Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ, Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխությունն իշխանությանը չի անհանգստացնում». Ալեն Սիմոնյան

Հունիս 20,2020 16:09

«Հնարավոր է՝ հաջորդ շաբաթ նաև արտահերթ խորհրդարանական նիստ ունենանք»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա չբացառեց՝ հնարավոր է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը լինի օրակարգում:

Լրագրողները հետարքրքվեցին՝ ինչո՞ւ է կտորից դիմակ կրում, Արսեն Թորոսյանն այլ բան էր ասել, Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ նախարարի ասածներին հստակ հետևում է. այլ դիմակով է եղել, երեք ժամն անցել է, դրա համար է փոխել, հիմա կգնա մեքենայի մեջ նորից կփոխի դիմակը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նախարար Հակոբ Արշակյանն ի՞նչ էր անում հանդիպմանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ նա ՔՊ վարչության անդամ է և ինչո՞ւ չպետք է մասնակցեր:

Հարցին՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկվե՞լ է այսօրվա հանդիպմանը, քանի որ առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու շրջանառվեց նախագիծը, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ երկուշաբթի-երեքշաբթի կլինի կարծիքը, և քննարկումների փուլում կլինի այդ կարծիքը»:

Դիտարկմանը՝ առաջարկվող տարբերակում Հրայր Թովմասյանը կշարունակի դատավորի պաշտոնում լինել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ հորդորելով չշտապել:

Հարցին՝ իշխանությանն անհանգստացնո՞ւմ է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխվել է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, չի անհանգստացնում: Ինչո՞ւ պետք է անհանգստացնի: Անհանգստացնում է մարդկանց զայրույթը, այն ընկալումը, որ ինչ-որ մեկին բռնել եք, մյուսին բաց եք թողում: Մենք դատարանի վճռի մասին իմանում ենք բոլորի հետ միասին: Որևէ մեկին չենք բռնում ու բաց չենք թողնում: Դա քաղաքական որոշում չի եղել ու չի էլ կարող լինել: Իրավական գործընթացը շարունակվում է: Էլի են եղել դեպքեր, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ են արձակել, հետո փոխվել է խափանման միջոցը»:

Արձագանքելով լրագրողների այն հիշեցմանը, թե քաղաքական տարբեր ուժեր են համախմբվում, Ալեն Սիմոնյանը հեգնանքով ասաց, որ այդ ընդդիմադիր ճակատը ձևավորում են տարբեր երկրների ներկայացուցիչներ, իսկ մարդիկ ժամանակը կգա, իրենց խոսքը կասեն նրանց մասին:

Վարչապետի՝ Մոսկվա չմեկնելու հետ կապված Ալեն Սիմոնյանն ասաց, որ այս խնդիրը բոլոր երկրների ղեկավարների մոտ առաջանում է: Վարչապետի՝ կորոնավիրուսի թեստ օդանավակայանում հանձնելու մասին Ալեն Սիմոնյանն ասաց, որ տեղյակ չէ: Միայն փոխանցեց, որ դա որևէ ձևով առիթ կամ պատճառ չէր կարող հանդիսանալ չմեկնելու:

Հարցին՝ որտե՞ղ են քարոզարշավի համար հավաքված գումարները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հավաքված են հիմնադրամում, եթե տեղի չունենա հանրաքվեն, դրանք ըստ օրենքի կփոխանցվեն պետբյուջե կամ չգիտեմ ինչ գործընթաց է»:

Լրագրողները փաստեցին՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացների ֆոնին հարցնում են, թե բա ինչո՞ւ մյուս ընտրակեղծարարներին չեն պատժում. օրինակ՝ մուրաբա բաժանողներին, կամ արդյոք իշխանությունը կաշկանդվածություն ունի՞  ՀՀԿ-ի ժամանակ տարբեր ընտրախախտումների հետ կապվող Սամվել Ալեքսանյանին պատասխանատվության ենթարկելու հարցում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հերթով բոլոր այդ դեպքերին անդրադարձ կատարվելու է: Դուք բոլորդ գիտեք, որ մեր իշխանության ներկայացուցչի հետ կապված քրեական գործի շրջանակներում է ի հայտ եկել մի հաշվետվություն, որի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Ում հետ կապված ինչ գործ ի հայտ է գալիս, դրանք համապատասխան ընթացք են ստանում: Որևէ մեկի հետ կապված մենք որևէ կաշկանդվածություն չունենք: Եթե ՀՀ երկրորդ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի հետ կապված օրենքով ենք գնում, ինչո՞ւ մեկ նախկին պատգամավորի հետ կապված կարող է մտահոգություն լինել, կամ փեսաների, օլիգարխների հետ կապված: Եթե չկա այս պահին, դա չի նշանակում, որ որևէ մեկի հետ կապված չի լինելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930