Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի փաստաբան. «Հասկանում են, որ նույն դատավորին քաղաքական բնույթի գործ մակագրելը անհեռանկարային է»

Հունիս 21,2020 17:34

«Տպավորությունը ոչ թե դատավորից, այլ որոշումից պետք է ստանամ»,-այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Այն փաստը, որ դատարանը մերժեց միջնորդությունը, հույս է առաջացնում, որ դատարաններում ամեն ինչ վերջացած չէ, եւ ես հուսով եմ, որ նաեւ այն միտքը, որ մենք բարձրաձայնում ենք, որ դատարանի նախագահն ընտրում է, թե ում մակագրի գործը՝ վստահ լինելով, որ դատավորները կբավարարեն, նաեւ հույս ունեմ, որ այս մոտեցումն է դատավորի վրա ազդել այն իմաստով, որ… Այսինքն, ի վերջո, պետք է այնպես լինի, որ եթե որեւէ գործ գալիս է դատարան, պետք է մակագրվի այնպիսի դատավորի, որը պատահական ընտրվեր: Ամբողջ խնդիրն այն է, որ համակարգչային եղանակով չի մակագրվում, ու  փորձը ցույց է տալիս, որ օրինակ Շենգավիթի դատարանում կար դատավոր, որը քննեց Քոչարյանի կալանքի միջնորդությունը եւ դրանից հետո այն հայտնի գաղտնալսման ձայնագրումից հետո ես չեմ հիշում որեւէ քաղաքական բնույթի գործ, որ նույն դատավորը քննի: Ինչո՞ւ: Պատահական այնպես ստացվեց, որ էլ իրեն չի մակագրվում, հա՞: Ուղղակի հասկանում են, որ ցանկացած դեպքում նույն դատավորին քաղաքական բնույթի գործ մակագրելը անհեռանկարային է: Մյուս դատավորը Արտուշ Գաբրիելյանն էր, բոլոր քաղաքական բնույթի գործերն ինքն էր քննում: Հիմա այս ձեւով ընտրվում են այն դատավորները, ովքեր  կբավարարեն»,-ասաց փաստաբանն՝ անդրադառնալով  դատավորի վերաբերյալ իր տպավորության մասին հարցին:

Սարգսյանը նաեւ ասաց.«Ես ուրախ եմ, որ դատավորը կարողացավ իր մեջ այդ ուժը գտնել: Մեր պայքարը նրա համար էր, որ դատավորն ի վերջո հասկանար՝ այս մեթոդը, որն իշխանություններն ընտրել են, որ դատարանի նախագահն ընտրել է, ինքը չլինի դրա մասնակիցը: Ես ուրախ եմ, որ դատավորը չեղավ դրա մասնակիցը»:

Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրակաշառք տալու համար. ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020թ. փետրվարի 1-ին հարուցված եւ վարույթում քննվող քրեական գործի  նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի եւ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց։ Կազմակերպված խմբի համակարգված և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման եւ կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ  ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուր անձին 10․000 ՀՀ դրամ։

Կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց միջոցով ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի և կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից տրամադրված միջոցների հաշվին քաղաքական կուսակցությունների դաշինքին և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքի ընտրողներին 17194 քվեի համար տրվել է ընդհանուր 171.940.000 ՀՀ դրամ կաշառք:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930