Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի հանձնաժողովի առաջնորդությամբ. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար

Հունիս 22,2020 13:35

Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի հանձնաժողովի առաջնորդությամբ: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հայտարարության մեջ:

«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որն ընդունվել է հունիսի 19-ին և հանրայնացվել այսօր, հնարավորություն է տալիս լուծել այն խնդիրները, որոնք եղել են սահմանադրական ճգնաժամի կենտրոնում՝ Հայաստանի Ազգային Ժողովի և Սահմանադրական դատարանի միջև»,-ասվում է հայտարարության մեջ:

ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովը պարզաբանել է Սահմանադրական դատարանի  վերանայման շրջանակը՝ Սահմանադրական փոփոխությունների գործընթացում, և ընդունել է Ազգային ժողովի՝  հանրաքվեի մասին իր իսկ որոշումը չեղարկելու իրավունքը: Ավելին, հանձնաժողովը ընդունել է, որ 2015թ. Սահմանադրության դրույթների լիարժեք կատարումը, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանի կազմին, օրինական է: Որպեսզի այս նպատակը համադրվի դատավորների պաշտոնավարման ժամկետի և անկախության պահպանման անհրաժեշտության հետ, Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է, որ այն դատավորները, ում 12-ամյա պաշտոնավարման ժամկետը դեռ չի լրացել, շարունակեն պաշտոնավարել մինչ ժամկետի ավարտը, իսկ այն դատավորները, որոնք արդեն իսկ 12 տարի պաշտոնավարել են, մինչև փոխարինվելը պետք է կարողանան օգտվել անցումային նոր ժամկետից, որի տևողությունը պետք է որոշեն Հայաստանի իշխանությունները:

Հանձնաժողովն ափսոսանք է հայտնել, որ փոփոխությունները, որոնք չեն նախատեսում նման անցումային ժամկետ, Ազգային ժողովում քննարկման են դրվել հանձնաժողովի կողմից կարծիքի ընդունման օրը:

«Իշխանություններին կոչ եմ անում առաջնորդվել  Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու համար՝ 2015թ. սահմանադրական դրույթների սահուն կատարմամբ և Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին համապատասխան»,-եզրափակել է Բուրիչը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930