Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ձեզ թվում է, որ քաղաքական գործընթացները տեղի են ունենում մեկ գիշերվա մեջ քնելով եւ զարթնելով եւ ասելով՝ ալե հոպ, դուք չարաչար սխալվում եք». Իվետա Տոնոյան

Հունիս 22,2020 14:41

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության մասին հարցին ի պատասխան՝ ասաց. «Մենք ֆիքսենք մեկ բան հստակ՝ մեր խմբակցությունը թաքուն, մութ պայմանավորվածությունների չի գնում, ինչպիսի ուժերի հետ էլ որ համագործակցում ենք»:

Հարցին՝ մինչեւ դատարանի՝ կալանավորելու վերաբերյալ որոշումը, երբ Ծառուկյանի առանձնատունը սկսվեց ցուցադրվել, Ծառուկյանն ի լուր աշխարհի հայտարարեց՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ, ի՞նչ է սա նշանակում՝ շարունակելո՞ւ եք պահանջել կառավարության հրաժարականը եւ չկալանավորելու որոշումն ինչպես է անդրադարձել ձեր պլանների վրա, հնարավո՞ր է կրկնվի 2015-ի սցենարը՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Մենք խոսել ենք մեր մտահոգությունների, երկրում արմատական փոփոխություն իրականացնելու մասին, որեւէ փոփոխություն չի եղել մեր տեսակետներում: Ինչ վերաբերում է 2015-ի հետ համեմատականներին, որոնք հետեւողականորեն որոշ ԶԼՄ-ների կողմից իրականացվում են, որեւէ դեպքում համեմատական նախկինի ու ներկայի միջեւ չենք ուզում անցկացնել: 2015-ին կար իրավիճակ, երբ մեկ գիշերվա մեջ մեր շուրջ 700 համակիրներ ձերբակալվել էին, փորձ էր արվում ներկայացնել, որ համաժողովրդական պայքարը իրականացվում է ինչ-ինչ անձնական նկատառումներով, կար պայթյունավտանգ իրավիճակ, երբ հնարավոր էր ամեն բան ու Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ փակում է այդ քաղաքական էջը, որպեսզի որեւէ ողբերգական հետեւանք ու արդյունք չունենա, որեւէ հայի արյուն չթափվի, ինչը կլիներ ամենասարսափելի բանը: Այսօր ունենք Գագիկ Ծառուկյանի եւ մեր քաղաքական թիմի 100 տոկոսանոց հաստատակամությունը՝ մեր երկրում փոփոխություններ իրականացնելու՝ դուր գա՞ դա ոմանց, թե դուր չգա, մենք շարունակելու ենք առաջնորդվել մեր նախանշած օրակարգով»:

Հարցերին, թե ի՞նչ գործիքակազմ եք օգտագործելու, ՌԴ-ից Ծառուկյանն աջակցություն ունի՞, Վանեցյանի հե՞տ եք համագործակցելու՝ Տոնոյանը պատասխանեց. «Մենք ունենք գործընկերներ, այդ մասը հրապարակային է, մենք թե՛ «Հայրենիք» կուսակցության, թե՛ ՀՅԴ-ի հետ ունենք քննարկման եզրեր՝ մեկ միասնական օրակարգ ձեւավորելու վերաբերյալ, հիմա քաղաքական քննարկումների փուլում ենք: Եթե ձեզ թվում է, որ քաղաքական գործընթացները տեղի են ունենում մեկ գիշերվա մեջ քնելով եւ զարթնելով եւ ասելով՝ ալե հոպ, դուք չարաչար սխալվում եք: Ի՞նչ է նշանակում՝ դուք խոսելո՞ւ եք, թե՞ գործելու եք, իհարկե, մենք գործելու ենք»:

Aravot.am-ը հարցրեց՝ նախկին գումարման ԱԺ-ում, երբ Ընտրական օրենսգիրքն էր քննարկվում, ՀՅԴ-ն տարբեր ակնարկներով ու հայտարարություններով ասում էր, որ Ծառուկյանը բարեգործության անվան տակ քարոզարշավին իրականում այլ բան է անում, հիմա դուք այդ ուժի հետ ո՞նց եք համագործակցում՝ Իվետա Տոնոյանն ի պատասխան հորդորեց. «Խնդրում եմ անցյալի վերհուշներով չապրել: Եղել է քաղաքական իրավիճակ: Մենք այսօր միանգամայն այլ քաղաքական իրավիճակ ունենք: Քաղաքականության մեջ չկան ոչ հավերժական թշնամիներ ու հավերժական բարեկամներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930