Լրահոս
Օրվա լրահոսը

Մի համաճարակի պատմություն․ թե ինչպես հաղթահարվեց 110 տարի առաջ բռնկված Մանջուրյան ժանտախտը

Հունիս 21,2020 23:00

Նոր կորոնավիրուսի համավարակը փոխեց աշխարհի կյանքը․ այն կարծես «թափվեց» մեր գլխին երկնքից՝ հանկարծակիի բերելով իրեն ամենազոր երևակայող մարդուն, սակայն իրականում պատմությունն այնքան էլ չի սիրում «հանկարծակի» բառը․ այն պարբերաբար կրկնվելով՝ մտածելու առիթներ ու ազդակներ է հղում մարդկությանը․․․ Նոր կորոնավիրուսի համավարակի «փիլիսոփայության» ուսումնասիրումը հանձնելով ժամանակի դատին՝ վերհիշենք մեկ այլ համաճարակի պատմություն, որը նաև պատմություն է բժշկական սխրանքի ու անձնազոհության մասին․․․

1910 թ․-ին Չինաստանի հյուսիս-արևելյան հատվածում բռնկվեց զարհուրելի մի համաճարակ, որն ընդունված է կոչել Մանջուրյան ժանտախտ։ Որոշ հաշվարկների համաձայն՝ համաճարակի բռնկումից ի վեր՝ 1910 թ․-ի աշնանից մինչ համաճարակի ավարտը (1911 թ․-ի գարուն) մահացավ 63 հազար մարդ։ Համաճարակը գրավեց միջազգային հանրության ուշադրությունը, երբ տարածվեց մինչև ներկայիս չինական Հեյլունցզյան նահանգի վարչական կենտրոն Խարբին քաղաքը։ Խարբինն այդ ժամանակ այսպես կոչված Մանջուրիայի՝ գյուղատնտեսական նշանակություն ունեցող, բայց և քիչ բնակեցված շրջանի մի մասն էր կազմում․ Մանջուրիան տեղակայված էր Չինաստանի, Ճապոնիայի և Ռուսաստանի ազդեցության գոտում։ Տարածքի մեծ մասը կառավարվում էր Չինաստանի կողմից, Ճապոնիան կառավարում էր Դալյան նավահանգիստը, իսկ Ռուսաստանը վերահսկում էր Չին-արևելյան երկաթգիծը։ Խարբինը բնակեցված էր տարբեր ազգերի ներկայացուցիչներով, տեղաբնակներից զատ այնտեղ ապրում և աշխատում էին ռուսներ, ճապոնացիներ, ամերիկացիներ, եվրոպացիներ, որոնք նաև զբաղվում էին առևտրով, մասնավորապես մորթու առևտրով։

Մոնղոլական արջամուկ (Marmota sibirica)

Ենթադրաբար հենց այդ զբաղմունքն էլ վարակի տարածման պատճառ դարձավ։ Մոնղոլական կամ սիբիրյան արջամուկը տարածված է Մոնղոլիայի և Մանջուրիայի տափաստաններում։ Դարասկզբին մորթիների մշակման տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ արջամկան մորթին ևս հետաքրքրության առարկա դարձավ արտադրողների շրջանում․ այն լավ այլընտրանք էր շատ թանկարժեք ու շքեղ մորթիներին։ Արձագանքելով արտասահմանյան ընկերությունների պահանջարկին՝ հազարավոր մարդիկ սկսեցին զբաղվել արջամկան որսով, որի մորթու արժեքը մինչ հիվանդության բռնկումը մի քանի անգամ բարձրացել էր։ Որսորդները երկար ժամանակ խորշում էին արջամկան միս ուտելուց, սակայն և չէին շտապում վերացնել հիվանդ կենդանիների մորթիները, հատկապես որ դրանք բավականին թանկ արժեին։

Համաճարակի ճշգրիտ սկիզբը թեև դժվար է որոշելը, սակայն առաջին անգամ այն պաշտոնապես հաստատվել է Մանջոուլիում՝ ռուս բժիշկների կողմից։ Հիվանդների ախտանշանները մտահոգիչ էին՝ տենդ արյունախխման (հազալիս խորխում արյան հետքերի առկայություն) նոպաներով։

Կարանտինային կենտրոնների դեր էին կատարում բեռնատար վագոնները

Եթե Covid-19-ը տարածվում էր ավիափոխադրումների միջոցով, ապա Մանջուրյան ժանտախտի տարածման ուղին երկաթգիծն էր։ Հիվանդությունն այդպիսով հասնում է Խարբին, ինչպես նաև դեպքեր են գրանցվում երկաթգծային այլ խոշոր կենտրոններում, ինչպիսիք են Տյանցզինը, Պեկինը, Ուհանը։ Խարբինի խիտ բնակեցված շրջաններում հիվանդությունը տարածվում էր կայծակնային արագությամբ․ 1910 թ․-ի նոյեմբերի 8-ին Խարբինում գրանցվել էր արդեն 5272 մահ՝ վարակից։

Սակայն հարկ ենք համարում նշել, որ հաշվի առնելով 20-րդ դարասկզբին բնորոշ կոմունիկացիոն, լոգիստիկ, նյութական և այլ դժվարությունները, արձագանքը համաճարակի բռնկմանն արագ էր ու արդյունավետ, ընդ որում համաճարակի դեմ պայքարում «ինքնաբուխ» կերպով համախմբվեցին տարբեր երկրներ՝ մի կողմ թողնելով քաղաքական տարաձայնությունները։

Խարբին քաղաքը փրկելու և առհասարակ համաճարակի մարման հարցում անգնահատելի է բժիշկ Ու Լյանդեի դերը։ Ու Լյանդեն էթնիկ չինացի էր՝ ծնունդով Մալայզիայից, որն ավարտել էր Քեմբրիջի համալսարանը և արդեն իսկ հայտնի էր բերի-բերի հիվանդության իր ուսումնասիրություններով։ Իշխանությունների կողմից հակահամաճարակային անհրաժեշտ գործողությունները կյանքի կոչելու լիակատար ազատություն ստանալով՝ Ու Լյանդեն գործի է անցնում։

Բժիշկ Ու Լյանդեն

1910 թ․-ի դեկտեմբերի 27-ին Խարբինում մահացավ ճապոնական հյուրատան տիրուհին։ Ու Լյանդեն ու նրա օգնականը իշխանություններից գաղտնի դիահերձում իրականացրեցին, ինչը չափազանց ռիսկային էր, քանի որ չինական միջնադարյան կանոններով դա ծանր հանցագործություն էր գնահատվում։ Ու Լյանդեին հաջողվեց մահացածի հյուսվածքներից առանձնացնել վարակի հարուցիչը՝ ժանտախտի փայտիկը (Yersinia pestis)։ Ճապոնացի ու ռուս իր գործընկերներից անկախ Ու Լյանդեն հանգեց այն եզրակացության, որ գործ ունեն ոչ թե այտուցային՝ բուբոնային, այլ թոքային ժանտախտի հետ, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Մինչ Ու Լյանդեի բացահայտումը վարակի փոխանցման ճանապարհի մասին պատկերացում անգամ չկար։

Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով․ Ու Լյանդեի կարևորագույն բացահայտումներից մեկը

Այս կարևոր բացահայտմանը նախորդել էր Ու Լյանդեի խիստ հրահանգը՝ կրել թանզիֆից և բամբակե կտորից պատրաստված հաստ դիմակներ, որոնց մշակմանը մասնակցել էր անձամբ բժիշկը։ Պաշտպանիչ դիմակների շնորհիվ չինացի բազմաթիվ զինվորներ ու բժիշկներ փրկվեցին վարակվելուց։

Ստեղծվեցին կարանտինային կենտրոններ՝ հիմնականում օգտագործելով բեռնատար վագոնների բազան։ Դրանցում տեղավորում էին մարդկանց, որոնք կոնտակտավոր են եղել, մահացածների հարազատներին և արջամկան որսով ու առևտրով զբաղվողներին։ Եթե պացիենտի մոտ 5-10 օրում ի հայտ չէին գալիս վարակման ախտանշաններ, նրան ազատ էին արձակում՝  դաստակին կապելով մետաղալարե ապարանջան, որի վրա կապարե պիտակ էր փակցված, ինչը նշանակում էր, որ մարդն առողջ է։ Սակայն եթե ախտանշաններն արտահայտվում էին, դա նշանակում էր, որ ողջ վագոնը դատապարտված է, քանի որ թոքային ժանտախտից մահանալու հավանականությունը չափազանց մեծ էր։

Ու Լյանդեի կողմից մշակած մառլյայից ու բամբակե կտորից պատրաստված դիմակը

Որոշումները, որոնք ստիպված էր կայացնել Ու Լյանդեն, շատ հեռու էին մեղմ լինելուց, դրանք ինչ-որ չափով հեղափոխական էին չինական իրականության համար, սակայն հաշվի առնելով բնակավայրերի սանիտարահիգիենիկ սարսափելի պայմանները, համաճարակի տարածման արագությունն ու մահացության գրեթե 100 տոկոսանոց ցուցանիշները՝ բժշկի հակահամաճարակային միջոցառումներն արդարացված ու տեղին էին։

Յուրաքանչյուր տունը, որտեղ հիվանդ էր եղել, այրվում էր ամբողջությամբ, արժեքավոր տներն ախտահանվում ու փակվում էին, Ու Լյանդեն խստորեն հետևում էր, որ այրվեն մահացածների բոլոր իրերն ու հագուստները։

Սակայն Ու Լյանդեն հասկանում էր, որ ավելի խիստ միջոցներ են հարկավոր համաճարակը կանգնեցնելու համար և այդ ճանապարհին նա մահացածների մարմինների դիակիզման թույլտվություն է խնդրում իշխանություններից՝ շատ լավ գիտակցելով, որ դա դեմ է չինական օրենքներին ու ավանդույթներին․ սակայն փողոցներում կուտակված անշունչ մարմինները վարակի տարածման եւս մեկ աղբյուր էին․․․ այդպիսի թույլտվություն նա ստանում է․․․

Մահացածների մարմինների դիակիզման թույլտվությունը չինական օրենքներին հակասող, բայց ահագնացող համաճարակի դեմ պայքարի անխուսափելի ճանապարհն էր

Ու Լյանդեի հակահամաճարակային միջոցառումները արդյունք տվեցին․ այսպես կոչված «սանիտարական գոտիները», կարանտինը, բլոկադան, մեկուսացումը, տեղաշարժման արգելքներն ու բժշկական դիմակների կրումը նպաստեցին, որ մինչև հունվարի վերջ քաղաքում վարակը նահանջի։

Դիակների հիմնական մասի դիակիզման արարողությունից հետո Լյանդեն առաջին հայացքից տարօրինակ հրահանգ տվեց չինացիներին՝ որքան հնարավոր է «ուրախ» տոնել չինական Նոր տարին, որը նշվելու էր 1911 թ․-ի հունվարի 31-ին․ բնակիչներին խորհուրդ տրվեց «հրավառություն» կազմակերպել, պայթուցիկներ տրաքեցնել, որոնց պայթեցման արդյունքում  ծծումբ պարունակող նյութեր են արտազատվում, իսկ ծծումբն ու դրա ակտիվ միացությունները բավականին լավ ախտահանիչ էֆեկտ ունեն։

Խարբինում վարակի վերջին դեպքը գրանցվեց 1911 թ․-ի մարտի 1-ին, և թեև վարակը շարունակում էր տարածվել երկաթգծի երկայնքով՝ ներառելով նորանոր տարածքներ, հակահամաճարակային խիստ միջոցառումների արդյունքում 1911 թ․-ի ապրիլին համաճարակն ամբողջությամբ հաղթահարվում է․ սա կարևորագույն ձեռքբերում էր, քանի որ այն պանդեմիայի վերածվելու շատ մեծ միտում ուներ։

Պաշտպանիչ դիմակները բազմաթիվ բուժաշխատողների ու զինվորների կյանքեր փրկեցին

1911 թ․-ի ապրիլին Մուկդենում (Չինաստանի ներկայիս Շենյան քաղաքը) կազմակերպվեց բժշկական միջազգային գիտաժողով, որի շրջանակներում քննարկվեցին ժանտախտի դեմ պայքարի հարցերը։

Գիտաժողովին մասնակցեցին բժիշկներ ԱՄՆ-ից, Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ավստրո-Հունգարիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Մեքսիկայից, Չինաստանից։ Քննարկումները շոշափում էին ամենատարբեր հարցեր՝ միֆերի ցրումից մինչև մանրէների շտամների առանձնացում, բարձրացվեց նաև անախտանիշ վարակակիրների ու սուպեր տարածողների թեման, սակայն գլխավոր թեման համաճարակի մարումն էր․ Հակահամաճարակային ո՞ր միջոցառումներն էին առավել արդյունավետ՝ վստահաբար արագ կարանտինն ու տեղաշարժման սահմանափակումները, պաշտպանիչ դիմակների կիրառությունն ու վարակակիրների մեծամասնության մեկուսացման համար նախատեսված հատուկ հոսպիտալների արագ կառուցումը։ Գիտաժողովի գլխավոր բանախոսն Ու Լյանդեն էր, որն իր եզրափակիչ ելույթում ասաց․ «Պետք է գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը Չինաստանում բժշկական արդյունավետ կրթություն ապահովելու համար»։

1935 թ․-ին Ու Լյանդեի թեկնածությունն առաջադրվեց Նոբելյան մրցանակի՝ համաճարակի դեմ պայքարում ցուցաբերած հաջողությունների համար

Շենյանի գիտաժողովին ընդունված դրույթները մինչ օրս գործուն են համաճարակների դեմ պայքարում և միջոցները, որոնք այսօր ձեռնարկվեցին նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, շատ նման են այն գործողություններին, որոնք իրականացվել էին 110 տարի առաջ Չինաստանի հյուսիս-արևելքում։

1911 թ․-ին աշխարհի լավագույն բժիշկներն ու համաճարակաբանները ձգտում էին հասնել Չինաստան ու, չնայած մեծ ռիսկերին, մասնակցել Շենյանի գիտաժողովին՝ ճշմարտությանն ավելի մոտ լինելու համար․․․ Գուցե մեկ-երկու շաբաթ կամ մի քանի ամիս անց նոր կորոնավիրուսի լիարժեք հաղթահարման փաստը ևս իր շուրջը հավաքի աշխարհի լավագույն բժիշկներին, իսկ մինչ այդ մեզ 21-րդ դարի այս անսահման հարմարավետության միջավայրում մի քանի շատ պարզ գործողություններ է մնում անել՝ կրել դիմակներ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն։

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի և այն բազմաթիվ համաճարակներ է հաղթահարել, և այս մեկը նույնպես բացառություն չէ․․․

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930