Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն հայտարարություն արեց ու բոյկոտեց ՍԴ-ի օրակարգով արտահերթը. «Այս նիստով հիմք է դրվում ՀՀ-ում սահմանադրական հեղաշրջման»

Հունիս 22,2020 14:21

ԲՀԿ-ն քաղաքական որոշում է կայացրել այսօր չմասնակցել արտահերթ նիստին. «Այս նիստով հիմք է դրվում ՀՀ-ում սահմանադրական հեղաշրջման, այս նախաձեռնությամբ ՀՀ-ում հաստատվում է բռնապետություն, ուստի ԲՀԿ-ն չի մասնակցելու մի նիստի, որի իրավական եւ քաղաքական հետեւանքների համար ընդամենը 20 րոպե հետո մեկնարկվող նիստի բոլոր մասնակիցները կրելու են իրավական եւ քաղաքական պատասխանատվություն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հայտնելով ԲՀԿ խմբակցության որոշումը:

Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի ասածի հակառակ բեւեռն են հրապարակել. «Վենետիկի հանձնաժողովն ասել է, որ պետք է դատավորների անփոփոխելիություն, որը դատական անկախության նախապայմանն է: Անկախությունը չեն ապահովում, ուզում են խամաճիկ դատական համակարգ ստանան: Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ ոչ թե միանգամից, կացնային ձեւով կտրեն, մենք կունենանք անգործունակ ՍԴ, եթե դուրս են գալիս, 5 հոգով պետք է կայացնեն որոշում ու մենք սահմանադրական պատային իրավիճակ ենք ունենալու: Այն, ինչ անում է իշխանությունը, ԲՀԿ-ն արձանագրում է, որ երկիրը տանում է փակուղի»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, անիմաստ է նիստի նաեւ մասնակցել, որովհետեւ, եթե իրենք քաղաքական հրահանգ են ստանում, միեւնույն է՝ անցկացնելու են:

Aravot.am-ը հարցրեց՝ դուք նիստի չեք գնում՝ ասելով, որ ով մասնակցի այս նիստին, քաղաքական պատասխանատվություն է կիսելու, դուք ՀՀԿ-ի հետ մի շարք օրենսդրական նախաձեռնությունների կողմ եք քվեարկել, կողմ եք քվեարկել Հովիկ Աբրահամյանի բերած բյուջեին, նա տապալել է, որեւէ պատասխանատվություն չեք կիսել, պորտֆելներ եք ունեցել կառավարությունում, պատասխանատվություն չեք կիսել, հիմա ասում եք՝ պատասխանատվությո՞ւն եք կիսելու՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրին մենք քվեարկել ենք դեմ: Մեկ էլ էդ նույն պատմությունն է, որ ասում էին՝ դուք կիսում եք պատասխանատվություն գազային խայտառակ պայմանագրի համար: Այնքան ասեցին, որ ասացի՝ կարո՞ղ է իսկապես կողմ ենք քվեարկել, բացեցի, նայեցի իմ ելույթը, որտեղ ասել եմ՝ նրանք, ովքեր կողմ կքվեարկեն այս վասալային խայտառակ պայմանագրին, հետագայում պատասխանատվություն են կրելու»:

Մելքումյանն էլ հավելեց. «Կարող է մենք «Նվազագույն աշխատավարձի մասին», «Սոցիալական աջակցության մասին» լավ օրենքներին կողմ ենք քվեարկել, հիմա էլ ենք կողմ քվեարկում, այն ժամանակ էլ, հո դրա համար մենք չե՞նք տուժելու: Երբ ՀՀԿ-ի ժամանակ 10 հազար դրամ նվազագույն աշխատավարձը բարձրանում էր, պիտի դե՞մ քվեարկեինք ՀՀԿ-ի ժամանակ, իհարկե, ոչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930