Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնիշխանության մարտահրավերները

Հունիս 20,2020 21:18

Մեր հպատակ թագավորների աղերսագրերը կարդալով պետականության պատրանք ենք փայփայել։

Վազգեն Սարգսյան

Հայաստանի նորանկախ հանրապետության արտաքին քաղաքականությունը և արտաքին քաղաքական գործունեության փիլիսոփայությունը 90-ականներից ի վեր մշտապես հիմնված է եղել երկու միմյանց տրամագծորեն հակադիր ու անտագոնիստական  մոտեցումների ու հայեցակարգերի վրա: Այն, ցավոք, միշտ «թափառել է» «արևմտամերժ ռուսահպատակության» և «ռուսատյաց ամերիկանիզմի» ծայրահեղ տիրութներում:

Այս գաղափարաբանությունն ու փիլիսոփայությունն, անշուշտ, ունեն իրենց պատմաքաղաքական նախադրյալները: Եվ դրանցից ամենահիմնականն այն, է, որ սեփական պետության, հետևապես ազգային պետական շահի մի քանի հարյուրամյա բացակայությունը չեն զարգացրել ինքնուրույն ազգային  քաղաքական միտքը` մինչև սեփական արտաքին քաղաքական փիլիսոփայություն ու դոկտրին: Փոխարենը դարեր շարունակ գտնվելով այս կամ այն կայսրության կազմում, հայ քաղաքական միտքը դասական պրովինցիալիզմին բնորոշ կերպով ձևավորվել և զարգացել է մետրոպոլիայի հանդեպ աներկբա ենթակայության ու կրավորականության տրամաբանության մեջ: Այս միտումը, ցավոք, շարունակվել և իր իներցիան պահպանել է նաև անկախ ու ինքնիշխան Հայաստանում: Աշխարհաքաղաքական բևեռները շատացել են, ենթակայական մտածողությունը` մնացել նույնը:

Նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքական կողմորոշումները չեն ձևավորվել ինքնուրույնաբար` իբրև պետության ազգային-պետական շահից բխող գործողությունների և գործունեության ամբողջություն: Դրանք մշտապես դետերմինացվել են գլոբալ գեոքաղաքական գործընթացներից ու հակադրություններից: Իբրև արդյունք` կապվել և կախվածության մեջ են դրվել այդ հակադրությունների բնույթից, աշխարհագրական ընդգրկվածությունից, խորությունից ու տևողությունից: Այդ կողմորոշումները որպես կանոն հանգել են արևմտամետ կամ ռուսամետ պարզ երկընտրանքների`ձևավորելով համապատասխան «քաղաքական միտք», գաղափարախոսություն, քաղաքական սուբյեկտներ և գործընթացներ:  Որպես արդյունք` դրանք հանդես են եկել ուժային այս, կամ այն բևեռին հարելու, դրանից ազդակներ (դաբրոներ, գնահատականներ, կարծիքներ, զեկույցներ) ստանալու, դրանց հիման վրա քաղաքականություն կառուցելու և զանազան քաղաքական նարատիվներով («օրհնված ռուսի ոտքից» մինչև «Ամերիկան մեզ չի թողնի, Ամերիկան մեր հետ է») իրենց գործունեությունը հիմնավորելու տրամաբանության մեջ:

Այս ամենն իհարկե սնուցվել և ամրապնդվել է տարբեր ժամանակների իշխանությունների քաղաքական, տնտեսական, անվտանգային ու ռազմավարական կախվածության հետևողական և պետականակործան քաղաքականությամբ, ինքնիշխանության թուլացմամբ, այլոց աշխարհաքաղաքական շահերին պետության ծառայեցմանն ուղղված գործունեությամբ:

Ցավն այն է, որ քաղաքական պրովինցիալիզմը շարունակվում է տեղ գտնել հասարակական-քաղաքական հարաբերությունների մշակույթում նույնիսկ հեղափոխությունից հետո: Հեղափոխությունը անհրաժեշտաբար փոխեց հայրենի քաղաքական էլիտայի մի փոքր մասը միայն: Ինքնիշխան մտածողությունը, ցավոք, դեռ որակապես չի արմատացել հայ քաղաքական մտքում, չի դարձել գործընթացների ու գործունեության առանցք, մեկնակետ:  Դրա վառ վկայությունը ներքաղաքական գործընթացների շարունակական գեներացումն ու զարգացումն են առավելապես դրսի ազդակներից, տարբեր «քաղաքական ուժերի» պարբերական և անընդհատ «հայացքն» ու «հաշվետվողականությունն» ուղղված է ոչ` հայաստանյան էլիտաներին ու ոչ` հայ ժողովրդին, այլ` դրսին:

Սա լրջագույն խնդիր է Հայաստանի քաղաքական համակարգի լիարժեք կայացման, դրա առողջացման, իրական, այլ ոչ` պսևդո քաղաքական գործընթացների սկզբնավորման և ընթացքի համար:

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է:

 

Սերոբ ԱՆՏԻՆՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ, ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930