Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի որ կոնցեպտուալ առումով, որն ամենակարեւորն է, խնդիր չի առաջացել, մենք որոշել ենք շրջանառել նախագիծը». Մակունցը՝ թե ինչու Վենետիկի հանձնաժողովի կարծիքին չեն սպասել

Հունիս 22,2020 15:19

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասաց, որ ուրախ կլիներ, եթե ԲՀԿ-ն մասնակցեր ՍԴ-ի հետ կապված նախաձեռնության քննարկմանը ու իրենց դիրքորոշումը ներկայացներ, ոչ թե բոյկոտեին. «ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով հստակ սահմանվում են այն լիազորություններն ու գործառույթները, որը կարող է կատարել ԱԺ պատգամավորը, այդ լիազորությունից դուրս որեւէ գործողություն չի կատարում»:

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն ասում է՝ չկա բանավեճ, որ մասնակցեն այս նիստին՝ Մակունցը պատասխանեց. «Բանավեճը ստեղծվում է այն ժամանակ, երբ ընդդիմության ներկայացուցիչները գտնվում են դահլիճում եւ հնչեցնում են իրենց տեսակետը»:

Դիտարկմանը, որ միջազգային գործընկերոջ՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին չսպասելով՝ նախագիծ բերեցիք՝ Մակունցը պատասխանեց. «Ի սկզբանե մեր մոտեցումը բոլորովին այլ էր, բայց ԱԺ-ի քննարկման դատին ներկայացվել է արդեն այլ նախագիծ»: Հարցին՝ եթե չէիք սպասելու Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ապա ինչո՞ւ էիք դիմել՝ Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Նախ, պիտի տեղեկացնեմ, որ արդարադատության նախարարությունը, նաեւ մեր այլ գործընկերներ ակտիվ բանակցությունների մեջ են եղել Վենետիկի հանձնաժողովի հետ ընդհանուր կոնցեպտուալ առումով քննարկման համար: Քանի որ կոնցեպտուալ առումով, որն ամենակարեւորն է, խնդիր չի առաջացել եւ մենք ունեցել ենք նախնական տեղեկատվություն, որ մինչեւ այդ օրը հրապարակվելու է, մենք որոշել ենք շրջանառել նախագիծը: Մենք նաեւ ունեցել ենք նախադեպեր, երբ նմանատիպ գործընթացները եղել են զուգահեռ»:

Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք էր հայտնել, որ առաջարկությունները չեն ընդունվել, խոսքը անցումային ժամանակաշրջան նախատեսելու եւ փուլ առ փուլ գործընթացն իրականացնելու մասին է: Այս առնչությամբ Մակունցը պատասխանեց. «Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից մեջբերելիս չափազանց կարեւոր է հստակ մեջբերում անելը: Հստակ մեջբերման արդյունքում մենք կունենանք հետեւյալ միտքը, որ Վենետիկի հանձնաժողովը, ընդհանուր առմամբ դրական համարելով այն մոտեցումը, որ անհրաժեշտ են լուծումներ այն տարբերակով, որն արվել է, կարծում է, որ պետք է հաշվի առնվեր նաեւ իրենց այն առաջարկը, որը նախատեսում էր անցումային փուլ: Ափսոսանք էր հայտնել, որ այդ անցումային փուլի հատվածը մենք չենք ներառել նախագծում: Պարզաբանեմ, թե ինչու չենք ներառել: Առաջինը՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը խորհրդատվական կարծիք է ու այն պարտադիր բնույթ չի կրում: Եզրակացության մեջ էլ ասվում է, որ առաջարկ է արվում, բայց դա չի կարող պարտադիր բնույթ կրել նախագծում արտացոլվելու առումով: Երկրորդը՝ ասվում է, որ ՀՀ իշխանությունները, իրավիճակը գնահատելով՝ պետք է որոշումներ կայացնեն նաեւ անցումային փուլի տեւողության առումով: 2018-ից հետո, երբ ըստ էության ՍԴ-ն նաեւ նախագահ ունեցավ, անցումային փուլն արդեն սկսված է եւ 1,5 տարի անցել է այդ անցումային փուլից: Որպեսզի լարվածություն է՛լ ավելի չխորանա, չգեներացվի, չէսկալացվի լարվածություն, «Իմ քայլը» խմբակցությունը հավանության է արժանացնում այն տեսակետը, որ անցումային փուլ այս պահին պետք չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930