Տիգրան Ծատուրյանն ապրիլի 13-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Սեւադա Խաչատրյանի, «Առավոտ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու եւ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Հայցադիմումը եւ կից փաստաթղթերն ապրիլի 14-ին հանձնվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Արզումանյանի աշխատակազմին:
Ապրիլի 22-ից այն դատավոր Ա. Արզումանյանի վարույթում է, դատական նախնական նիստի օր դեռ չի նշանակված:
«Առավոտն» այս գործով ստացել է մայիսի 13-ի թվագրմամբ, բայց հունիսին՝ դատական ծանուցագիրը: Կից հայցադիմում, որպես այդպիսին՝ առկա չէ:
Կարդացեք նաև
2018թ. հունվարի 15-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ափինյանը, ծանոթանալով Արթուր Հովհաննիսյանի հայցադիմումին ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության, երրորդ անձ՝ «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ի` պատվի եւ արժանապատվության պաշտպանության պահանջի մասին, վարույթ ընդունեց լրագրողի հայցը:
Արթուր Հովհաննիսյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության, երրորդ անձ՝ «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ի` պատվի եւ արժանապատվության պաշտպանության պահանջով:
Չորս նախնական դատական նիստից հետո թիվ ԵԿԴ/0034/02/18 քաղաքացիական գործը այս տարվա մարտի 10-ին վերամակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին:
Այս քաղաքացիական գործը վարույթ ընդունելիս, դատարանը կիրառում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1998թ. հունիսի 17-ի նորմերը՝ հիմք ընդունելով 2018թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասը: Այսինքն, ամեն ինչ սկսվում է նորից:
Տեղեկացնեմ, որ մարտի 30-ին մեկ դատական նիստ է տեղի ունեցել:
Լրագրող Արթուր Հովհաննիսյանի՝ պատվի, արժանապատվության պաշտպանության պահանջի մասին գործով դատական նախապատրաստական անդրանիկ նիստը նշանակվել էր 2019թ. մայիսի 17-ին, դատավորն է Ռուբիկ Ափինյանը: Ըստ հայցվորի, առողջապահության նախարարությունն իր պաշտոնական տեղեկատվությամբ մեղադրել է իրեն՝ լրագրողին, կեղծիքին ապավինելու մեջ, ինչն իր հասցեին զրպարտանք է եւ վիրավորանք:
Լրագրող Արթուր Հովհաննիսյանը 2018թ. դեկտեմբերի 11-ին «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում որպես լրագրող հանդես է եկել ասուլիսով՝ կապված նախորդ օրը իրեն հայտնի դարձած մի փաստի մասին: Ասուլիսը լուսաբանել է «Առավոտը», որն այս գործով ներգրավված է որպես երրորդ անձ:
Ըստ հայցվոր լրագրողի աղբյուրի, Շիրակի մարզի Այգաբաց գյուղի դպրոցում մարդու պապիլոմա վիրուսի դեմ գարդասիլ պատվաստանյութը տասներեքամյա աշակերտուհիներին պատվաստելու ձախողված փորձ է տեղի ունեցել, ծնողները «դպրոցից դուրս» են հրավիրել բուժաշխատողներին:
Ասուլիսին Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ իր հայտնածը ահազանգ է, դեռեւս ճշտման փուլում գտնվող տեղեկություն է: Նա հիմնավորել էր, թե ինչու չի հասցրել ճշտել տեղեկությունները, քանի որ նշված դպրոցի ծնողներից փոխանցված տեղեկությունը ստացվել էր կեսգիշերին. «Ես այդ տեղեկությունը գիշերն եմ ստացել, դեռ չեմ հասցրել ճշտել, կպարզենք: Ես ուղղակի որպես ահազանգ եմ հնչեցնում այստեղ եւ եթե պարզվեց, որ այդ լուրը համապատասխանում է իրականությանը, ապա Շիրակի մարզի Այգաբաց գյուղի պոլիկլինիկայի բժշկուհիները դրա համար (եւ ղեկավարությունը) խստորեն պատասխան են տալու: Ես խոստանում եմ լրագրողական հետաքննություն սկսել եւ ավարտին հասցնել, պարզել, թե ինչ է իրականում կատարվել, եթե նման բան չկա, մենք, իհարկե, կտեղեկացնենք, որ այդ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, բայց վայ այդ բժշկուհիներին, այստեղից ես հայտարարում եմ իրենց ի գիտություն»:
Պատասխանող ՀՀ առողջապահության նախարարությունը նույն օրն իր պաշտոնական կայքում «Պետք չէ ապավինել կեղծիքին. Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներ կատարելու փորձ չի եղել» վերտառությամբ տպագրել է պաշտոնական տեղեկատվություն: Պաշտոնական կայքում գրված էր հետեւյալը. «Իսկ այսօր լրագրող Արթուր Հովհաննիսյանն իր ասուլիսում նշել է, թե իբր Շիրակի մարզի Այգաբաց համայնքում ծրագրի մեկնարկից առաջ փորձել են պատվաստումն իրականացնել դպրոցում: Եվ իբր ծնողները վռնդել են բժիշկներ կոչեցյալներին: Բանախոսն իրեն ապահովագրելու համար դիմել է լրագրողական հնարքի՝ նշելով, թե չի հասցրել ճշտել ստացված տեղեկատվությունը: Նախարարությունը խոսել է Այգաբացի դպրոցի տնօրենի հետ եւ պարզել, այնտեղ որեւէ մեկը չի պատրաստվում պատվաստում կատարել: Պարզապես սահմանված կարգով, համայնքի մանկաբույժը եւ բուժքույրը հանդիպում են ունեցել ծնողների հետ եւ ներկայացրել պատվաստման նպատակն ու ակնկալվող արդյունքը: Հանդիպմանը երեխաներ չեն մասնակցել, եւ որեւէ մեկը բուժաշխատողներին չի վռնդել: Այնպես որ, պետք չէ ապավինել կեղծիքին եւ ստահոդ լուրերին: Ժամանակն է սթափվելու»: Առողջապահության նախարարության կողմից տրված պաշտոնական տեղեկատվությունը տպագրվել է զանգվածային լրատվական միջոցներում:
Լրագրող Արթուր Հովհաննիսյանը խնդրում է, որպեսզի ՀՀ առողջապահության նախարարությունն իր պաշտոնական կայքում հերքի եւ լրագրողից ներողություն խնդրի պաշտոնական տեղեկության համար, եւ պարտավորեցնի նաեւ վճռի պատճառաբանական եւ եզրափակիչ մասերը տպագրել «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի www.aravot.am կայքում:
«Առավոտը» պաշտոնական ներկայացուցիչ դեռ չունի դատարանում:
Այս գործում երկու առարկություն կա. առաջինը ներկայացրել էր նախկին նախարար Լեւոն Ալթունյանը, մեկն էլ գործող նախարարը՝ Արսեն Թորոսյանը:
Հայցվոր լրագրողը հղում էր կատարել «Դե Հաեսը եւ Գիյսելեսն ընդդեմ Ավստրիայի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, որում մասնավորապես այն միտքն է, որ մամուլի վրա դրված է նման տեղեկատվության եւ գաղափարների տարածման խնդիր, հակառակ դեպքում, «մամուլը չի կարող կատարել «ժողովրդավարության պահակի» իր դերը»:
Մարտի 30-ի թվագրմամբ, դարձյալ հունիսին (հավանաբար ուշացումները պայմանավորված են արտակարգ դրության ռեժիմով), դատարանից ստացվել է որոշումը՝ գործը վարույթ ընդունելու մասին: Դատարանը միաժամանակ տեղեկացրել էր, որ գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով կհրավիրվի նախնական դատական նիստ, որը նշանակվել է հուլիսի 13-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.06.2020