Հունիսի 17-ին լրացել է Տիգրան Պետրոսյանի 91-ամյակը: Աշխարհահռչակ շախմատիստի ծնունդը Շախմատի միջազգային ֆեդերացիան շնորհավորել է առցանց՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը։ Շնորհավորանքը Տիգրան Պետրոսյանի մասին 10 փաստ էր տեսանյութի տեսքով, որը հրապարակել է նաև FIDE–ի Ֆեյսբուքի էջը: Ահա դրանցից ամենահետաքրքիրները։
Աշխարհի չեմպիոնի կոչումը Պետրոսյանը ստացել է 1963–ին՝ հաղթելով Բոտվիննիկին ու բացի դրամական պարգևից նրան շնորհվել է նաև խորհրդային ԳԱԶ- 21 «Վոլգա» ավտոմեքենա։
Տիգրան Պետրոսյանը շախմատային տեսաբան և վերլուծաբան էր, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիրը և «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը: Շախմատիստի հոբբիներից էին ֆուտբոլն ու սեղանի թենիսը։
Շախմատիստի դասախոսությունները, որոնք նվիրված են շախմատային ռազմավարական նրբություններին, ռեպորտաժներ, հեռուստատեսային եւ ռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածները Newmag հրատարակչությունը ներկայացրել է «Գահերի խաղը» գրքում:
Կարդացեք նաև
«Գահերի խաղը» գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։ Կնոջ ջանքով հաջողվել է գտնել Պետրոսյանի դասախոսությունների ձայնագրությունները, որոնք համարվում են անվանի շախմատիստի ուսուցողական լավագույն նյութերը:
Տիգրան Պետրոսյանը հազվադեպ էր հարձակվում և ավելի շատ ջանք էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Համբերատարությունն ու լավ պաշտպանվելու վարպետությունը նրան դարձրել էին դժվար պարտվող շախմատիստ: Գրքում հավաքված են աշխարհի չեմպիոնի կարեւոր հոդվածները, պարտիաների մեկնաբանությունները, քայլերի համակարգումը, դասախոսությունները:
Լեգենդար շախմատիստի 14 դասերն ընդգրկում են շախմատային պարտիայի բոլոր փուլերը՝ գիրքը դարձնելով ինքնակատարելագործման հիանալի ձեռնարկ: Գրքի համար հատուկ նախաբան է գրել շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։