Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիկլինիկաները հսկում են եւ շարունակելու են հսկել այն մարդկանց, որոնց թեստի արդյունքները դրական են եւ նաեւ կոնտակտավորներին. Ալինա Նիկողոսյան

Հունիս 22,2020 15:28

«Նախկին հրամանը, որով մեկուսացած քաղաքացիների կարանտինային գոտիներն էին հսկում, այդ հրամանն ուղղակի անվավեր է ճանաչվել, որովհետեւ այդ գոտիներն այլեւս չկան: Բայց նոր հրաման, թե պոլիկլինիկաների բժիշկները չեն վերահսկելու, այլ ոստիկաններն են նրանց գործը կատարելու, նման բան չկա: Պոլիկլինիկաները հսկում են եւ շարունակելու են հսկել այն մարդկանց, որոնց կորոնավիրուսի թեստի արդյունքները դրական են»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան, ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Հիշեցնենք, որ քաղաքագետ Արմեն Մինասյանը հունիսի 19-ին ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշում է կայացրել, համաձայն որի՝ կորոնավիրուսի կասկածով տանը ինքնամեկուսացածների եւ կոնտակտավորների նկատմամբ վերահսկողությունն այսուհետ իրականացնելու են ոչ թե բժիշկները, այլ ոստիկանները: Ըստ քաղաքագետի, այդ հարցը կարգավորվել էր Արսեն Թորոսյանի մարտի 18-ի հրամանով, որի հավելվածներով նաեւ սահմանվել էին համապատասխան պոլիկլինիկական հաստատությունների ցանկն ու վերահսկողության ընթացակարգը։ Այդ որոշումը սակայն, ըստ Մինասյանի, նախարարը չեղյալ է հայտարարել:

Ալինա Նիկողոսյանը նաեւ ասաց, որ հաստատված դեպքերի կոնտակտավորներին նույնպես պոլիկլինիկայի բժիշկները զանգահարում են եւ որպիսությունը ճշտում, իսկ այն ինքնամեկուսացածներին, որոնք պարետատան ծրագրով են վերահսկվում, նրանց վերահսկողությունը պարետատունն է իրականացնում եւ հնարավոր է, որ ոստիկաններ են ներգրավել, որպեսզի վերահսկողությունն ավելի ուժեղ լինի:

«Պոլիկլինիկանների հսկողությունը շարունակվում է, դրական թեստով քաղաքացիներին պոլիկլինիկաների բժիշկները երկու անգամ զանգում են, նրանց նկատմամբ հսկողությունն են իրականացնում, անհրաժեշտության, կանչի դեպքում տունայց են կատարում եւ այլն, այդ ամենն, իհարկե, պոլիկլինիկայի բժիշկներն են անում»,-ասաց նախարարի մամուլի քարտուղարը:

Պարետատնից Aravot.am-ի հարցին, թե արդյոք նոր որոշում կա՞, որ ոստիկաններն ուժեղացված վերահսկողություն են կատարելու եւ նրանք էլ են հսկելու ինքնամեկուսացածներին, հայտնեցին, որ ոստիկաններն ի սկզբանե էլ հսկել են, որպեսզի քաղաքացիներն ինքնամեկուսացումը չխախտեն։ Եվ նոր որոշում որպես այդպիսին, չկա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930