Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գավառի դեպքերի նախապատմությունը. քննիչը նոր մանրամասներ է ներկայացնում

Հունիս 22,2020 17:36

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Միքայելյանը, նորատուսցիների ու գավառցիների միջեւ տեղի ունեցած զինված միջադեպի հետ կապված որոշ մանրամասներ ներկայացնելով, նշեց, որ հանցագործություն կատարած անձանց ողջ շրջանակը դեռ պարզված չէ. որոշ անձինք գտնվում են հետախուզման մեջ:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նա հայտնեց. «Ներկա փուլում քրեական գործը գտնվում է ակտիվ քննչական և դատավարական գործողությունների և ապացույցների ձեռքբերման փուլում: Նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում»:

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում՝ ժամը 17:40-ի սահմաններում, կրակոցներ են հնչել։ Արդյունքում` մահացել էր 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հարցին՝ հանցագործություն կատարած անձանց ողջ շրջանակը պարզվե՞լ է, քննիչը պատասխանեց. «Հանցագործություն կատարած ոչ բոլոր անձինք են պարզվել, բայց հիմնականում ովքեր եղել են զինված, մասնակցություն են ունեցել զանգվածային անկարգություններին և փոխհրաձգությանը, նրանց շրջանակն, այո, պարզվել է: Մյուսները գտնվում են հետախուզման մեջ»:

Հարցին՝ ի վերջո ո՞րն է եղել դեպքի պատճառը, Արմեն Միքայելյանը պատասխանեց. «Նշված դեպքն ունի իր նախապատմությունը: Մարտի կեսերին Գավառում գտնվող գիշերային ակումբներից մեկում Արամ Հայթյանի կողմից լվացարանում թքելու պատճառով վիճաբանություն ու քաշքշոց է տեղի ունեցել Հովիկ Հակոբյանի ընկերոջ՝ Արման Մելքոնյանի միջև, որի հետևանքով Արման Մելքոնյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Դրանից հետո արդեն մարտի 23-ի՝ ժամը 18-ի սահմաններում Արամ Հայթյանը մի խունբ անձանց հետ Հովիկ Հակոբյանին ծեծի է ենթարկում՝ պատճառելով վնասվածքներ: Արդեն ապրիլի 28-ին Արմեն Հայթյանի կողմնակիցները հետապնդում են Հովիկ Հակոբյանի մեքենան, որի ղեկին լինում է Արմեն Մելքոնյանը: Նրանք փայտե մահակով կոտրում են նրա մեքենայի ապակին»:

Հարցի՝ նախաքննության ընթացքում պարզվե՞լ է արդյոք, թե ում կրակոցից են մահացել Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը, քննիչը պատասխանեց. «Քրեական գործով հիմնավորվել է, որ Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով են մահացել Վահե Ավետիսյանը և Զոհրաբ Պարոնիկյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը»:

Իսկ թե ով պետք է փոխհատուցի Գավառի բժշկական կենտրոնին հասցված վնասը, քննիչը պարզաբանեց. «26 անձ՝ մեղադրյալ է ներգրավված այս գործով: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն, պատասխանները դեռ չեն ստացվել: Ստանալու դեպքում կկազմակերպվի նաև փոխհատուցման հարցը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930