Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոփոխական Սահմանադրությունը

Հունիս 21,2020 23:30

Հիմարն օրենքներ չունի:
Թե ունի էլ՝ չընթերցված:
Թե ընթերցված՝ չընկալված:
Թե ընկալված՝ ապա սխալ:

Ես էլ, ձեզնից շատերի պես, ապրել եմ ՍՍՀՄ 1977 թ. Սահմանադրության, ՀՀ 1995թ. Սահմանադրության, ՀՀ 2005 թվականի Սահմանադրության եւ ՀՀ 2015թ. Սահմանադրության օրոք: Եվ, եթե հավատանք մեր վարչապետին, պիտի ապրենք եւս մեկ, ով գիտե, գուցե եւ՝ երկու նոր Սահմանադրությունների օրոք: Այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե այն, ինչ պատրաստվում են անել Սահմանադրական դատարանի հետ, պե՞տք է հաշվել առանձին Սահմանադրություն, թե՞ ոչ:

Ես, տարիքիս բերումով, հիշում եմ միայն 1995, 2003 (այն ժամանակ հանրաքվե եղավ, բայց Սահմանադրության փոփոխությունները չընդունվեցին), 2005, 2015, 2020 թվերի սահմանադրական քննարկումները: Եվ այդ բոլոր քննարկումներում կար 2 բեւեռ՝ իշխանություն եւ ընդդիմություն: Ընդդիմության ռազմավարությունը այդ բոլոր դեպքերում տարբեր էր՝ «դեմ»-ի քարոզչությունից մինչեւ հանրաքվեն բոյկոտելու կոչեր, սակայն կարեւոր է ամրագրել հետեւյալը՝ հասարակության մի մասը միշտ վստահ էր, որ իշխանությունը երկրի Հիմնական օրենքը փոխում է «իր հագով»՝ իր համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով:
Սահմանադրական իրավունքից հեռու մարդու համար (ես չեմ ամաչի խոստովանել, որ խոսքն իմ մասին է), այդ բոլոր Սահմանադրությունների իրավական նրբությունները քննարկելը բարդ է, ես անգամ չեմ էլ փորձի: Ես ընդամենը կկիսվեմ ձեզ հետ, ըստ իս, մի տարօրինակ դիտարկմամբ՝ Հայաստանում յուրաքանչյուր նոր իշխանություն ձգտում է ինչ-որ բան փոխել Սահմանադրության մեջ:

Այն բոլոր 5 անգամները, երբ ինձ փորձում էին համոզել նոր Հիմնական օրենքի անհրաժեշտության մեջ, ես լսում էի այն մասին, թե որքան վատն է գործող օրենքը, եւ որքան լավն է այն դառնալու: Թե ինչպես Սահմանադրական հանձնաժողովում կներկայացվեն բոլոր շահերը, ինչ հրաշալի կյանք կսկսվի նոր Սահմանադրության ընդունումից հետո, եւ, որ ամենակարեւորն է, ինչպիսի սրիկաներ են նրանք, ովքեր ընդդիմանում են այդ հրաշալի, նոր Սահմանադրության ընդունմանը:

Հիմնական օրենքի խորքային, իրական նշանակությունը կայանում է հակակշռումների եւ զսպումների մեխանիզմի ստեղծման միջոցով իշխանության սահմանափակման մեջ: Իշխանության ցանկությունը՝ փոփոխել Սահմանադրությունը, ըստ էության, խոստովանություն է այն մասին, որ ինքն այնքան էլ հարմարավետ չի զգում իրեն գործող զսպումների եւ հակակշռումների մեխանիզմի օրոք, այլ խոսքերով՝ նպատակը մեկն է՝ ստեղծել զսպումների եւ հակակշռումների նոր, գործող իշխանության համար ավելի հարմարավետ համակարգ: Եվ ահա այստեղ միանգամից հասկանալի է դառնում այն չքողարկված եռանդը, որով մեզ քարոզում են հօգուտ Սահմանադրության փոփոխությունների:

Իմ փորձը հուշում է, որ դա մեր Սահմանադրության վերջին փոփոխությունը չէ, եւ ահա թե ինչու. բանն այն է, որ մեր Սահմանադրությունները գրվում են նրա համար, որ դրանց չհետեւեն եւ դրանցում գրվածները չկատարվեն: Մարդը, որը հիշում է այս տարիների բոլոր սահմանադրական վայրիվերումները, կհիշի եւս մի բան՝ Հայաստանի ցանկացած իշխանություն բազմիցս ոտնահարել է Սահմանադրությունը: Այդ թվում՝ իրենց սեփական հեղինակած Սահմանադրությունը: Եվ ես այդ մարդկանց շատ լավ եմ հասկանում՝ նրանց պատկերացումներում զսպումներն ու հակակշռումները, որոնք, հիշեցնեմ, ցանկացած Սահմանադրության էությունն են, մի ավելորդ բեռ են, որոնք խանգարում են իրենց իրականացնել այն բոլոր հրաշալի մտահղացումները, որոնք մեզ տանելու են դեպի պայծառ ապագա: Հենց դրա համար էլ, իմ օրինապաշտ ընթերցող, ես քեզ կոչ եմ անում սահմանադրական փոփոխություններին վերաբերվել փիլիսոփայորեն, ինչպես՝ անձրեւին:

Վերջ ի վերջո, ի՞նչ տարբերություն, թե հատկապես ո՛ր Սահմանադրությունը մենք պիտի ոտնահարենք:

Ս. Յ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930