Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս 4 տարում դատարանը հասավ այն ապացույցներին, որոնք փաստում են՝ ինձ մեղսագրվողը տեղի չի ունեցել». Անդրիաս Ղուկասյան

Հունիս 22,2020 16:14

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր ուսումնասիրվել է գործում որպես ապացույց առկա՝ «Ա1+» հեռուստաընկերության կողմից 2016թ.-ի ապրիլի 29-ի իրադարձությունների ուղիղ եթերով հեռարձակման տեսագրությունը: Այն ընդգրկում է Ազատության հրապարակում քաղաքացիների հավաքը, դեպի Խորենացի փողոց տեղի ունեցած երթը, որն այնուհետեւ շարունակվել էր Սարի թաղում, որտեղ էլ ոստիկանական գործողությունների հետեւանքով տասնյակ քաղաքացիներ եւ լրագրողներ էին տուժել:

«Տեսագրության զննության ընթացքում մենք մատնացույց արեցինք այն անձանց, որոնք քաղաքացիական հագուստով էին եւ երթի մասնակիցներին փորձում էին ուղղորդել դեպի ՊՊԾ գունդ, սակայն դա իրենց չհաջողվեց: Այդ անձինք հետո միացան ոստիկանական ուժերին, իսկ հետո տեսախցիկի առաջ փայտերով եւ երկաթե մահակներով հարվածներ հասցրին ցուցարարներին, ոստիկանների հետ միասին հետապնդեցին նրանց»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ տեսագրությունը փաստում է այն մասին, որ զանգվածային անկարգություններ իրականում տեղի չեն ունեցել Սարի թաղում. «Ոստիկանության կողմից եղել է ցույցի մասնակիցների դեմ հատուկ միջոցների կիրառում: Շինծու քրեական գործ հարուցեցին ցուցարարների դեմ՝ իբրեւ թե Սարի թաղում զանգվածային անկարգություններ են եղել: Տեսագրությունը փաստում է, որ ցույցը խաղաղ էր, ոստիկանների հանդեպ բռնություն չի եղել, մինչդեռ ոստիկանությունն ի սկզբանե մտադրված էր բախում հրահրել, ինչի համար ներդրվել էին սադրիչներ՝ բախման հիմք ստեղծելու նպատակով: Դա չհաջողվեց՝ շնորհիվ երթի կազմակերպիչներ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Լեւոն Բարսեղյանի…նրանց գործողությունների շնորհիվ ցուցարարները չտրվեցին սադրանքներին, մինչդեռ ոստիկանությունն առանց զգուշացման կիրառեց հատուկ միջոցներ»:

Անդրիաս Ղուկասյանի բնորոշմամբ՝ տեսագրություններն ապացուցում են, որ արարքը, որում իրեն մեղադրում են, տեղի չի ունեցել. «Քրեական գործի կարճման բոլոր հիմքերն առկա են: Այս չորս տարում դատարանը հասավ դա փաստող ապացույցների ուսումնասիրությանը»:

Հավելենք, որ հերթական նիստը նշանակվել է առաջիկա երկուշաբթի՝ 11:00-ին: Կրկին կուսումնասիրվեն գործում որպես իրեղեն ապացույց առկա տեսագրություններ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930