Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանյան (zoom-ով) կարանտինի մեջ է»

Հունիս 22,2020 12:00

Կամ՝ «Նոր համաշխարհային դրամա՝ նոր աշխարհի համար»

Մոլեգնող համավարակի շրջանում նույնիսկ, երբ գերխնդիրն առողջության պահպանումն է, մեր արվեստասեր հանրությունը, հասկանալի պատճառով, հիմա էլ «հաճախում» է թատրոնների, երաժշտական կոլեկտիվների պաշտոնական ֆեյսբուքյան էջեր։

Օրերս հենց թատերասերների ֆեյսբուքյան գրառումներից տեղեկացանք, որ կայանալու է իսկապես թատերական իրադարձություն, մի օգտատեր էլ գրել էր. «Ուշադրություն, ուշադրություն, ZOOM-ով հունիսի 23-ին եւ 24-ին ամերիկացի  Ջոն Բլոնդելի ռեժիսուրայով ավելի քան աշխարհահռչակ 10 դերասանների մասնակցությամբ կկայանա «Վանյան կարանտինի մեջ է» ներկայացումը՝ ըստ Չեխովի «Քեռի Վանյա» ստեղծագործության։ Դերասանախմբում մեկ հայ կա. Վարդան Մկրտչյանը, որը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն է»։

«Առավոտը» կապվեց Վարդան Մկրտչյանի հետ. «Շուրջ երեք տարի առաջ Երեւանում ծանոթացա Ջոն Բլոնդելի հետ, որը Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքի Lit Moon թատերական ընկերության հիմնադիր գեղարվեստական ղեկավարն է։

Նա նաեւ Սանտա Բարբարայի թատերական քոլեջի թատերական արվեստի ամբիոնի վարիչն է ու պրոֆեսորը։

Ջոն Բլոնդել

Ռեժիսորը 1983-ից բեմադրել է ավելի քան 90 ներկայացում։ Չմոռանամ նշել, որ Ջոնը նաեւ թատերական մի շարք միջազգային փառատոների տնօրեն է։ Նա  ռեժիսուրայում ակնառու հաջողությունների համար արժանացել է 12 անկախ թատերական մրցանակների։

Մեկ կարեւոր փաստ եւս. եթե հիշողությունս չի դավաճանում, շուրջ 5 տարի առաջ դոկտոր Բլոնդելը հռչակվել է «Տարվա ուսուցիչ»։ Զրույցի ընթացքում պարոն Մկրտչյանը նշեց, որ Lit Moon-ը անկախ թատերական լաբորատորիա է, որը միավորում է էսթետիկ փորձարկումները միջմշակութային փոխհամագործակցությամբ եւ հասկացողությամբ։ Մեր խնդրանքին՝ փոքր-ինչ մանրամասնել ասվածը, Վարդան Մկրտչյանն ասաց. «Գործունեության առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի առաջարկի թատերական այնպիսի զգացողություններ, որոնք ընդլայնում եւ խորացնում են համաշխարհային թատերական եւ մշակութային  ավանդությունների հասկացությունները, ինչպես նաեւ խրախուսում եւ ներշնչում են միջմշակութային հասկացողություն՝ կենդանի թատերական ներկայացման միջոցով։ Ընդ որում, Lit Moon-ը զարգացնում է ֆիզիկական, իմիջի վրա հիմնված արդյունավետության բառապաշարը ու ճանաչում է ստացել տեղական ե միջազգային ասպարեզներում՝ իր նորարարական, եզակի  թատերական ոճի համար։ Իսկ 1992-ից այդ թատերական ընկերությունը իրականացրել է շուրջ 40 նախագիծ, մոտ 15 միջազգային փառատոն եւ ստեղծել է բազմաքանակ ռեզիդենցիաներ 7 եվրոպական երկրների դերասանների հետ միասին ու, բնականաբար, շրջագայություններ է ունեցել աշխարհի տարբեր անկյուններում»։ Զրույցի ընթացքում քանիցս պարոն Մկրտչյանը ափսոսանք հայտնեց, որ համավարակը արգելք հանդիսացավ Սունդուկյանի անվան թատրոնում ամերիկացի ռեժիսորի կողմից բեմադրություն իրականացնելուն, բայց համոզված է, որ դա մի օր իրականություն է դառնալու։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ բեմադրությունը ZOOM-ով կհեռարձակվի հունիսի 23-ին եւ 24-ին, յուրաքանչյուր օր երկուական արարով եւ, բնականաբար՝ տարբեր ժամային գոտիներում. Երեւանում՝ ժամը 23.00, ԱՄՆ Արեւմտյան ափ՝ ժամը 12-ին, Բիթոլայում եւ Տիրանայում՝ երեկոյան 9-ին, Սանկտ Պետերբուրգում ու Աթենքում՝ ժամը 22-ին եւ Թեհրանում՝ 23.30-ին։

Ջոն Բլոնդելը հեռակապով մեր հարցերին ու հետաքրքրություններին ի պատասխան՝ ասաց. «Դերասանական միջազգային կազմ է՝  8 տարբեր քաղաքներից՝ Երեւան, Աթենք, Բիթոլա, Հելսինկի, Լոս Անջելես, Սանկտ Պետերբուրգ, Սանտա Բարբարա, Թեհրան եւ Տիրանա։ Առաջին հերթին պետք է նշեմ ներկայացմանը մասնակից դերասաններիս անունները՝ խնդրում եմ ոչ մի անուն չսպրդի. Թեհրանից Ռամոնա Շահն է (Ընթերցող), Աթենքից՝ Եվդոկիմոս Ցոլակիդիսը (Սերեբրյակով), Սանտա Բարբարայից՝ Փեյջ Թաուտցը (Ելենա), Սանկտ Պետերբուրգից՝ Ելենա Կալինինան (Սոնյա), Սանտա Բարբարայից՝ Վիկտորիա Ֆինլայսոնը (Մարիա), Բիթոլայից Օգնեն Դրանգորվսկին է (Աստրով), Սանկտ Պետերբուրգից՝ Սերգեյ Մարդարը (Տելյեգին), Լոս Անջելեսից՝ Նինա Մալլինենը (Մարինա), Տիրանայից՝ Դրիտան Բորիչին (Եֆիմ)։ Նշեմ, որ երաժշտության հեղինակներն են Սանտա Բարբարայից Ջեյմս Քոննոլլին եւ ձեր համերկրացի Վաչե Շարաֆյանը։ Վստահ եմ, որ գիտեք՝ ներկայացմանը մասնակցում է ձեր Վարդան Մկրտչյանը՝ Վանյայի դերում, որը, թույլ տվեք հատուկ նշեմ, ոչ միայն տաղանդավոր դերասան է, այլեւ թատերարվեստի գիտակ եւ, որ ինձ համար շատ կարեւոր է՝ հիանալի անձնավորություն»։ Ջոն Բլոնդելը հավաստիացրեց, որ ինքը պետք է ինչ-որ բան աներ համավարակի ընթացքում, ինչ-որ կերպ արձագանքեր, նույնիսկ ստիպեր դերասաններին աշխատել եւ շարունակել ստեղծագործել. «Որպեսզի թատրոնը կենդանի լինի, այն պետք է միաձուլվի եւ համակերպվի կենսական նոր իրավիճակների պայմաններին։ Վաղուց էի մտածում ստեղծել իրապես միջազգային ընկերություն եւ աշխատել  ծանրաբեռնվածության մթնոլորտում, որպեսզի ստեղծեի նոր համաշխարհային դրամա՝ նոր աշխարհի համար։ Այս գործում ինձ նեցուկ եղավ Վարդան Մկրտչյանը։ Անկեղծանամ, որ ես Վարդանին պատմել էի այս գաղափարի մասին, իսկ երբ հարցրի, թե ո՞ւմ դերում նա կցանկանար մահանալ, պատասխանեց՝ Վանյայի։ Ես էլ ի պատասխան՝ ասացի. դե, ուրեմն արի իրագործենք ու դու էլ մահացիր (ժպտում է)»։

Զրույցի ընթացքում «Քեռի Վանյային» անդրադառնալու մասին ռեժիսորն ասաց. «Սա, միանշանակ, հիանալի ստեղծագործություն է, որը կարելի է եւ պետք է խաղալ հենց այս պահին, քանի որ այդտեղ նկարագրվում է ընտանիքին սպառնացող, խեղդող մթնոլորտը ճգնաժամի պայմաններում։ Գործընկերներիցս մեկը «Քեռի Վանյան» վերնագրել է «Պատերազմ երջանկության համար», եւ ես համամիտ եմ։ Տեսեք, մարդիկ հիվանդանում են, ինչու ոչ՝ սովի են մատնվում, բայց շարունակում են պայքարել երջանկության համար, սակայն ըստ էության նրանք պայքարում են հենց իրենց դեմ, միմյանց դեմ եւ իրենց իսկ սեփական ցանկությունների դեմ։ Նրանք աշխատում են կամ չեն աշխատում, խոսում են կամ չեն խոսում, սիրում են կամ չեն սիրում… Իսկ այս ամենը տեղի է ունենում վայրի, դաժան, ինչ-որ տեղ՝ ծիծաղելի մթնոլորտում, իսկ մենք՝ արվեստագետներս, փորձում ենք բացահայտել ստեղծագործության երգիծական եզրը։ Թեեւ կրկնվում եմ, բայց հասկացեք՝ անչափ ոգեւորված եմ։ Առանց համեստության ասեմ, որ  սա մեծ աշխատանք է, որտեղ ընդգրկված է դերասանների ֆանտաստիկ խումբ։  Հուսով եմ՝ սա կհանդիսանա փորձնական նախագիծ այլ նմանատիպ աշխատանքների համար։ Ավելին,  պատմության այս ժամանակաշրջանում, երբ մենք փակ ենք, երբ ինքներս մեզ հարց ենք տալիս այն մասին, թե ինչ տեղի կունենա հետագայում, եւ մեր կյանքը սեղմված-ճնշված է կարծես, պայթյունավտանգ եւ զուրկ հույսերից, այս պահին, կներեք դարձյալ անհամեստության համար, սա գուցե ամենակատարյալ բեմադրությունն է։ Չէ՞ որ այն լեցուն է զգացմունքներով, աբսուրդային հումորով, կրքով եւ անկասկած՝ լիարժեք ապրելու պահանջով»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930