Լրահոս
Օրվա լրահոսը

Մի վարկաբեկեք ՄԻՊ կառույցն ու նրա ղեկավարին

Հունիս 21,2020 22:22

Միշտ ձեռնպահ եմ մնացել Հայաստանի տարբեր ժամանակների Մարդու իրավունքների պաշտպաններին քննադատելուց՝ հասկանալով, որ հայկական իրականության մեջ նրանք գործել են հնարավորինի սահմաններում։ Սակայն, երբ իշխանությունները չեն հանդուրժել, նույնիսկ այդ հնարավորի սահմաններում քննադատությունը և հարձակումներ են գործել պաշտպանների նկատմամբ, ապա փորձել եմ հրապարակային նրանց աջակցել։ Հիշեցում․ գործող իշխանությունների կողմից կոշտ քննադատությունների են արժանացել և՛ Լարիսա Ալավերդյանը, և՛ Արմեն Հարությունյանը, և՛ Կարեն Անդրեասյանը, այսօր էլ Արման Թաթոյանը (հիշենք վերջերս ԱԺ-ում իմքայլականների «հերոսական» հարձակումները)։

Երկար ժամանակ մտածում էի, արձագանքե՞լ օրեր առաջ, Արման Թաթոյանի նկատմամբ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի կողմից հարձակումներին, թե՞ ոչ։ Երկմտելու պատճառը երկար տարիներ վերջինիս հետ ջերմ հարաբերություններն են եղել։ Սակայն երբ պատահականորեն համընկավ Արման Թաթոյանի դեմ նաև ադրբեջանական (ժողովրդի՞) հարձակումները նույնպես, որոշեցի չլռել։

Այսպես, ամեն ինչ սկսվեց վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կապակցությամբ։ Մի կողմ թողնենք այն լուտանքներն ու հայհոյանքները, որ տեղացին դատավորի հասցեին։ Չհիշեցնեմ նաև մեր մի շարք իրավաբան, փաստաբան, իրավապաշտպան (թե՞ իշխանապաշտպան), հասարակական, քաղաքական՝ իրավական պետություն, ԵԽ ՄԻ կոնվենցիա, ՄԻԵԴ նախադեպային որոշումների «գիտակ, գերազանցիկ» գործիչներին, որ այդ նույն նորմերով, նույնիսկ ամենածանր հանցագործության մեջ մեղադրվողի հանդեպ պարտադիր չէ խափանման միջոց, որպես կալանք կիրառելը և որ դատավոր Նիկողոսյանը Քոչարյանի նկատմամբ դատավճիռ չի կայացրել։ Եվ նրանք համբերություն չունեն հետևելու բուն դատական ընթացքին, որպես արդար դատավարություն, որ հետո եզրահանգումներ անեն։

Եվ հերթական անգամ այս երգչախմբին միացավ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, հրապարակելով Արսեն Նիկողոսյանի, Ռուբեն Մելիքյանի և նրա մանկահասակ որդու լուսանկարը՝ այն համեմելով «խորը, տրամաբանական, պատճառահետևանքային» վերլուծությամբ։

Սրան արձագանքեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, բավականին զուսպ, քաղաքակիրթ քննադատությամբ․ «Բացարձակ մերժելի երևույթ է, երբ մանկահասակ երեխայի նկարն օգտագործելով՝ երկրի Հանրային խորհրդի նախագահն անում է այնպիսի գրառում, որով երեխային դարձնում է ատելության թիրախ: Առավել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքո արվող արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանությունները չեն հեռացվում»:

Սրան արդեն հետևեցին Ստյոպա Սաֆարյանի շարունակական հարձակումները Արման Թաթոյանի դեմ։

1.«Ուղղակի երիցս ճիշտ է, որ ամբողջ կյանքում եղել և մնում եք մարդու իրավունքների կիսապաշտպան, ինչպես ժողովուրդն է կատակում, ու մենք չենք մոռացել ու մոռանում դատական իշխանությունը ոչնչացնելու, մարդու իրավունքների զանգվածային խախտումները ջրելու գործում ձեր «համեստ» դերակատարումը»։

Կուզենայի պարոն Սաֆարյանին հիշեցնել, որ «կիսապաշտպան» որակումն իր գյուտը չի։ Դեռևս 2004թ․ «ադրբեջանասեր» Գեորգի Վանյանն այդպես անվանարկեց առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին, որի հետ դուք 2007թ․ «Ժառանգության» ցուցակով ընտրվեցիք պատգամավոր։ Ինչ վերաբերում է նախկինում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, ապա կուզենայի ընթերցողներին իրազեկել նախորդ տարիներին Արման Թաթոյանի և ՄԻՊ աշխատակազմի գործունեության մասին։ 2016թ․ «Սասնա Ծռերին» տասնյակ, գուցե հարյուրավոր աջակիցներ ձերբակալվում և տարվում էին տարբեր ոստիկանական բաժիններ։ ՄԻՊ աշխատակիցները և անձամբ Արման Թաթոյանը 24-ժամյա ռեժիմով աշխատում էին, այցելելով բաժիններ, հաճախ կարողանալով ազատել ձերբակալվածներին։ Քանի , քանի դեպքեր են եղել, որ անհայտացածների ընկերները, հարազատներն ինձ են դիմել աջակցության ակնկալիքով, այդ թվում ճանաչված գործիչների։ Գիշերվա ուշ ժամերին զանգահարում էի Արման Թաթոյանին, և նա շատ օպերատիվ կերպով տեղեկանում և տեղեկացնում էր անձի գտնվելու վայրը, ուղարկում իր աշխատակիցներին, ես էլ իմ հերթին փաստաբաններին։

Նույն ռեժիմով էր աշխատում նաև ՄԻՊ-ը 2018թ․ ապրիլ-մայիսյան դեպքերի ժամանակ։ Ցանկացած բռնության, ձերբակալման դեպքերում նույնպես կապվում էի Արման Թաթոյանի հետ և շատ դեպքերում հարցը լուծվում էր։ Բերեմ մեկ օրինակ․ ինձ դիմեցին, որ Արզնիից Երևան Թումո է եկել մի երիտասարդ, մասնակցել հանրահավաքներին և նրա ու նրա ընտանիքի նկատմամբ սկսվել են հետապնդումներ։ Զանգահարեցի Արման Թաթոյանին և ժամերի ընթացքում հարցը լուծվեց։ Բա՞, պարոն Սաֆարյան, այդ օրերին, երբ դուք հայտարարում էիք, որ շարժումն օրակարգ չունի և դասավանդում էիք ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում, ՄԻՊ-ը զօր ու գիշեր աշխատում էր։

2.«Հարգելի Ռեգինա, ցավոք մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը վեր է ածվել Միշիկի/միշիկականների իրավունքի պաշտպանի։ Ինչպես ինքը կասեր՝ բացարձակ անընդունելի է, որ հարկատուների փողերից աստղաբաշխական աշխատավարձ ստացող պաշտոնյան այդպես վարկաբեկում է այդ ինստիտուտը՝ այն ծառայեցնելով բացառապես իրեն նշանակած խմբակի ու յուրայինների շահերին, բայց կգա այն օրը, երբ Հայաստանը կունենա իր հասարակությանը ծառայող մարդու իրավունքների պաշտպան ու այդ օրը չի ուշանա»։

Այստեղ արդեն կուզենայի մեջբերել «նախկին, կոռումպացված ռեժիմի» տարիներին Ստյոպա Սաֆարյանի կարծիքը նույն ռեժիմի կողմից առաջադրված և հաստատված Մարդու իրավունքների պաշտպանների մասին 2017թ․փետրվարի 17-ին․

« Մարդու իրավունքների բոլոր պաշտպաններն անխտիր աչքի են ընկել իրենց ուրույն և համարձակ ձեռագրով, ինչի հաշվին ՄԻՊ ինստիտուտը շահեկանորեն տարբերվել է բոլոր մյուս պետական կառույցներից։ Լարիսա Ալավերդյանի դեպքում դա սեփականության իրավունքի և իրացման գոտու հարցերն էին՝ հայտնի սկանդալային արտահերթ զեկույցով։ Արմեն Հարությունյանի դեպքում՝ մարտի 1-ի աղմկահարույց զեկույցն էր՝ բավական անսպասելի գնահատականներով։ Կարեն Անդրեասյանի դեպքում դա իր սկզբունքային դիրքորոշումներն էին վերջին զեկույցում արձանագրված հայտնաբերումների շուրջ։ ՄԱՀՀԻ-ում այսօր հյուրընկալված ներկայիս ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ոչ միայն ապացուցեց, որ չափազանց բաց է հասարակական և իրավապաշտպան դաշտի հետ համագործակցության առումով, այլ որ իր բարձր նշաձողը կլինի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ինստիտուցիոնալ ազդեցությունը և կարողությունները մեծացնելը։ Հաճելիորեն զարմացած եմ նրա համակարգային և կոնցեպտուալ մտածողությունից։ Սպասումներս գերազանցեց»։

Հարգելի Հանրային խորհրդի նախագահ, հարգելի հասարակական գործիչներ, քաղաքացիներ, անկախ ձեր քաղաքական համակրանքներից և հակակրանքներից, մի վարկաբեկեք ՄԻՊ կառույցն ու նրա ղեկավարին, բացարձակապես չքաղաքականացված, անկախ պետական կառույցին։

Այժմ այն մասին, թե ինչու այնուամենայնիվ, որոշեցի գրել սույն հոդվածը, որի պատճառով թերևս , առնվազն սառեն իմ ու Ստյոպա Սաֆարյանի նախկին ջերմ հարաբերություններն , ինչպես նաև «հեղափոխության նվիրյալների» կողմից հարձակումների ենթարկվեմ։

Երկու օր առաջ Արման Թաթոյանից իմացա, որ ոմն ադրբեջանցի Ալեքսանդր Շապիրո-Սուլեյման հետևյալ + 7 985 504- 52- 52 հեռախոսահամարով զանգահարել և սպառնացել է Արման Թաթոյանին։ Թաթոյանի կողմից հեռախոսն անջատելուց հետո, ադրբեջանցին ուղարկել է հետևյալ հաղորդագրությունը՝ տառացի․

«Очень не красиво чтобы бросили телефон наверное такой же вы омбудсмен или кто вы Я не знаю но ничего я доложу куда надо а вашем поведении я вам даю слово»։

Տեսնես ո՞ւմ է բողոքելու։

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930