Հայաստանյան քաղաքական, հասարակական գործիչների գերակշիռ հատվածին լսելիս և կարդալիս, շարունակում ես զարմանալ, թե ինչպես մարդը կարող է բացարձակապես զուրկ լինել նախկինում իր իսկ հռչակած, իբր դավանած սկզբունքներից։ Ժողովրդավարություն, իրավական պետություն «բոռացողներն» այսօր հայհոյում են ոչ իշխանահաճո որոշումներ կատարող դատավորներին և ծափահարում նախկինում և ներկայում պատվիրված դատական ակտեր դակող դատավորներին և քրեական գործեր հարուցող քննիչներին և դատախազներին։
Մարդու իրավունքների շատ պաշտպաններ, այժմ «չեն նկատում» ակնհայտ խախտումներ՝ անմեղության կանխավարկածից սկսած, շարունակած խաղաղ հավաքների արգելքով, ոստիկանության բռնի գործողություններով, վերջացրած քաղաքական հետապնդումներով։ Կոռուպցիայի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունները լուռ են, ԶԼՄ-ներինը՝ կիսալուռ։ Քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ երեկ փառաբանում էին, հաճոյանում, ժպիտները դեմքերին առաջարկում համագործակցել այս կամ այն քաղաքական առաջնորդների հետ, այսօր նույն մարդիկ նրանց հայհոյում և նախատում են։ Երեկ լուրջ դեմքով (որոնց զգալի մասն, ի դեպ, նախկինում եղել է կոմկուսի անդամ) «վերլուծում» էին Ռուսատանի հետ դաշնակցային հարաբերությունների կարևորության մասին, այսօր հայհոյում են Ռուսաստանին և գովերգում արևմուտքին։
Գործիչների մի մասն էլ հակառակը՝ երեկ՝ արևմուտք, այսօր՝ Ռուսաստան։ Եվ այս բոլորը նույնպես լուրջ դեմքերով խոսում են Հայաստանի սուվերենության մասին, երբ իրականում այլ պետության նկատմամբ թշնամանք հրահրելով ոչ թե սուվերենության մասին են մտածում, այլ լավագույն դեպքում՝ «ավելի լավ» հովանավորի։ Ինչու լավագույն դեպքում, քանի որ կարծում եմ, որ նույնիսկ այդ նրանց չի հետաքրքրում, այլ օրվա անձնական շահը։
Եվ այս բոլորին բացարձակապես չի հետաքրքրում, որ իրենց նախկինում ասվածները հիշվում են, հրապարակվում։ Նրանք նույնիսկ չեն ուզում ընդունել, որ թերևս նախկինում սխալվել են, այ հիմա արդեն հասկացել են։ Չեն ընդունում, քանի որ զուտ անձնական շահի համար երեկ այնպես էր պետք, այսօր այսպես, վաղն էլ՝ կտեսնենք։
Կարդացեք նաև
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ