«Այսօր առավոտյան ԱԺ խորհրդի նիստում տեղեկացրին, որ այսօր 13:00-ին արտահերթ նիստ է հրավիրված, որի ժամանակ երկրի մայր օրենքը պետք է փոփոխության ենթարկվի: Որքանով հասկացա՝ երեք ժամյա ռեժիմ է հայտարարված երկրորդ ընթերցման համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Ամբողջ աշխարհում դա ամիսներ է տեւում, բանավեճեր, հանրային քննարկումներ են լինում, իսկ ՀՀ-ում դա արվում է նման կերպ՝ օրենքը գալիս է խորհրդարան, առավոտ 9:30 իմանում ես, որ սահմանադրություն պետք է փոխվի, եւ այն փոխվում է: Սա լուրջ խնդիր է մեր միջազգային պարտավորությունների առնչությամբ»,-համոզմունք հայտնեց Մարուքյանը:
Նրա խոսքով. «Պարզվում է, որ ՍԴ չի ուղարկվելու այդ օրենքը, որովհետեւ երեք ժամվա ռեժիմ է սահմանված: Չի բացառվում, որ նիստին չմասնակցենք: Դեռ քննարկումների մեջ ենք, բայց խմբակցությունում գերակշռում է կարծիքը, որ անիմաստ է լինելու այդ նիստին գնալը»:
Հիշեցնենք՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծմանն ուղղված օրինագծով ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվելու:
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ նկատեց՝ իրենք ԶԼՄ-ներից են տեղեկացել սահմանադրությունում փոփոխություն ենթադրող օրինագծի մասին, այսինքն՝ պատգամավորներն անգամ պատշաճ կերպով չեն կարողանում իրազեկվել եւ ուսումնասիրել:
Կարդացեք նաև
«Այս հրատապությունը փաստում է ոչ այնքան ազնիվ վարքագծի մասին: ԱԺ բերվելիք օրինագիծը ենթադրում է, որ 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորները պետք է դադարեցնեն պաշտոնավարումը, իսկ ՍԴ նախագահը պետք է ընտրվի նոր ընթացակարգով: Երկու դրվագն էլ իրավական տեսանկյունից խնդրահարույց են: Այս հարցով ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար, բայց, փաստորեն, չեն սպասել միջազգային կառույցի պատասխանին,-փաստեց պատգամավորը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ