Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը շարունակում է հայ փախստականների մի շարք իրավունքների խախտումները. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

Հունիս 20,2020 18:26

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 20-ին հայտարարություն  է տարածել փախստականների միջազգային օրվա առթիվ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«1988թ.-ից ի վեր ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության (ցեղասպանական գործողությունների) և ադրբեջանա-ղարաբաղյան 1991-1994թթ. պատերազմի հետևանքով հարյուր հազարավոր (ըստ որոշ փորձագիտական գնահատականների՝ գրեթե 500,000) հայեր դարձել են փախստական կամ ներքին տեղահանված: Նրանք ենթարկվել են կոտորածների, բռնաճնշումների, հայրենազրկման, սեփականազրկման ու այլ զրկանքների միայն էթնիկ պատկանելիության պատճառով:

Նրանց հիմնական մասը սկզբում հանգրվանել էր Արցախի և Հայաստանի Հանրապետություններում, սակայն պատերազմի ընթացքում մի մասը Ադրբեջանի կողմից ենթարկվեց կրկնակի թիրախավորման՝ կրելով լրացուցիչ զրկանքներ: Արդյունքում շատերը արտագաղթեցին այլ երկրներ, իսկ ովքեր մնացին Արցախի Հանրապետությունում, աստիճանաբար ինտեգրվեցին տեղի հասարակությանը՝ դառնալով ԱՀ լիիրավ քաղաքացիներ:

Ցավոք, ո՛չ էթնիկ զտման, ո՛չ էլ դրա հետևանքների վերացման ընթացքում հայ (հատկապես՝ արցախաբնակ) փախստականներն ու ներքին տեղահանվածները չեն ստացել միջազգային որևէ լուրջ մարդասիրական ու իրավաքաղաքական աջակցություն՝ ի տարբերություն ադրբեջանցի փախստականների: Ավելին, հաճախակի նկատելի են կողմնակալ միջազգային հայտարարություններ, որոնք հակամարտության կարգավորման գործընթացում արհեստական առավելություն են տալիս ադրբեջանցի փախստականներին՝ անտեսելով հայ փախստականների իրավունքներն ու կարիքները: Եվ դա այն պարագայում, որ առ այսօր նրանց մի շարք իրավունքներ շարունակաբար մնում են խախտված Ադրբեջանի կողմից, իսկ իրենց բնակության վայրերում շատերը դեռևս ունեն սուր արտահայտված սոցիալական կարիքներ:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը շեշտադրում է, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և ցանկացած խտրականություն, ներառյալ՝ տարածքի իրավական, քաղաքական ու միջազգային կարգավիճակի հիմքով, խիստ դատապարտելի է: Հակամարտության կարգավորման գործընթացում բոլոր կողմերի իրավունքները, կարիքներն ու շահերը պետք է հաշվի առնվեն առանց կողմնակալության, իսկ մարդկության դեմ հանցագործությունների կատարողները պետք է ենթարկվեն պատշաճ պատասխանատվության:

Պաշտպանը նաև ընդգծում է, որ չնայած միջազգային մեկուսացման ու անտեսման, Արցախի Հանրապետությունը սեփական ջանքերով ու միջոցներով նշանակալի աշխատանք է կատարել փախստական ու ներքին տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Այնուամենայնիվ, առ այսօր որոշ ընտանիքների համար դեռևս օրախնդիր է հատկապես բնակարանային պայմանների բարելավումը, և պետությունը պետք է շարունակի ջանքերն իր ստանձնած պարտավորությունների լրիվ ու պատշաճ կատարման ուղղությամբ:

ԱՀ-ում բնակվող փախստական ու ներքին տեղահանված անձանց իրավունքներն ու կարիքները եղել և լինելու են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո՝ և՛ ներքին, և՛ արտաքին առումներով»:

ԱՐՑԱԽԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930