Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը կբողոքարկի Ծառուկյանին չկալանավորելու դատարանի որոշումը. վստահ է Ծառուկյանի փաստաբանը

Հունիս 21,2020 16:47

Քիչ առաջ դատարանը (Շենգավիթի նստավայր) մերժեց ԱԱԾ-ի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:

Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանի՝ որոշումը հրապարակելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց. «Որոշումը շատ ծավալուն է, դրան ծանոթանալուց հետո դիրքորոշում կարտահայտենք: Չեմ բացառում, որ նույնիսկ այս պարագայում բողոքարկման անհրաժեշտություն տեսնենք՝ կախված որոշման բովանդակությունից: Որովհետեւ դատարանն այս պահին երկու հարց է որոշում՝ կամ  բավարարել, կամ մերժել: Կարող է հիմնավոր կասկածի մասով հաստատված լինի կամ մերժված լինի: Ես ուրախ եմ, որ դատարանը կարողացավ իր մեջ ուժ գտնել եւ վեր կանգնել քաղաքական գործընթացներից: Ակնհայտ է, որ քաղաքական գործընթացների վերջին օղակը դատարանը պետք է լիներ, ինչը խայտառակություն կլիներ իրավական պետության համար, որովհետեւ այն փաստերը, որոնք ներկայացվում էին, շատ ակնհայտ էին, որպեսզի կալանավորումը մերժվեր»:

Փաստաբանը նաեւ նշեց՝ առաջին նիստին գրեթե վստահ էր, որ դատարանը կալանավորման որոշում կկայացներ. «Որովհետեւ այն գործընթացները, որոնք ընթանում էին, այդպիսին էին: Բայց դատաքննության ընթացքում երբ մեր փաստարկները ներկայացրեցինք, եւ ակնհայտ էր, որ դրանց որեւէ հիմնավոր հակափաստարկ չէր ներկայացվում, այս առումով որոշակի վստահություն ծագեց, որ հնարավոր է՝ դատարանը այսքան անօրինականությունների տեղիք չտա»:

Դատախազության՝ վերաքննիչ դատարան բողոքարկելու հավանականության մասին էլ փաստաբանն ասաց, որ դատախազությունը եզակի դեպքերում է, որ չի բողոքարկում. «Ուր մնաց այս տիպի գործը, որտեղ քննչական մարմիններն ու դատախազությունը իշխանական մաս են կազմում, նրանք, ակնհայտորեն, վստահ եմ, բողոք կներկայացնեն, որովհետեւ նրանց նախորդ քայլերը վկայում են դրա մասին: Եթե ստեղծվեց այս քրեական գործը, ստեղծվեց այս կալանավորման գործը, վստահ եմ, որ դրա շարունակությունը կլինի»:

Սարգսյանի խոսքերով. «Մենք ընկալում էինք, որ դատարանը հասկանալով քաղաքական բնույթը՝ մնացած փաստերի մեջ առավել խորամուխ կլինի, եւ նույնիսկ սա ազդեցություն կգործի, որպեսզի մերժի: Հաջորդը՝ այս քրեական գործն ի սկզբանե ապօրինի է քննվում, որովհետեւ Ազգային անվտանգության ծառայությունն ընդհանրապես իրավունք չունի այս գործը քննելու, անկախ նրանից՝ քննիչ են, թե՝ ոչ, դա հավասարազոր է, որ մեզանից յուրաքանչյուրն այս գործը քննի, որովհետեւ օրենքով իրավասու չեն: Պետք է քննեն Հատուկ քննչական ծառայության քննիչները: Սա, ամբողջ այս շղթան քրեական գործի ցանկացած փաստաթուղթ դարձնում է անթույլատրելի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930