենը: Նա նաեւ մտահոգություն է հայտնել՝ եթե այս միտումը մի քանի օր պահպանվի, կենտրոնը բժիշկ չի ունենա:

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ դիմել են առողջապահության նախարարությանը, որպեսզի այս ԲԿ-ի մոտ տրիաժային ծառայություն բացվի, ինչն, ըստ էության, ինչպես մարզպետն ասաց, ԲԿ-ն փաստացի իրականացնում է: Մարզպետն ասաց, որ տիրաժային ծառայությունը հարկավոր է, որպեսզի առանձնացված պայմաններ լինեն, մեկուսացման գոտի ունենան, որպեսզի բուն շենքում չընդունեն Covid-ով կասկածելի հիվանդներին: Սակայն, ինչպես վստահեցրեց Պետրոսյանը, մերժում են ստացել. «Հիմա նաեւ դիմել ենք, որ բուժկենտրոնի հարկերից մեկը մեկուսացնենք ամբողջությամբ եւ այդտեղ իրականացնենք այդ ծառայությունը, նաեւ որոշակի ռեանիմացիոն ծառայություն լինի»:

Առողջապահության նախարարությունից Aravot.am-ին այս առնչությամբ տեղեկացրեցին՝ «Գյումրի» ԲԿ-ի վերաբերյալ դիմումը նոր են ստացել, այն քննարկում են, և, ըստ էության, որևէ մերժում չի եղել:

«Այս բուժկենտրոնը մարզում միակ բազմապրոֆիլ եւ մահճակալային մեծ ֆոնդով հիվանդանոցն է, 400- ից ավելի է անձնակազմը, իսկ կորոնավիրուսային հիվանդների բուժման համար առանձնացվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը, որը սպասարկում է թեթեւ եւ միջին ծանրության հիվանդներին, ծանր հիվանդները տեղափոխվում են Երեւան:

«Այն ընթացքում, երբ հանգիստ էր իրավիճակը եւ մահճակալների ու հիվանդների քանակն ուղիղ համեմատական էր, խնդիր չունեինք. երբ գալիս էր հիվանդը անհրաժեշտ հրատապ ծառայություն ստանալու, այս ԲԿ-ում ձեւավորված մեկուսարանում հետազոտում էին, կատարում անհրաժեշտ բժշկական միջամտությունը, եւ երբ հաստատվում էր հիվանդությունը, տեղափոխվում էր Երեւան: Հիմա այս իրավիճակով պայմանավորված՝ վարակակիրների մեծ թիվը, մահճակալների ծանրաբեռնվածությունը, Covid-ով չհաստատված դեպքերը, վիճակը ծանրացել է: Մարդիկ իրենք իրենց ոտքով կամ շտապօգնության մեքենայով են գալիս հիվանդանոց, պետք է որեւէ ծառայություն ստանան, որեւէ նմուշառում արվի, եւ այս փուլում, քանի որ հիվանդանոցը սահմանափակ ռեսուրսներ ունի, չունի առանձնացված միջավայր, ունենք այսպիսի լարվածություն:

Ունեցել ենք դեպքեր, երբ հիվանդն եկել է, նրան բժշկական միջամտություն են ցուցաբերել, նմուշառում արել, պատասխանը եղել է բացասական, հիվանդին տեղափոխել են ստացիոնար բուժման, մի քանի օր բուժում ստանալուց հետո իր մոտ ախտանիշեր են ի հայտ եկել, կասկածել են, նորից նմուշառել են ու պատասխանը եղել է Covid-դրական: Սրանք ռիսկեր են, որովհետեւ միջավայրերը, որոնք պիտի լինեին առանձնացված վարակակիրների համար եւ այդ պահին վարակ չունեցողների համար, իրենք խառնվում են իրար, ու ռիսկն ավելի է մեծանում»,-ասաց Պետրոսյանը:

Մեր հարցին՝ ինչպե՞ս է լուծվելու ԲԿ-ի բժիշկների պակասի հարցը, եթե տնօրենի կանխատեսումն իրականանա, մարզպետն ասաց, որ տնօրինությունը ժամանակին քայլեր է արել բժշկական անձնակազմին ռիսկերից զերծ պահելու համար. հերթափոխություն է սահմանել. «ԲԿ-ն 400-ից ավելի բուժաշխատող ունի, նրանցից հիվանդների եւ մեկուսացածների թիվը չի հասնում 50-ը: Այս իրավիճակը եղել է նախնական շրջանում, երբ երեսունից ավելի աշխատակից մեկուսացված էին հյուրանոցներում, որովհետեւ կոնտակտավոր էին: Հիմա էլ փորձում ենք հավասարաչափ օգտագործել բուժանձնակազմի ռեսուրսները»:

Արդյոք ԲԿ-ում բոլորն են հատուկ պաշտպանիչ միջոցներով աշխատում, քանի որ, փաստորեն, ստիպված աշխատում են նաեւ Covid-ով կասկածելի հիվանդների հետ, այս հարցին ի պատասխան էլ մարզպետն ասաց, այնտեղ, որտեղ մեկուսացների հետ են աշխատում, բժիշկները հատուկ արտահագուստով են՝ բարձր մակարդակի պաշտպանիչ միջոցներով: Մյուս բաժիններում էլ են պաշտպանիչ միջոցներով, բայց ոչ մեկուսացածների բաժանմունքի պես. «Դրա համար միանգամից 300-400 բուժաշխատող պետք է անցնի այդ ռեժիմին ու պետական աջակցություն ստանա, իսկ մեր ռեսուրսները չեն բավարարում: Կարող է մի օր լինի այդպես՝ Covid-ով հիվանդներին սպասարկեն, բայց ֆինանսական ռեսուրս է պետք, մեր հնարավորությունները թույլ չեն տալիս»:

Մյուս կողմից էլ, մարզի միակ բազմապրոֆիլ հիվանդանոցն արդյոք ճի՞շտ է վերափոխել կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, քանի որ առողջական ոչ Covid-ով խնդիրներ ունեցող մարզի բնակիչները դուրս կմնան բուժսպասարկումից կամ Երեւան պետք է գնան: Մարզպետն ասաց, որ խնդիրն այդ տեսանկյունից էլ են դիտարկում: Ամեն դեպքում, նախարարությունն ինչ որոշի, ըստ մարզպետի, այդպես էլ կանեն:

Հունիսի 21-ի ժամը 11.30-ի դրությամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 71-ը Շիրակի մարզի բնակիչ է, տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1073 քաղաքացի, նրանցից 220-ի մոտ դրական ախտորոշում կա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930