Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իրանի շահերից է բխում Արցախյան հակամարտության շուրջ «ստատուս քվոյի» պահպանումը»

Հունիս 22,2020 14:00

Ադրբեջանի արտգործնախարարության կողմից համակարգվող, այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպությունն օրերս հայտարարեց, որ «համայնքի ղեկավար», Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Թուրալ Գանջալիեւը հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեի հետ։ Հունիսի 12-ին կայացած այս հանդիպման մասին հայտնել է նաեւ Ադրբեջանում Իրանի դեսպանատան կայքը։ Հանդիպման ազդակների շուրջ «Առավոտը» զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ:

– Պարոն Վարդանյան, նախ խնդրում եմ հիշատակեք, թե մասնավորապես ի՞նչ հայտարարություն է արել Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն, որը հայկական փորձագիտական-քաղաքական շրջանակներում մտահոգիչ է որակվում:

– Իրանի դեսպանն իր խոսքում օգտագործել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» եզրույթը, բայց չի ասել իբր «Հայաստանի բռնազավթման դատապարտման» մասին, ինչպես գրել էր Թուրալ Գանջալիեւի օգնականն իր «թվիթերյան» էջում: «Տարածքային ամբողջականություն» ասելով՝ մենք չպետք է հասկանանք այն, ինչը փորձում են հասկանալ Ադրբեջանում, կամ հարցը պետք է երկու տեսանկյունից դիտարկենք: Նախ՝ Իրանի համար տարածքային ամբողջականության շեշտադրումն առհասարակ կարեւոր է եւ առաջնահերթ իր երկրի ներքաղաքական խնդիրների համար, քանի որ Իրանը բազմազգ պետություն է, որում կան նաեւ որոշակի ազգեր եւ ժողովուրդներ, որոնք ունեն անջատողական դրսեւորումներ եւ որոնց վրա աշխատում են նաեւ դրսից՝ փորձելով այդ ուղղությամբ քայքայիչ գործողություններ իրականացնել Իրանում: Մյուս կողմից, Իրանը դաշնակից է տարածաշրջանի մի քանի երկրների, մասնավորապես՝ Սիրիային եւ Իրաքին, որոնց մասնատումն ամենեւին էլ ձեռնտու չէ իրեն: Այստեղ է կայանում տարածքային ամբողջականության սկզբունքի շեշտադրման կարեւորությունն Իրանի տեսանկյունից, եւ այս խնդրին առավել մանրամասն անդրադարձել է իմ ուսուցիչ եւ ավագ գործընկեր Վարդան Ոսկանյանը։ Դառնալով դեսպանի խոսքին՝ երբ Իրանն ասում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն», դա ամենեւին չի վերաբերում Արցախի Հանրապետությանը, այսինքն՝ Իրանն Ադրբեջանին չի դիտարկում Արցախի հետ միասին, քանի որ, ինչպես միջազգային իրավունքի մասնագետներն են փաստում, եւ այդպես էլ կա, Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Այստեղ նաեւ մի նրբություն կա. երբ Իրանն ասում է «տարածքային ամբողջականություն», չի մանրամասնում, թե դրա տակ ինչ նկատի ունի: Սա հետաքրքիր դիվանագիտական խաղ է: Կա նաեւ մեկ այլ հանգամանք, որն անպայմանորեն պետք է հաշվի առնենք: Իրանին ձեռնտու է ներկայիս «ստատուս քվոն», եւ Իրանում պաշտոնական-փորձագիտական մակարդակում միշտ շեշտում են, որ Իրանն իր սահմաններում պատերազմի վերսկսում չի ուզում:

– Ձեր գնահատմամբ, Ադրբեջանում Իրանի դեսպանի խոսքում կա՞ դիրքորոշում, որը հակասում է Արցախյան հակամարտության հարցում Իրանի պաշտոնական՝ չեզոք եւ հավասարակշռված դիրքորոշմանը:

– Այս շրջանում Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է ներկայացնել, թե հայ-իրանական հարաբերություններում իբրեւ թե լարվածություն կա, փորձում են նման թեզ զարգացնել, ինչը պետք է հայկական կողմը գիտակցի եւ թույլ չտա, որպեսզի Ադրբեջանն այդ քարոզչության համար պարարտ հող գտնի: Բացի այդ, կարծում եմ՝ Ադրբեջանում Իրանի դեսպանը, լավ կլիներ, որ մինչեւ Թուրալ Գանջալիեւի հետ հանդիպելը եւ այդ թեման քննարկելը, փոքր-ինչ ուսումնասիրեր վերջինիս հանդիպումները, որովհետեւ հենց վերջինիս հանդիպումներում նրա գործունեությունն ակնհայտ է. նա հանդիպում է, օրինակ, ԱՄՆ-ում իսրայելական լոբբիստական խմբերի հետ, ինչն Իրանում, կարծում եմ, լավ լույսի ներքո չեն դիտարկի՝ առավել եւս, երբ իրենց դեսպանը հանդիպում է մեկի հետ, ով սերտ հարաբերություններ ունի իսրայելական լոբբիստների հետ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930