«Քանի դեռ ամեն օր 600 վարակակիր կա, 10-11 մահեր են գրանցվում, մենք այս ժամանակահատվածում հրաժարականի հարց չենք բարձրաձայնում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԼՀԿ-ն արդյոք համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է կառավարության հրաժարականի մասին բարձրաձայնած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
«Միաժամանակ, համավարակի ավարտից հետո կամ թվերը նվազելուց հետո քաղաքական պատասխանատվության հարցն ենք բարձրաձայնելու: Ես այս մասին ասել եմ ԱԺ ամբիոնից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աչքերին նայելով»,-նշեց Մարուքյանը:
Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն հայտարարել էր կորոնավիրուսի կանխարգելման, հետեւանքների վերացման եւ աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին, որին աջակցել էր «Լուսավոր Հայաստանը»: «Մամուլում գրեցին, թե մենք նախապայմաններով ենք խոսել, սակայն այդպես չէ: Մեր գաղափարն է, եւ հաշվի առնելով, որ ԱԺ երկու քննիչ հանձնաժողովները ղեկավարում է ԲՀԿ-ն, այս մեկը ցանկանում ենք մենք ղեկավարել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ