Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Ոմանք մնացել են մինչհեղափոխական ժամանակաշրջանում, copy paste են անում հին գաղափարները»

Հունիս 22,2020 13:15

«Պարադիգմա» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկել է EdcampArmenia կրթական համաժողովը, որը յուրատեսակ հարթակ է կրթության ոլորտում ներգրաված բոլոր ուժերի համախմբման եւ փորձի փոխանակման առումով:

«Պարադիգմա» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Կյուրեղյանի խոսքով, ուսուցիչը կարեւոր է, ուսուցումը՝ էական: Նա փաստեց, որ Հայաստանում կան արժեքավոր խմբեր՝ թե ֆեյսբուքյան նախաձեռնություններ, թե հասարակական կազմակերպություններ, որոնք թիրախային ներգրավվածություն ունեին ոլորտում, սակայն հարթակ, որը կմիավորեր ուսուցիչներին, դպրոցական հոգեբաններին, խոսքի մասնագետներին, դպրոցում աշխատող այլ մասնագետներին, հետազոտողներին ու քաղաքականություն մշակողներին, չկար, դրա համար էլ երկու տարի առաջ որոշեցին փորձարկել մի հարթակ՝ Edcamp-ի ձեւաչափով:

«Մեր առաջին փորձի ժամանակ ստացանք ընդհանուր շուրջ 1000 հայտադիմում, 120 խոսնակի հայտադիմում` Հայաստանից, Սփյուռքից եւ Արցախից: Անցյալ տարի կազմակերպված փորձնական համաժողովին մասնակցեց 400 հոգի, ունեցանք 60 խոսնակ՝ մեկ օրում: Համաժողովից հետո իրականացվեց արդյունքային գնահատում, որին մասնակցեց համաժողովի մասնակիցների 87 տոկոսը: Քանի որ մեզ համար կարեւոր էր ունենալ փաստարկ՝ համաժողովի արդյունավետության եւ գոյության համար, ուստի հիմք ընդունեցինք նախորդ տարվա համաժողովի մասնակիցների կողմից տրամադրված հետադարձ կապը եւ կազմակերպել այս համաժողովը»,-նշեց Հասմիկ Կյուրեղյանը: Հավելեց, որ այս տարի մասնակցության բոլոր ծավալներն աճել են մոտ 500 տոկոսով` չնայած համավարակային իրադրությանը, լարված աշխատանքային միջավայրին:

«Մենք որոշեցինք համավարակն օգտագործել որպես հնարավորություն եւ Հայաստան հրավիրել համաշխարհային կրթական հեղինակությունների՝ առաջադեմ կրթական գիտելիքը Հայաստան բերելու նպատակով: Այս տարի ունենք չորս համաշխարհային կրթական հեղինակություններ՝ Դիլըն Ուիլյամ, Մայքլ Յանգ, Պասի Սալբերգ եւ Նորբերտ Պաքլեր»,-նշեց «Պարադիգմա» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը:

Համաժողովի ժամանակ Դիլան Վիլյամը կխոսի այն թեմայով, թե ի՞նչ է ձևավորող գնահատումը, ինչպես բարձրացնել առաջադիմությունը, Մայքլ Յանգի թեման է, թե ինչի համար են դպրոցները, որն է զորեղ գիտելիքը, Պասի Սալբերգի թեման երեխաներն են, եւ ինչ դեր ունեն խաղերը, իսկ Նորբերտ Պաքլերը կխոսի հեռավար կրթության մասին:

Նախատեսված է 3 ոլորտային քննարկում, ինչպես նշեցինք՝ համաժողովին մասնակցում է 4 համաշխարհային կրթական հեղինակություն, կլինեն 54 հայաստանյան խոսնակների սեսիաներ, ներգրաված է 3000 հայտագրված մասնակից՝ Հայաստանի Հանրապետության 175 գյուղերից եւ 46 քաղաքներից: Իսկ համաժողովի ուղիղ եթերում հեռարձակվելը հնարավորություն է տալիս ավելի շատ մարդկանց մասնակից դառնալ կրթական բովանդակությանը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հույս հայտնեց, որ համաժողովային շաբաթը հետաքրքիր է լինելու, իսկ այն արդյունքները, որ կգրանցվեն այս համաժողովի ընթացքում կիրառելի կլինեն հայաստանյան բարեփոխումներում: Ասաց, որ նախարարությունը հետեւելու է բոլոր քննարկումներին, իսկ հունիսի 27-ին կներկայացնեն հանրակրթության բովանդակության փոփոխությունները, կանդրադառնան, ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգին, հանրակրթության պետական չափորոշիչներին, ինչի առիթով ակնկալում են լսել կարծիքներ:

Նախարարը ընդգծեց փորձագիտական նոր դաշտի ձեւավորման անհրաժեշտությունը, ասաց, որ առկա փորձագիտական դաշտը եւս հեղափոխության կարիք ունի, քանի որ նրա խոսքով, որոշակի խմբեր կամ անհատներ իրենց հռետորաբանությամբ, խոսքով, գաղափարներով կարծես մնացել են մինչհեղափոխական ժամանակաշրջանում, եւ անընդհատ copy paste անելով հին գաղափարները, առաջնորդվում են այն մտայնությամբ, եթե իրենք ներգրաված չեն ինչ-որ պրոցեսում, ուրեմն այն վատն է: Արայիկ Հարությունյանը կոչ արեց կրթական համաժողովի մասնակից ուսուցիչներին, որոնք հանդես են գալու որպես խոսնակներ, ավելի ակտիվ լինել փորձագիտական դաշտում, հատկապես որ առաջիկայում նախարարությունը նոր մասնագետների ներգրավվածության կարիք է ունենալու:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռոդոչայը նշեց, որ շատ ուրախ են աջակցել Edcamp-ին: Նա հիշեցրեց Ամերիկյան համալսարանում «Պարադիգմայի»՝ նախկինում կազմակերպած քննարկումները, որտեղ, իր խոսքերով, էնտուզիաստներ էին հավաքված՝ դրական էներգիայով լեցուն, ինչը լավատեսական տրամադրությունների գրավական է: Տիկին Ռադոչայը խոսեց համավարակի պայմաններում կրթական պրոցեսի իրականացման մասին, փաստեց, որ Հայաստանում հաղթահարել են հեռավար կրթության անցնելու դժվարությունները, մի բան, որ մարտահրավեր է դարձել բոլոր երկրների համար: Ասաց նաեւ, որ Հայաստանը կարիք ունի ավելի շատ թվային գործիքների ու գիտելիքների տիրապետող ուսուցիչների, որոնք կարող են հաղթահարել համավարակի առաջացրած մարտահրավերները, նոր ուղիներ գտնել կրթությունը երեխաներին հասանելի հասցնելու համար: Նրա խոսքով, Edcamp-ը կարող է նման մի հարթակ դառնալ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930