Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստացի ուրեմն կա դատավոր, որն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որեւէ մեկի վրա». Սիսակ Գաբրիելյան

Հունիս 22,2020 12:46

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հարցրեցին՝ Գագիկ Ծառուկյանին դատարանը որոշեց չկալանավորել, դուք վստահո՞ւմ եք դատարանի անաչառությանը:

Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Դատախազությունը բողոքարկելու է եւ դեռ գործը կքննվի Վերաքննիչում, լրացուցիչ կարծիքը կարող է ընկալվել, որ իշխող քաղաքական ուժը փորձում է ինչ-որ ազդեցություն ունենալ: Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, փաստացի ուրեմն կա դատավոր, որն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որեւէ մեկի վրա»:

Սուրեն Գրիգորյանն ասաց. «Ամեն մեկս կարող ենք մեր համոզմունքներն ունենալ, բայց ինչքանո՞վ է ճիշտ մեր համոզմունքները հնչեցնել, օրինակ, ասել, որ դատավորը չի եղել անաչառ, եթե դրա տակ չենք կարող հիմնավորում դնել: Եթե կոնկրետ փաստեր չկան, ցանկալի է, որ որեւէ պատգամավոր, որեւէ մարդ նման կարծիք չհնչեցնի»:

Սուրեն Գրիգորյանն ասաց, որ դատարանների շրջափակումը չի եղել իրենց վերաբերմունքը՝ կոնկրետ քրգործի հետ կապված, ասել են, որ հանրությունն ունի անվստահություն դատարանների նկատմամբ:

Սիսակ Գաբրիելյանն ասաց այն, ինչի մասին ակնարկում էր Մակունցը՝ ԲՀԿ-ն գուցե դատախազությունում, ԱԱԾ-ում ունի իր աղբյուրները ու ինֆորմացվել են քրգործերի մասին, դրա համար էլ Ծառուկյանը քաղաքական հայտարարություն էր արել՝ կառավարության կազմը փոխելու վերաբերյալ. «Ամեն դեպքում հարցաքննվել է, եթե չեմ սխալվում մի անձնավորություն, որն առնչվել է իրենց կուսակցության հետ եւ տվել է խոստովանական ցուցմունք կարծեք թե: Երբ այս ամեն ինչը ժամանակագրությամբ համադրում ես, պարզ է դառնում, որ իրենց հասանելի կլիներ այդ ինֆորմացիան»:

Ինչ վերաբերում է քննադատություններին, որ սա քաղաքական հետապնդում է, Գաբրիելյանն ասաց. «Ես չեմ տեսել այնպիսի հետապնդում, որ հետապնդվողն ազատության մեջ լինի:

Aravot.am-ը հարցրեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ պատերի տակ վնգստացող դատավորներ, նախկին կոռուպցիոն իշխանությունների հետ համագործակցում են, վնգստացող դատավորները «վեշչերը» հավաքելու են ու հիմա, երբ տեսնում ենք Քոչարյանի, Ծառուկյանի հետ կապված դատարանների որոշումները, կարո՞ղ ենք ասել, որ սա դատական համակարգի արձագանքն է վարչապետի այդ հայտարարություններին՝ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ ամեն առանձին դատավոր իր որոշումը կայացնելիս ոչ թե ղեկավարվում է այս կամ այն հայտարարությամբ ու նրանից, թե իրեն այդ հայտարարությունը դուր է եկել, թե ոչ, այլ հիմնվում է գործում առկա ապացույցների վրա եւ Քրեական դատավարության օրենսգրքի վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930