ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան. Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը (նստավայրը՝ Շենգավիթ) հրապարակելու է Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը:
Մինչ դատարանի շենք մուտք գործելը Ծառուկյանը բժշկական դիմակ հագավ (մինչ այս նա դիմակ չէր կրում), ապա խոսեց լրագրողների հետ, կրկնեց այն ամենը, ինչ ասում էր նախկինում. «Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, ներկայացրել եմ երկրի իրավիճակը՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, համաճարակի: Ոչ մի բան… ասենք, դա ժամանակը ցույց կտա: Ոչ մի հիմնավորում չկա իմ վրա: Ես ասենք, թե էսօր քաղաքական հիմնական պատվեր ա, որը դուք դա բոլորդ տեսնում եք, ես ասենք թե համ գործընկեր էի, համ հուշագիր էի ստորագրում, համ ասենք թե սեփականատեր էի, որ գնում էին, նայում, տեսնում, թե ինչ աշխատանք է կատարված, երկիրը ինչ-որ կարողանամ՝ լավ ներկայացնեմ: Ինչ որ արել եմ, արել եմ իմ երկրի պատվի համար, ժողովրդի համար, ապագայի համար: Ծառուկյանը եթե այսօր հայտարարեր՝ օ՜, հոյակապ, վարչապետը, այս նոր իշխանությունն ինչեր է արել»:
Ծառուկյանը հայտարարեց՝ ժողովրդին դնում են թյուրիմացության մեջ՝ կապելով հների հետ. «Չի կարելի անընդհատ հների հետ կապել, հների հետ… նայելով Մուկուչյանը, ասենք թե ով ա եղել, մինչեւ հիմա խի՞ կա, որ ասում են առաջին ամենակեղծարարը…»:
ԲՀԿ առաջնորդը կրկին պնդեց՝ սա քաղաքական պատվեր է:
Կարդացեք նաև
Արթուր Վանեցյանի կուսակցության հետ համագործակցելու մասին էլ Ծառուկյանն ասաց՝ ստորագրած ոչ մի փաստաթուղթ չկա. «Բանակցում է ամբողջ թիմը: Այսօր պետք է ազգովի միավորում լինի, իմը, քոնը չլինի»:
Հարցին՝ Սերժ Սարգսյանի հետ կհամագործակցի՞, Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ մեկի հետ չեմ համագործակցում: Հանդիպումներ ենք կատարում Դաշնակցության հետ, քննարկում մոտեցումները, սկզբունքները»:
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին հարցին էլ Ծառուկյանը պատասխանեց՝ Քոչարյանն ինքն է որոշելու՝ զբաղվի՞ քաղաքականությամբ, թե՞ ոչ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ