Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՔԾ-ի որոշումը կամ կլինի իրավական, կամ կլինի քաղաքական». Արթուր Ղազինյանը ՀՔԾ-ում բացատրություն է տվել

Հունիս 22,2020 14:37

«Քննիչի մոտ, լուրջ հարցեր, մեծ հաշվով չէին առաջացել: Մի քանի պարզաբանում ընդամենը ներկայացրեցի եւ հուշում արեցի ՀՔԾ վարչության պետի տեղակալին, թե ի՞նչ գործողություններ պետք է արվեն`վերջնական որոշում կայացնելուց առաջ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը`մանրամասներ ներկայացնելով այսօր ՀՔԾ-ում ներկայացրած իր պարզաբանումներից:

Հիշեցնենք, հունիսի 12-ին, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը` կուսակցության անունից, հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ Հատուկ քննչական ծառայություն` նոր կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու հիմքով: ՀՀ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում: Արթուր Ղազինյանն այսօր հրավիրվել էր ՀՔԾ`հաղորդման մասով բացատրություն ներկայացնելու համար:

Արթուր Ղազինյանը, մասնավորաբար, հուշել է, որ որոշում կայացնելուց առաջ, անհրաժեշտ է բացատրություն վերցնել նաեւ ՀՀ առողջապահական համակարգի համար պատասխանատու սուբյեկտներից`ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: «Նաեւ նշեցի, որ պետք է պահանջել եւ ստանալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու մեր գործընկեր պետությունների կողմից`Չինաստան, Իրան, Իտալիա, ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված նոր կորոնավիրուսի բնութագրիչների, հատկանիշների վերաբերյալ տեղեկատվությունը եւ դա համադրել փետրվարի 15-ից մինչեւ մարտի 24-ը ընկած ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի եւ Արսեն Թորոսյանի կողմց տրամադրված տեղեկատվության հետ»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ իր համոզմամբ ՀՔԾ-ում աշխատում են պրոֆեսիոնալ քննիչներ եւ իրավաբաններ, որոնք շատ լավ տիրապետում են իրենց աշխատանքային գործառույթներին:

Թե պատասխանն ինչպիսի՞ն կլինի, Արթուր Ղազինյանը չի ցանկանում կանխագուշակումներ անել, թեեւ 99 տոկոսով համոզմունք ունի այդ մասին. «Կստանանք ՀՔԾ-ի որոշումը, որից հետո կտանք մեր գնահատականը`եւ իրավական, եւ քաղաքական առումով: Այսինքն, ՀՔԾ-ի որոշումը կամ կլինի իրավական, կամ կլինի քաղաքական»:

Արթուր Ղազինյանը նաեւ մանրամասնեց, որ իր դիմումում ներկայացրել է իրենց տիրապետած տեղեկատվության ընդամենը 10 տոկոսը եւ հաղորդումը ներկայացված է ընդամենը երկու հոդվածով, մինչդեռ այն ընդլայնելու պարագայում, հաղորդումը կարելի է լրացնել ՀՀ քրեական օրենսգրքի մինչեւ 12 հոդվածով: «Նաեւ ասացի, որ իշխանությունը խմբային շահ սպասարկելով եւ պաշտոնեական դիրքը չարաշահելով` փաստացի, հասարակությանը տրամադրել է իրականությանը չհամապատասխանող, աղավաղված տեղեկատվություն, թաքցրել է իրական տեղեկատվությունը: Նպատակը`ապահովել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեին բավարար մասնակցություն եւ անհրաժեշտ թվով ձայներ`իրենց քաղաքական, կուսակցական եւ կլանային շահերը բավարարելու նպատակով»,- ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930