Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ կալանքը կորցնում է իր հրատապությունը այսինքն՝ այլեւս պարզ չէ, թե ինչ նպատակի է ծառայում, ուրեմն անձը պետք է ազատ արձակվի»

Հունիս 22,2020 13:30

Արա Ղազարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատման մասին

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանի տեղեկացմամբ՝ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է: Այն սկզբունքորեն, իրավաբանորեն չի ազդում, չի կարող ազդել դատական գործի ելքի վրա: «Առավոտի» հետ զրույցում փաստաբանը միեւնույն ժամանակ նշեց՝ պարզ է այն, որ բոլորն արդեն պարտավոր են հաշվի առնել այս որոշումները:

Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է «դատարանի բարեկամի» (amicus curiae) կարծիքը՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:

Կարծիքում մասնավորապես ամրագրված է. «Թվում է, որ հստակ հղում չկա սահմանադրություններում՝ «սահմանադրական կարգի տապալմանը» վերաբերող հանցագործությունների մասին, բայց կարելի է եզրակացնել, որ կան ոչ ուղղակի հղումներ: Սահմանադրական կարգի, սահմանադրական կարգի տապալման, իշխանության  յուրացման կոնցեպտների նախադեպային իրավունքի պակաս կա, ինչն էլ վկայում է այն մասին, որ օրենքով սահմանված  դրույթների մեծ մասը, որոնք կարգավորում են այդ կոնցեպտները, մինչ օրս չեն կիրառվել: Սա իր հերթին ցույց է տալիս, որ չկա ավելի լավ փորձ, քան այն փաստական հանգամանքները, որոնց պարագայում անդամ պետություններում կքննվեն նման հանցագործությունները, մասնավորապես պետական դավաճանությունը:  Ինչ վերաբերում է քրեական օրենքների հետադարձ ուժի արգելմանը եւ օրենքներում հանցավոր գործողությունների հստակ,  ճշգրիտ բնութագրումներ տրամադրելու պահանջին,  սահմանադրական կարգի եւ սահմանադրական կարգի տապալման կոնցեպտների անճշտությունների վերաբերյալ քննադատությունները հնարավոր է մեղմի այն գիտակցումը, որ Վենետիկի հանձնաժողովի անդամ պետությունների միջեւ կարծես թե առկա է կոնվերգենցիա ՝ այդ հասկացությունները անորոշ, ոչ հստակ թողնելու մասով»:

Այս հիմքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, որ իրենց դիմումի վարույթը ՍԴ-ում վերսկսվելու է: Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել էին ՍԴ՝ պահանջելով պարզել՝ արդյոք Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածները, որոնք առնչվում են նրա խափանման միջոցին եւ քրեական հետապնդմանը, կարո՞ղ են կիրառվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ ՍԴ-ն կարո՞ղ է վարույթ սկսել, նա պատասխանեց. «ՍԴ-ն կարող է վերսկսել վարույթը, քանի որ եթե ամբողջությամբ խորհրդատվական կարծիքը ստացել է, իրենից է կախված արդեն, թե երբ կվերսկսի: Ըստ էության՝ կարող էր վերսկսել նաեւ առանց խորհրդատվական կարծիքները ստանալու էլ, դա ամբողջությամբ տեղավորվում է իր գործառույթներում: Բայց հիմա կարծում եմ արդեն ՍԴ-ն կարող է վերսկսել եւ վերջնական որոշում կայացնել դիմումի վերաբերյալ»:

Հարցին՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը եւ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի կայացրած վճիռը՝ կալանքը վերացնելու հետ կապված միմյանց հետ կապ ունե՞ն, իրավապաշտպանը պատախանեց. «Կապ չկա: Վենետիկի հանձնաժողովն ընդամենը մասնագիտական մարմին է, դատական մարմին չէ, եւ գործընթացը դատավարական չէ: Իսկ սա ՀՀ դատարանի կայացրած որոշում է: Որեւէ կապ չունեն մեկը մյուսի հետ, ուղղակի ժամկետների առումով համընկան»:

Հետաքրքրվեցինք՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական գործը՝ վերջին որոշման համատեքստում կարելի՞ է ցուցիչ համարել ՀՀ ներկայիս դատական համակարգի իրավիճակի վերաբերյալ, քանի որ կարծիքներ հնչեցին նաեւ, որ եթե իշխանությունը վեթինգ աներ, հիմա նման որոշում չէինք ունենա, նա պատասխանեց. «Վեթինգը որեւէ կապ  չունի եւ չի կարող ունենալ դատավորի որոշումների հետ: Վեթինգը բարեվարքության հետ կապ ունի: Հետեւաբար, եթե նման կարծիք է հնչել, դա միանշանակ կարծիք է: Վեթինգի նպատակն ընդհանրապես պատժելը չէ: Այդ պարագայում նույնիսկ եթե վեթինգ լիներ, եւ ենթադրենք մոտ երեսուն տոկոս դատավորները հրաժեշտ տված կլինեին դատական համակարգին, նոր  դատավորներ համալրեին, կարող էին նոր որոշում  կայացնել: Դա որեւէ կապ չունի քաղաքական կուրսի հետ: Դատավորի աշխատանքը որեւէ կապ չունի քաղաքական մեծամասնության քաղաքական ծրագրի հետ: Վեթինգն այստեղ բոլորովին կարեւոր չէ»:

Մարտի 1-ի գործով վերջին զարգացումներից ելնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ գործը մտել է փակուղի, Արա Ղազարյանը հորդորեց այդ հարցը հղել փաստաբաններին: Իսկ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերացման հետ կապված դատարանի որոշման մասին ասաց. «Խափանման միջոց կալանավորումը չի կարող երկար լինել. չի կարող լինել անժամկետ, անընդհատ, որովհետեւ կալանքը կոչված է, ուղղված է ընթացքի մեջ գտնվող որեւէ անիրավաչափ վարքագիծը կանխելուն: Եվ այդ վարքագիծը, եթե կա այդպիսին, ասենք օրինակ՝ վկաների վրա ճնշում գործադրելը, չի կարող անընդհատ ծավալվել, տեղի ունենալ: Սովորաբար խափանման միջոց կալանքը տեւում է մեկ, երկու, երեք ամիս, բայց ոչ տարիներ: Այնպես որ, գնալով հասունանում էր պահը, որ կալանքն այլեւս կորցրել է իր հրատապությունը՝ որպես խափանման  միջոց: Երբ կալանքը կորցնում է իր հրատապությունը այսինքն՝ այլեւս պարզ չէ, թե ինչ նպատակի է ծառայում, նշանակում է՝ կալանքը դադարում է լինել ողջամիտ, ուրեմն անձը պետք է ազատ արձակվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930