ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված ներկայիս իրավիճակը հաճախ համեմատում են 2015-ի իրավիճակի հետ ու հետ զուգահեռներ են տարվում: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս առնչությամբ «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Նախ, ինձ համար անհասկանալի է, պարբերաբար ԲՀԿ պատգամավորներն ու Գագիկ Ծառուկյանը նշում են՝ իմ հայտարարությունից հետո, իմ հայտարարությունից հետո…: Ի՞նչ հայտարարություն էր դա, փորձում եմ մինչեւ այս պահը հասկանալ, որովհետեւ այդ հայտարարությունից ընդամենը օրեր անց կարծես թե վերախմբագրելով գնացին: Սկզբում ասում էին՝ կառավարությունը պետք է հրաժարական տա, հետո ասում էին՝ դե լավ, ինչ էինք ասում, ընդամենը մտահոգություն էինք բարձրաձայնել եւ այլն: Եթե անգամ պարոն Ծառուկյանն ասել է՝ կառավարությունը պետք է փոխվի, այդպիսի հայտարարություն ավելի վաղ ասել է պարոն Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստանը»: Ինչ է, ԼՀԿ-ն չունի՞ այդ ընտրազանգվածը, ինչ ունի ԲՀԿ-ն»:
Հետո Գաբրիելյանը հավելեց. «Ես իսկապես շնորհավորում եմ ԲՀԿ-ին, որովհետեւ իրենք իրենց ողջ գործունեության ընթացքում առաջին անգամ է, որ պահանջում են պետության ղեկավարի հրաժարականը ու այդ պահանջից 10-15 օր դեռ շարունակում են պահանջել: Քաղաքական փորձը միշտ ցույց է տվել, որ իրենք պարբերաբար եղել են այլընտրանք, բոլոր հնարավոր, այդ թվում՝ իմ, ձեր կողմից ուղիղ հարցին՝ պահանջո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը, եղել է խուսափողական պատասխան: Հնչել է նմանատիպ հայտարարություն ու կարճ ժամանակ անց քաղաքական էջ է փակվել: Դրա համար շնորհավորում եմ: Ավելի անտրամաբանական կլինի, երբ ընդդիմադիր ուժը չի ուզում ու չի պահանջում իշխանափոխություն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ