Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ է իմ անունը հնչեցրել Արման Բաբաջանյանը. թող պատասխանեն հարցին, մնացածը լիրիկա է». Խոսրով Հարությունյան

Հունիս 20,2020 20:43

«Ընդհանրապես գնահատողական դատողության իրավիճակում ապացուցման բեռ չի կարող դրվել, քանի որ այսպիսի գնահատողական դատողությունն ապացուցման ենթակա չէ. չենք կարող ապացուցել մի բան, որը ենթակա չէ ապացուցման»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի փաստաբան Նորայր Նորիկյանը:

Հունիսի 18-ին տեղի ունեցավ Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական նիստը: Նորայր Նորիկյանը հանդես եկավ ծավալուն դիրքորոշմամբ: Հայցվոր կողմը խնդրեց դատական նիստը հետաձգել, որպեսզի ծանոթանան դիրքորոշմանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը դիմել է դատարան եւ խնդրում է դատարանին պարտավորեցնել Արման Բաբաջանյանին պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել, հրապարակային ներողություն խնդրել: Նորայր Նորիկյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Արման Բաբաջանյանի կողմից արված հրապարակման մեջ առկա է զրպարտանք և ուրեմն զրպարտություն, որը բացարձակապես նման տարր չի պարունակում:

Նա ասաց. «Խոսրով Հարությունյանը, եթե ինքն է հանգում հետևության, որը ինքը թալանով է զբաղված եղել, կներեք, մենք չենք կարող որևէ ձևով օգտակար լինել:Արման Բաբաջանյանն ուղղակի գնահատողական դատողության  համատեքստում տեսակետ է հայտնել, և Խոսրով Հարությունյանի անունը ընդհանրապես այդ համատեքստում է շրջանառվել: Եվ եթե այդ հրապարակման մեջ առկա է Խոսրով Հարությունյանի  անուն-ազգանունը այն համատեքստում, որ նա ՀԷԿ կառուցելու համար լիցենզիա ստանալու համար դիմում է ներկայացրել համապատասխան հանձաժողով, չեմ  կարծում, որ այդ հայտարարության մեջ Խոսրով Հարությունյանի անձը, բարի համբավն ու պատիվն արատավորող որևէ տարր կա»: Ըստ փաստաբանի՝ եթե գնանք այդ տրամաբանությամբ, ապա ժողովուրդը մեկը մյուսին դատի կտա իր անձի պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը ենթադրյալ արատավորելու համար. «Անգամ նրա անունը շրջանառելը կամ հիշատակելը ինչ-որ համատեքստում դեռ չի նշանակում, որ նրա անձն ու պատիվն արատավորվել են»:

Խոսելով նախկին համակարգի մասին՝ փաստաբանն ասաց. «Իսկ որ այդ տարիներին այդ համակարգում թալան եղել է, համարեք, որ ես եմ հենց հիմա պաշտոնապես հայտարարում, որ ՀՀ նախորդ տարիների ընթացքում պետական ապարատի տարբեր համակարգերում տեղի են ունեցել կոռուպցիոն բազմաթիվ դրվագներ, թալան և բարձրաստիճան բազմաթիվ նախկին պաշտոնյաներ զբաղված են եղել թալանով: Իսկ հիմա, եթե Խոսրով Հարությունյանը հանդիսացել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, եթե հիմա հանգում է հետևության՝ քանի որ ինքը նախկին բարձրաստիճան պաշտոնյա է եղել, հետևաբար զբաղված է եղել թալանով, դա իր ենթադրությունն է: Բայց Խոսրով Հարությունանի ենթադրությունների հիման վրա չի կարող մեկ ուրիշը պատասխանատվության ենթարկվել:

Խոսրով Հարությաւնյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ նախկինում պատասխանող կողմի դիրքորոշումը չի եղել գնահատողական դատողությունների մասին. «Մինչ այդ իրենք չէին խոսում դրա մասին, պնդում էին, թե ընդհանրապես չեն զրպարտել, հետևաբար հայցադիմումը ճիշտ չէ: Հիմա ասում են՝ մեր դիրքորոշումը եղել է գնահատողական, հետևաբար հղում կատարելով տարբեր նախադեպերի, ասում են՝ մենք կարող ենք ասել, որ հայցադիմումը չի համապատասխանում այն պահանջին, որին հետամուտ ենք եղել»:

Հիշեցրինք փաստաբանի այն դիրքորոշումը, թե գնահատողական դատողության իրավիճակում ապացուցման բեռ չի կարող դրվել ու հարցրինք՝ շարունակո՞ւմ է պնդել, որ պատասխանող կողմը պետք է ապացուցի, Խոսրով Հարությունյանը պատախանեց. «Իհարկե, պնդում եմ: Նախորդ նիստում մենք հստակ հարց տվեցինք՝ ինչո՞ւ է իմ անունը հնչեցրել Արման Բաբաջանյանը: Այդ հարցի պատասխանը մենք չունենք: Իրենք այդ հարցի պատասխանը պետք է բերեն, իսկ դա նշանակում է  ապացուցել: Հետևաբար, իհարկե, նրանք խուսափում են ապացույցների բաշխումից, քանի որ դա իրենց կդնի շատ բարդ իրավիճակի մեջ: Ինչո՞ւ է հնչեցրել իմ անունը՝ դատողություն, գնահատողականություն, դա լրիվ լիրիկա է»:

Նաև փոխանցեցինք  փաստաբանի պնդումը՝ Խոսրով Հարությունյանի ենթադրության հիման վրա չի կարող ուրիշը պատասխանատվության ենթարկվել, ՀՀ նախկին պատգամավորը արձագանքեց. «Մենք հաջորդ դատական նիստին կքննարկենք, կհասկանանք, թե Խոսրով Հարությունյանն է դատողություններ անո՞ւմ, թե՞ ինքն իր վստահորդի հետ միասին»:

Հիշեցնենք՝ 2019-ի ապրիլի 18-ին ԱԺ լիագումար նիստում, երբ ընտվում էր ՀԾԿՀ-ի նախագահ, թեկնածու Գարեգին Բաղրամյանին դիմելով՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասել է. «Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է արտոնագիր ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման համար եւ ակնհայտ է, որ այդ ոլորտներում  բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել: Եվ դա, ընդհանուր առմամբ, ձեր կրավորական հայացքի ներքո եւ մասնակցությամբ: Ընդհանրապես, այդ պաշտոնյաները, ա՛յ Աղվան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալների, երբ լիցենզիա էիք տալիս ՀԷԿ-եր  կառուցելու ու շարունակում են մնալ այդ մարդկանց  սեփականության տակ, որեւէ ձեւով փորձե՞լ եք դիմադրել, թույլ տալ չհամաձայնվել հանձնաժողովի որոշումների ընթացքում»:

Այս առիթով Խոսրով Հարությունյանն ասաց. «Առաջին նախադասության ամբողջ իմաստն այն է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ստացել են թույլտվություն ջրային ռեսուրսների օգտագործման և զբաղված են թալանով: Թալանն ըստ այս գաղափարի՝ վերաբերում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Ասում է՝ այ, օրինակ՝ այդ պաշտոնյաներից Աղվան Հովսեփյան, Խոսրով Հարությունյան, որոնք մինչ այժմ հանդիսանում են այդ ՀԷԿ-երի սեփականատերեր: Թող ասեն՝ այս տրամաբանության մեջ իմ անունն ինչո՞ւ է շոշափվում»:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ պատասխանող կողմից պահանջում է ներողություն խնդրել հրապարակավ զրպարտության և իր հեղինակությունը վարկաբեկելու համար:

Տեղեկացնենք՝ այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին՝ ժամը 15.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930