«Իմ քայլի» պատգամավորների ¼-ի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է անում՝ օրակարգում ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված մեկ հարցով:
Հիշեցնենք, որ ըստ նոր օրինագծի՝ 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորները պետք է դադարեցնեն պաշտոնավարումը:
«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը «Սահմանադրության փոփոխությունների մասին» օրինագիծը ներկայացնելիս նախ շեշտեց՝ սահմանադրական դատարանի ճգնաժամի պատճառն այն գործունեությունն է, որը դատարանը ծավալել է գործունեության պահից սկսած 22 տարում, իսկ այդ գործունեության ձախողման մասին փաստել է 2018թ.-ի հեղափոխությունը:
Հովակիմյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի տարածումը շարունակվում է, ուստի ՍԴ-ի հարցով հանրաքվեն հնարավոր չէր լինի:
Կարդացեք նաև
«Ներկայացված օրինագիծը սահմանում է՝ ՍԴ դատավոր ընտրվում են 12 տարի ժամկետով եւ միայն մեկ անգամ: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի»,-տեղեկացրեց Վահագն Հովակիմյանը:
«Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչեւ 12 տարին լրանալը: Այսպիսով բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի: Այս օրինագծի ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա այն բանից հետո, երբ այս օրինագծի ընդունումից հետո թափուր դատավորների տեղերը կհամալրվեն, այսինքն՝ թափուր տեղերը համալրածները եւս հնարավորություն կունենան ընտրվելու ՍԴ նախագահ»,-արձանագրեց Վահագն Հովակիմյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ